ԿարևորՄշակույթ

Էրեբունի թանգարանի սեպագրերն արդեն հասանելի են բրայլյան այբուբենով

Տեսողական խնդիր ունենալն այլեւս չի խանգարի ծանոթանալ «Էրեբունի» արգելոց-թանգարանի նմուշներին․ ձեռագրերն ու սեպագիր արձանագրություններն արդեն հասանելի են նաեւ բրայլյան այբուբենով։ Թանգարանը նորություն ունի նաեւ լսողական խնդիրներ ունեցողների համար՝ «Ռադիոլուրին» տեղեկացրել է  «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

Դեռ ամիսներ առաջ թանգարանը դրամաշնորհ էր ստացել ԿԳՄՍ նախարարությունից՝ թանգարանային նմուշները տեսողական և լսողական խնդիրներ ունեցող քաղաքացիներին հասանելի դարձնելու համար։ Լսողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար պատրաստվել է 12 հոլովակ՝ հատուկ թարգմանությամբ, թանգարանային նմուշների նկարներով։ Հոլովակները հասանելի են թանգարանի յութուբյան էջում, աշնանը տեղադրված կլինեն նոր կայքում՝ ասում է Բադալյանն ու շարունակում՝

«Տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծել ենք շոշափելի ալբոմ, ինչպես նաև Էրեբունի թանգարանում պահվող 25 ցուցանմուշների կրկնօրինակներ, որոնց կից կան նաև բրայլի այբուբենով տեքստեր տվյալ ցուցանմուշի մասին: Շոշափելով կարող են կարդալ․ սեպագիրը  բրայլի այբուբենով է։ Օրինակ՝ ուղիղ մեծ սեպը նշանակում է տղամարդ, իսկ եթե դրա կողքին ավելացնենք փոքր սեպ՝ կստանանք «Ա» տառը։ Այսպիսով թանգարանի այցելուն կարող է սովորել նաև սեպագիր կարդալ»։

Տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիները ներկայում կարող են ներկա լինել «Կինը և նոր Արմավիրը» հնագիտական գանձերի ցուցադրությանը և տեսնել իրենց համար ժամանակին անտեսանելի ցուցանմուշները․

«Ցուցադրությանը հիմա և ուրարտական ապարանջաններ կան, և սափորներ, և շատ այլ իրեր։ Մեզ առհասարակ այս հարցերում շատ օգնել է Սիփան Ասատրյանը, որը նման խնդիրներ ունեցող անձանց հետ է աշխատում և ինքն էլ ունի տեսողական խնդիրներ։ Մենք հաշվի ենք առել նրանց կարծիքը՝ ցանկացած ցուցանմուշի դեպքում»,-ասում է Միքայել Բադալյանը։

Սիփան Ասատրյանը՝ մասնագիտությամբ ինֆլոմանկավարժ,  ունենալով տեսողական խնդիրներ, մեծապես կարեւորում է, որ  Հայաստանում թանգարանային որոշ ցուցանմուշներ արդեն հասանելի են իրենց։ Թանգարանի նոր կայքը ևս պետք է հասանելի լինի տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար՝ կարծում է Սիփան Ասատրյանը․

«Ես ներգրավված եմ եղել կայքի պատրաստմանը, աջակցել եմ թանգարանի աշխատակիցներին, խորհուրդ եմ տվել՝ ինչ ցուցանմուշներ ներառեն, ինչպես ցուցադրեն, որպեսզի տեսողական խնդիր ունեցող մարդու համար հնարավորինս հասանելի լինեն դրանք»,-նշում է թանգարանի տնօրենը։

Թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի տեղեկացմամբ՝ մայիսից «Էրեբունի» արգելոց-թանգարանը նախատեսում է կազմակերպել այցեր մարզեր՝ ցուցանմուշները տեսողական խնդիրներ ունեցող մարզաբնակ քաղաքացիներին ներկայացնելու համար։ Մշակութային արժեքները պետք է հասանելի լինեն մարզերի բնակիչներին՝ զրուցակցիս մոտեցումն է։  

Back to top button