ԿարևորՄշակույթ

Կրկեսի նոր շենքը՝ տարեվերջին․ կրկեսային նոր ռեժիսորներին թատերականն է պատրաստել

Երևանը կրկեսի նոր շենք կունենա արդեն տարվա վերջին։ 2020թ․ մարտահրավերները պարտադրել են փոխել շինաշխատանքների ժամանակացույցը։  Փոխարենը կրկեսային դերասանների զբաղվածության մեջ ու առօրյայում քիչ բան է փոխվել։ «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրեն Սոս Պետրոսյանը «Ռադիոլուրին» պատմել է՝ այս ընթացքում Թատերական ինստիտուտում կրկեսային ռեժիսուրայի բաժին է բացվել, իսկ երեխաների համար կրկեսին կից ստուդիա–դպրոցում ընդունելություն է։

Երևանի կրկեսի նոր շենքի կառուցման ավարտին սպասում են դեռ 2012թ. սեպտեմբերի 8-ից, երբ նորը կառուցելու համար պայթեցվեց կրկեսի հին շենքը։ «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրեն Սոս Պետրոսյանն ասում է՝ կրկեսի նոր շենքի բացման մասին իրեն հարցնում են ամեն օր ու ամենուր։

«Երբ տանից դուրս եմ գալիս, որ գնամ կրկես կամ ինստիտուտ, ամեն քայլափոխի ինձ հարցնում են․ «Պարոն Պետրոսյան, ե՞րբ է բացվելու կրկեսը»։  Ճիշտ է, գործընթացը մի քիչ երկարեց, բայց, շնորհիվ «Տաշիր գրուպի», մինչև տարվա վերջ, կարծում եմ, կբացվի կրկեսը, և մենք կունենանք շքեղ կրկես՝ իր բոլոր հնարավորություններով»,- պատմում է Սոս Պետրոսյանը։

Հին կրկեսը ժամանակակից չափորոշիչներից հեռու էր՝ ասում է Սոս Պետրոսյանը։ Նախկին շենքի բարձրությունը 18 մետր էր, և հնարավոր չէր ցուցադրել բարձրորակ ակրոբատիկ և այլ համարներ։ Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավարը վստահեցնում է՝ նոր կրկեսն իր հետ նոր ռիթմեր, նոր ծրագրեր ու նոր հնարավորություններ է բերելու։

«Շատերը մտածում են, որ եթե կրկեսը դեռ կառուցված չէ, ուրեմն մենք՝ կրկեսի գործիչներս, նստած սպասում ենք։ Կրկեսում նման բան չկա․․․ բոլորը զբաղված են, բոլորը հյուրախաղերի են։ Մեր դերասաններից ոչ ոք հիմա պարապ չէ։ Կրկեսը հյուրախաղային կազմակերպություն է։ Նույնիսկ մեծն Ենգիբարյանը Երևան հյուրախաղերով եկել է 3 անգամ 1-ական ամսով․ նա միշտ եղել է հյուրախաղերի»,– ասում է կրկեսի գեղարվեստական ղեկավարը։

Կրկեսի շենք չունենալու շուրջ տասը տարվա ընթացքում կրկեսային դերասանները ՀՀ և Արցախի տարբեր շրջաններում բարեգործական համերգներ են ունեցել։ Նոր որակի կրկես ունենալուն ընդառաջ՝ այս ընթացքում նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Կրկեսային ռեժիսուրա» կուրսն է բացվել․ նախաձեռնությունը Սոս Պետրոսյանինն էր։ Այս տարի ինստիտուտը կավարտեն արդեն առաջին կրկեսային ռեժիսորները։

«Առաջիններից մեկն էլ իմ թոռնիկն է՝ Հրաչ Պետրոսյանը։ Երեկ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Հրաչը ներկայացրեց իր՝ «Կրկեսը վառում է լույսերը» վերնագրով դիպլոմային աշխատանք–ներկայացումը։ Անկախ նրանից, որ իմ թոռնիկն է, ես կասեմ, որ շքեղ ներկայացում էր բեմադրվել»։

Կրկեսային բարդ արվեստը առաջին հերթին գրավում է երեխաներին, նույնիսկ նրանց, ովքեր կրկեսի հին շենքը չեն տեսել ու այնտեղ ներկայացումներ չեն դիտել։ Սա հաշվի առնելով՝ նոր նախաձեռնություն կա նաև հատուկ երեխաների համար․ Լեոնիդ Ենգիբարյանի անվան՝  կրկեսին կից ստուդիա–դպրոցում լայնամասշտաբ ընդունելություն է կատարվում։

«Մեր ստուդիայում ուսումն անվճար է և կրկեսային արվեստի բոլոր ժանրերը սովորեցնում ենք՝ ակրոբատիկա, մարմնամարզություն, ծաղրածուական արվեստ։ Մենք ընտրել ենք լավագույն սաներին, և նրանք ելույթ կունենան նաև կրկեսի բացմանը»,– մանրամասնում է «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրեն Սոս Պետրոսյանը։

Նոր կրկեսի բացման արարողության սցենարը գրվում է հին շենքը քանդելու օրվանից։ Դեռ միանշանակ չէ՝ սցենարիստները, ռեժիսորներն ինչքան ժամանակ ունեն սցենարն ավարտին հասցնելու համար, բայց կրկեսի գեղարվեստական ղեկավարը վստահ է՝ երկար սպասված բացմանը հյուրեր ու մասնակիցներ կլինեն ողջ աշխարհից։

«Մի քիչ էլ համբերություն ու մեր շքեղ կրկեսում տեղի կունենա բացումը»,– ասում է Սոս Պետրոսյանը։

Կրկեսի նոր շենքը, արդի շքեղ ու արդի լինելուց զատ, թույլ կտա յուրահատուկ շոուներ անցկացնել՝ կրկես սառույցի վրա, կրկես՝ ջրի մեջ և այլն։ Դրանց կարող ենք սպասել արդեն մի քանի ամիս անց։

Back to top button