ԿարևորՎերլուծական

Եղե՞լ է լրտեսություն, թե՞ ոչ․ դատախազությունն ուսումնասիրություն է սկսել

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթինգի շուրջ աղմուկը չմարած՝ երեկ հայտնի դարձան տեղեկություններ հնարավոր լրտեսության մեկ այլ դեպքի մասին: Արցախում աշխատող Բրիտանական «HALO Trust»-ը թուրքերին է փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը:

Բրիտանական «HALO Trust» ընկերությունն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով՝ ականազերծմամբ։ Կազմակերպությունը հիմնադրել է բրիտանական խորհրդարանի անդամ և բրիտանական բանակի նախկին գնդապետ Քոլին Քէմբլ Միթչելը՝ 1988 թվին։

Մարտի 11-ին այս կազմակերպության մասին սկանդալային հայտարարություն էր արել Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝  հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ «HALO Trust» ընկերությունը, որն աշխատում էր բրիտանական բարեգործական կազմակերպության անվան տակ ու զբաղվում էր ականների չեզոքացմամբ, Արցախում աշխատելու ընթացքում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։

«Բրիտանական «HALO Trust» ընկերությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները»,- ասված է հայտարարության մեջ։

Ավագյանը նաև շեշտել էր, որ այդ քարտեզով թշնամին կարողացել է պատերազմի ժամանակ բարեհաջող անցնել ականապատված տարածքներով։ Ըստ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի՝ վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այդ ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում։

Սա՝ երեկ, իսկ այսօր, պարզվում է՝ Բորիս Ավագյանը Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունները ներկայացնում է հասարակական հիմունքներով, և նրա հայտարարությունը չի արտահայտում նախագահի տեսակետը:  

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-ին ասել է. «Արցախի Հանրապետության նախագահի հասարակական հիմունքներով ներկայացուցիչ  Բորիս Ավագյանը չի արտահայտել Արցախի Հանրապետության նախագահի տեսակետը: Բորիս Ավագյանն այդպիսի լիազորություն չունի:  Նշեմ նաև, որ անձնական տեսակետն արտահայտելու  հարցում  Ավագյանը կաշկանդված չէ: «HALO Trust» կազմակերպությունը երկար տարիներ աշխատել է Արցախում և առայսօր շարունակում է իր գործունեությունը»։

Ավելի վաղ տարածված լուրերը հերքել էր «HALO Trust» ընկերությունը։ Հայտարարել էր. ««HALO Trust»-ը տեղյակ է այն պնդմանը,  որ այն 2020 թ.-ի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում «HALO Trust»-ը աշխատել է Ղարաբաղում’ տեղական բնակչության կյանքը անվտանգ դարձնելու համար։ «HALO Trust»-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակապես սուտ է»։

ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կասկածում է, թե Հայաստանի իշխանությունը կամ Արցախի նախագահը չեն իմացել, որ «HALO Trust» կազմակերպությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը։ Facebook–ի իր էջում Զոհրաբյանը գրել էր.

«Հայաստանում և Արցախում ակտիվացան արևմտյան լրտեսական ցանցերը։ Արտաքին լրտեսների հետ միասին տեղական նշանակության լրտեսները թուլացրեցին մեր երկու հայկական պետությունների իմունիտետը»։

«HALO Trust» շուրջ այս աղմուկին նախորդել էր լրտեսության ևս մեկ պատմություն. մամուլը գրել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթինգի` հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի լրտեսություն կատարելու մասին: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ռադիոլուր»-ին ասել է, որ  հնարավոր լրտեսության մասին երկու դեպքերի վերաբերյալ հրապարակումները իրականացվող մոնիտորինգի շրջանակում արձանագրվել են դատախազությունում և դարձել ուսումնասիրության առարկա:

«Արդյունքում՝ հրապարակումներից մեկն արդեն իսկ ուղարկվել է ԱԱԾ՝ դրանով ստուգողական գործողություններ իրականացնելու, հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը լուծելու նպատակով։Մյուսը՝ խոսքը վերաբերում է ականապատված դաշտերի վերաբերյալ քարտեզները տրամադրելու հնարավոր դեպքին, ամենայն հավանականությամբ, նույնպես կուղարկվի ԱԱԾ՝ ստուգողական գործողություններ կատարելու, համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու և հանգամանքները պարզելու նպատակով»։

Ըստ այդմ կորոշում՝ քրեական նյութեր նախապատրաստելու եւ քրեադատավարական կարգով քննություն իրականացնելու հիմքեր կան, թե՞ ոչ։

Back to top button