Ստարտափ Հայաստան

Շորժայի ափին կամ ականջին «քար արեք»․ «Ստարտափ Հայաստան»

Սիրանը ժամերով կարող է նստել Շորժայի ափին, քայլել մոտակայքում ու զբաղվել իր սիրելի գործով։ Ամսվա մեջ մի քանի անգամ գնում է արդեն հարազատ դարձած ափն ու սեփական բիզնեսի համար հումք հավաքում։

Սիրանը մի օր պատահական հասկացավ, որ իր մասնագիտությունը՝ արդյունաբերական դիզայնը, ինչ-որ հետաքրքիր գաղափարներ է տալիս իրեն, որոնք իրագործելու համար շատ բան պետք չէ։ Պետք է լսել սրտին, վստահել կանխազգացմանը և շարժվել դեպի Սևանա լիճ։

Սիրանը բիզնես սկսելու մասին չի էլ մտածել։ Ականջօղերը պատրաստել է ընկերների ու հարազատների համար։ Հերթական մի օր, երբ ընկերներից մեկը խնդրել է նոր ականջօղ պատրաստել, մտքում արագ ինչ-որ բիզնես ծրագրեր են գծագրվել ու կյանքի կոչվել։


Քարերի հավաքման ընթացքն ամենահետաքրքիրներից է։ Սիրանը լիճ կամ հայրիկի հետ է գնում, կամ էլ ընկերների։ Քարերն ընտրելիս մտովի պատկերացնում է, թե պատվիրատուն ի՞նչ հագուստի հետ կկրի ականջօղը, ի՞նչ դիմագծերով կնոջ կսազի քարի հենց այդ ձևը, ի՞նչ գույների հետ կհամադրի։

Զրույցի ընթացքում ամենահետքրքրող հարցը թերևս այն էր, թե ինչպե՞ս է կարողանում նույն քարից երկու հատ գտնել։ Չէ՞ որ ականջօղի համար քարերը պետք է նմանատիպ լինեն։

Սիրանն ընտրել է ամենաօրիգինալ տարբերակը։ Քանի որ դժվար է նույն քարից երկու հատ գտնել, որոշել է, որ քարերը տարբեր կլինեն ու հենց այդպես իր բիզնես գաղափարը կառանձնանա շուկայում։ Բայց և այնպես, երբ գտնում է միանման քարեր, մտածում է, որ բախտը բերել է։

Քարերը հավաքելուց հետո որոշակի մշակման է ենթարկում։ Քանի որ Շորժայի քարերը այսպես թե այնպես գեղեցիկ են, շատ փոփոխություններ չի անում, հարկ եղած դեպքում միայն մի փոքր փայլեցնում է ու վերջ։

Սիրանն իր փոքրիկ բիզնեսում ներդրումների մասին խոսելիս շեշտում է, որ եթե որոշ բաներ ինքը կարողանար ձեռքով պատրաստել, հաստատ ֆինանսական ներդրում էլ չէր անի։

Շատ է մտածել այլ լճերից էլ, այլ ափերից էլ քարեր հավաքելու մասին, բայց քանի որ բիզնես գաղափարը զարգացրել է հենց Շորժայի քարերով, որոշել է կենտրոնանալ հենց այդ ափի վրա։

Սիրանն ինքն է զբաղվում բիզնես էջերի կառավարմամբ։ Ականջօղերը ներկայացնող մոդելներին ինքն է ընտրում, ասում է, որ գուցե փողոցում քայլելիս տեսնի մի աղջկա, որի դիմագծերը հարմար կլինեն իր պատրաստած ականջօղերին, կմոտենա ու կառաջարկի նկարել։

Ականջօղերի արժեքների հարցում մինչև օրս տատանվում է, վստահ է, որ ամեն ինչ անելու է, որ մեր Սևանա լճի քարերը բարձր գնահատվեն… ոչ միայն գնով, այլեւ՝ վերաբերմունքով:

Եթե հայտնվեք Շորժայում, ուշադիր եղեք, գուցե հենց այդ պահին հանդիպեք Սևանա լճի քարերը քաղաք բերող Սիրանին։

Back to top button