ԿարևորՀասարակություն

Հնդկական օվկիանոսը Եվրոպային կապող ճանապարհը՝ Հայաստանով․ Իրանը լուրջ է տրամադրված

Արցախյան պատերազմից հետո Իրանը փորձում է վերականգնել տարածաշրջանում խախտված ուժային բալանսը և ուժեղացնել Հայաստանի դերը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել էՀայ-իրանական ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր Պույա Հոսեյնին։ Իրանցի փորձագետն այս համատեքստում է դիտարկել Պարսից ծոցը  Սև ծովին  կապել նախատեսող տրանսպորտային միջանցքի ուղղությունը փոխելու և այն  Հայաստանով  նախագծելու հեռանկարը։ Մտադրությունը, ըստ Հոսեյնիի, Իրանի քաղաքական վերնախավի ներքին որոշումն է՝ ձևավորված 44–օրյա պատերազմից հետո։ Այս տեսակետը կիսում են նաև հայ փորձագետները։

Հայաստանով անցնող ճանապարհային երկու նախագիծ է քննարկվում

Հնդկաստանը կարող է Հայաստանը դիտարկել որպես տրանսպորտային դարպաս դեպի Ռուսաստան և Եվրոպա՝ նշել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալի հետ հանդիպման ժամանակ։ Քննարկման առանցքում  «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին առնչվող  ընթացիկ հարցերն էին:  Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը ծրագրի իրագործման ներկա փուլի վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնել «Ռադիոլուրին»․

«Ընդհանուր ծրագիրը բաժանված է մի քանի փուլերի՝ տրանշների։ Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչների հետ հիմնական քննարկումը վերաբերում էր հարավային հատվածին, որով նախագծահաշվարկային աշխատանքներ են ընթանում։ Քննարկվում էր այդ հատվածի շինարարությանը հնդկական կողմի ներգրավման հարցը։ Առաջիկայում նախատեսվում է տրանշ 2–ի ՝ Աշտարակ–Թալին ճանապարհային հատվածի վերականգնման մրցույթի վերահայտարարություն, որում եւս հնարավոր է նրանց մասնակցությունը»։

Ի՞նչ երթուղով է անցնելու Հնդկական օվկիանոսը Եվրոպային կապող ճանապարհը

Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրայը մարտին հայտարարեց, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը։ Հնդկաստանն այսօր Սկանդինավյան երկրների հետ կապվում է Սուեզի ջրանցքով։ Քարտեզագիր Շահեն Շահինյանը հիշեցնում է, որ  միջազգային ճանապարհի շուրջ քննարկումներն ավելի ակտիվացան Սուեզի ջրանցքի վերջին խցանումից հետո։ Քարտեզային լեզվով է նկարագրում, թե ինչ  երթուղով անցնում Հնդկաստանը Եվրոպային կապող գործող ճանապարհը և ինչպիսին է լինելու նորը։

«Եթե Հնդկաստանը փորձի ցամաքով ապրանքներ առաքել Եվրոպա, ապա պետք է անցնի Պակիստանով,  որի  հետ թշնամական հարաբերություններ ունի։ Հնդկաստանից Եվրոպա առևտրային հիմնական ճանապարհը Սուեզի ջրանցքով ծովային ճանապարհն է՝ շրջանցելով Արաբական թերակղզին եւ Կարմիր ծովով նավարկելով։ Իսկ նախագծվող ճանապարհը կլինի ավելի կարճ։ Հայերիս համար ցանկալի է, որ նավով ապրանքները Հնդկական օվկիանոսով հասնեն Պարսից ծոց՝ Իրանի նավահանգիստ, այնուհետեւ  երկաթգծով կամ ավտոտրանսպորտով տեղափոխվեն հայ–իրանական սահման, հետո  Մեղրիով ու Հայաստանի ամբողջ երկայնքով տեղափոխվեն Վրաստան։ Հետո կա երկու ճանապարհ՝ կամ Վրաստանով բեռները կհասնեն դեպի Ռուսասատան ու Սկանդինավյան երկրներ, կամ էլ՝ Փոթի նավահանգստով կտեղափոխվեն  Սև ծովի առափնյա երկրներ՝ Ուկրաինա, Ռումինիա, այնտեղից  Լեհաստանով Սկանդինավյան երկրներ, որը ստացվում է համաեվրոպական Հյուսիս–հարավ ճանապարհ»։

Իրանը նախընտրում է  Հայաստանը

Այս  նախագծին զուգահեռ քննարկվում է ևս մեկը՝ Պարսից ծոցը Սև ծովին կապող  ցամաքային երթուղին:  Ըստ փորձագետների՝ տրանսպորտային այս ճանապարհը պետք է անցներ Ադրբեջանի տարածքով, սակայն իրանական կողմը որոշել է փոխել միջանցքի ուղղությունը։ Իրանագետները կարծում են, որ մտադրության փոփոխության հիմքում Պակիստանի գործոնն է․ արցախյան պատերազմի ընթացքում այս երկիրն անթաքույց աջակցությունն էր  հայտնում Ադրբեջանին։ Իրանագետ Վարդան Ոսկանյանն է մեկնաբանում։

«Մեր տարածաշրջանում պակիստանյան ակտիվությունը  44-օրյա պատերազմի ընթացքում անհանգստացրեց հնդկական կողմին, և դիրքորոշումների որոշակի փոփոխություններ նշմարվեցին։ Նախատեսվում էր, որ  Իրանից միջանցքը պետք է  անցներ Ադրբեջանով և միանար ՌԴ–ին։ Կա մի առանձնահատկություն Հայաստանը նույնպես պետք է ջանքեր գործադրի ծրագրի իրականացման համար»։

Նման մեգանախագծերը, ըստ իրանագետի, տնտեսականից բացի քաղաքական լուրջ բաղադրիչ ունեն։ «Առաջնային է աշխարհաքաղաքական շահը»,–ասում է Ոսկանյանը և զուգահեռներ տանում «լավագույն» օրինակ դարձած Կարս–Ախալքալաք երկաթգծի հետ, որի աշխարհաքաղաքական կարեւորությունը  թուրք–ադրբեջանական կողմի համար մի քանի անգամ ավելին է, քան տնտեսականը։ Կա՞ ռիսկ, որ շահերի բախման հետևանքով  ծրագիրը կյանքի չի կոչվի։ Պատասխանելով այս հարցին՝ Վարդան Ոսկանյանը նկատում է՝ իրանական քաղաքական վերնախավում որոշում կա հզորացնել Հայաստանը առկա գործիքակազմերով ։

«Պակիստանը սունիական պետություն է,  և Իրանին չի կարող չանհանգստացնել Թուրքիա–Պակիստան –Ադրբեջան առանցքի ստեղծումը։ Բացի դրանից՝  իրանցիների համար Հայաստանն ու  Հարավային Կովկասը ավելի են կարևորվել պատերազմից հետո, որը, ըստ էության, պատերազմ էր Իրանի դեմ։ Որոշում կա Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի գործարկմանը ներգրավել Հայաստանին, որը այլընտրանք է Բաքվի բռնապետի «Զանգեզուրի միջանցք» բարբաջանքներին։ Իրանցիներն ազդակներ են հղում,  որ իրենց կենսական շահերին դեմ է այդ թշնամական եզրաբանությունը։ Մյուս կողմից էլ՝ իրենք կողմ են նախիջևանյան երկաթուղու գործարկմանը։ Իսկ եթե շահագործվի նաեւ աբխազական երկաթուղին, ապա հետաքրքիր իրավիճակ կստացվի․ վիժեցնել Բաքվի միջոցով Հայաստանը Ռուսաստանի հետ կապելու երկաթուղային ծրագրի իրագործումը»։

Պարսից ծոց-Սև ծով ճանապարհը՝  գերկարևոր  Իրանի համար

Իրանական կողմը փորձագետների շուրթերով  պնդում է, որ այս միջանցքի գործարկման արդյունքում կաճի Եվրոպա-Ասիա առևտրաշրջանառության արագությունն ու արդյունավետությունը: Օրերս Հայաստանում էր Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարարության միջազգային միջանցքների վարչության գլխավոր տնօրեն Ամին Թարաֆոյի գլխավորած պատվիրակությանը։ «Ռադիոլուր»–ին նախագծի վերաբերյալ մանրամասներ հայտնի դարձան նաեւ Իրան-Հայաստան ռազամավարական համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր Պույա Հոսեյնիի հետ զրույցից: Ըստ նրա՝ միջանցքի գործարկումը շահավետ է տնտեսական արդյունավետության և անվտանգության առումով: Բացի դրանից՝ Թեհրանը մտածում է ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները մեղմելու մասին, նաև հեռահար նպատակներ ունի՝ այդ ճանապարհով նաև գազ արտահանել: Հոսեյնին հիշեցնում է նաեւ Իրանի ու Չինաստանի 25-ամյա գործակցության համաձայնագրի մասին, որով Պեկինը շուրջ 450 միլիարդ դոլարի ներդրումային պարտավորություն ունի՝ հիմնականում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներում, թեև համաձայնագիրն ավելի լայն ոլորտներ է ընդգրկում: Ըստ նրա՝ գրավիչ պայմանների շնորհիվ կբարձրանա Իրանի, Հարավային Կովկասի և Սև ծովի երկրների տրանզիտ դերը,  Հայաստանն էլ կունենա տնտեսական իր օգուտները։ Ինչո՞ւ փոխվեց ճանապարհի ուղղությունը՝ հարցին իրանցի փորձագետը նույն շեշտադրումով է պատասխանում:

«Արցախյան պատերազմից հետո Իրանը փորձում է տարածաշրջանում խախտված ուժային բալանսը վերականգնել և ուժեղացնել Հայաստանի դերը սա է որոշման փոփոխության հիմնական պատճառը»։

Ճանապարհի  տնտեսական անհրաժեշտությունը

Տնտեսագետների հաշվարկով՝  Սուեզի ջրանցքի վեցօրյա խցանումը համաշխարհային առևտրին  լուրջ վնասներ հասցրեց՝  օրական շուրջ  9,6 մլրդ դոլար։ Եթե Սուեզի ջրանցքը չբացվեր, Ասիայից նավերը Եվրոպա հասնելու համար ստիպված կլինեին  շրջանցել կամ Արևմտյան Աֆրիկան,  կամ Հյուսիսային ծովային երթուղով՝ Ռուսաստանը։ Սա ոչ միայն շատ ավելի թանկ կարժենար, կհետաձգեր ապրանքների առաքումը, կավելացներ տրանսպորտային ծախսերը, այլև կհանգեցներ բեռնարկղերի և բեռնարկղային նավերի պակասի։Սուեզի խցանումը, ըստ մասնագետների, փաստեց՝ այլընտրանքային ճանապարհն անհրաժեշտություն է։

Back to top button