ԿարևորՀասարակություն

Երկու հարսանիք ու վերաբացված թանգարան. Ասկերանի Ծաղկաշատն սկսում է ապրել

Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում գրեթե ամեն ընտանիք հայրենիքի համար զոհված որդի ու պատերազմից վերքեր ունի՝ դեռ թարմ ու ծանր։ Բայց գյուղն ապրում է։

Պատերազմից այս կողմ՝ թշնամու դրոշների ու նշանառության տակ, Ծաղկաշատում արդեն 2 հարսանիք են արել։ Բնակիչներից Մարիամ Սողոմոնյանն ասում է՝ անսովոր էր, առանց ավանդական հանդիսությունների․ «Շատ կներեք․․․ մեռելի նման, էնենց, մենակ հարսի շորը հագած եկել են, հացը կերել են, գնացել։ Հարսանիք է կոչվում․․․»

300 տարուց ավելի՝ Մարիամի նախնիներն ապրել են Ծաղկաշատում։ Գյուղի պատմությունը նա լավ գիտի։ Ասում է՝ սովետի տարիներին բնակիչների թիվը  մոտ էր հազարի․ «Հիմիկվա դրությամբ ապրում է 150 մարդ՝  մի 40 ընտանիք։ Բայց մինչև Հայրենական պատերազմն ու 70-ականները 800 հոգուց ավելի են ապրել, շատ մեծ գյուղ էր, ուներ թելի մշակման գործարան»։

Պատերազմի առաջին օրերից բնակիչների մեծ մասը, անվտանգության նկատառումներով, դուրս է եկել գյուղից։ Մարիամը երեք երեխաներին, փոքրը՝ 2 ամսական, հարևանների հետ ուղարկել է Երևան՝ ընկերուհու մոտ։ Հիշում է․ «Ես մնացել եմ մինչև հոկտեմբերի 5-ը։ Դե, ամուսինս զինվորական է, ախպերս, մամաս սաղ ըստեղ էին, ու՞ր թողնեի գնայի։ Հետո՝ ամուսինս եկավ, ասաց՝ «գնա, գոնե դու ողջ մնաս»։

Ծաղկաշատի տներում լույսերը նորից վառվեցին նոյեմբերի 20-ից հետո։ Գյուղից դուրս եկած 40 ընտանիքը վերադարձավ։ 15 ընտանիք էլ եկել է հարևան գյուղերից, որոնք այսօր Ադրբեջանի վերհսկողության տակ են։ Լենա Բաղդասարյանը Ակնաղբյուրից է եկել Ծաղկաշատ։ Պատերազմից հետո կենցաղային խնդիրներն այստեղ բազմապատկվել են․

«3 օրը մեկ՝ 10 րոպե ջուր ենք ունենում։ Ամեն ընտանիք։ Դե, հաշվեք։ Իմ տանը, իմ ընտանիքի հետ միասին 2 տարհանված ընտանիք էլ ունենք։ 3 օրը մեկ՝ 10 րոպե ջուր 3 ընտանիքի ի՞նչ անենք, խմե՞նք, այգի՞ անենք, կենդանի՞ պահենք․․․»

Լենա տատն իմացել է, որ Ակնաղբյուրում մնացած իր շեն օջախը, նաև գյուղի մյուս տները, ադրբեջանցիները կրակի են տվել։ Դառը լուրից սիրտը քարացել է, հայացքը՝ դարձել անտարբեր։ Ծաղկաշատում դժվար են ապրում՝ օգնության սպասելով․ «Դե, օգնություն են տալիս, յոլա ենք քինում»։

Ծաղկաշատում պատմամշակութային հուշարձանները շատ են։ Կար ժամանակ, որ գյուղ եկողներն էլ էին շատ։ Գալիս էին՝ տեսնելու կոթողները, որոնք թվագրվում են Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակից մինչև 19-րդ դար։ Նաև Նիկոլ Դումանի տուն-թանգարան էին այցելում։ Թանգարանն, ի դեպ, ապրիլի 15–ից նորից բացել է դռները։

Back to top button