ԿարևորՀասարակություն

Պետությունը կաջակցի զոհված զինվորների ծնողներին․ «ԷԿՈ»-ի շահառուների ցանկն ընդլայնվել է

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու շահառուների ցանկն ընդլայնվել է։ Զինծառայողներից,  զինծառայողներին հավասարեցված անձանցից,  ընտանեկան նպաստի համակարգում 8 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքներից, հաշմանդամություն ունեցող զույգերից, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներից  բացի՝ պետական օժանդակությամբ  արհեստական բեղմնավորման (ԷԿՈ) ճանապարհով  երեխա ունենալու համար կարող են դիմել նաև Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում որդի կորցրած և նորից մայրանալու ցանկություն ունեցող  մայրերը։  

Կառավարությունը հաստատել է առողջապահության նախարարության նախագիծը։ Հաշվի առնելով  պատերազմից հետո  որդեկորույս  ծնողների  կրկին զավակ ունենալու ցանկությունը՝ շահառուների խմբում ավելացումներ են եղել՝ ասում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

«Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով  որդեկորույս ծնողները ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում կարող են օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից»,-նշել է նախարարը։

Եթե վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից օգտվող խմբերի նկատմամբ գործում են անզավակ լինելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման  մարմիններում գրանցված լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած  չլինելու  և այլ  սահմանափակումներ, ապա  Արցախյան  երկրորդ պատերազմի ընթացքում որդի կորցրած ծնողների  համար այս սահմանափակումները չեն գործի, «Ռադիոլուրին» հայտնել է ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման  վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Փաշայանը և  ընդգծել՝  նոր շահառուների նկատմամբ որևէ սահմանափակում չի գործի։

Այս խմբում ընդգրկված մայրերը կարող են դիմել  վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով  բուժօգնություն մատուցող «Աստղիկ», «Շենգավիթ»,  «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության, Մոր ու մանկան առողջության պահպանման  կենտրոններ և Վերարտադրողական առողջության  պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական  ինստիտուտ։

«Նոր շահառուները կարող են միանգամից դիմել բուժհաստատություններ և ստանալ բուժօգնություն»։

Առողջապահական գերատեսչության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  Հայաստանում անպտղության ցուցանիշերը մտահոգիչ են՝ երեխա ունենալու ցանկություն ունեցող զույգերի 14.9 տոկոսն անպտղության  խնդիր ունի։ Իսկ 15 տոկոսից բարձր  ցուցանիշն արդեն համարվում է  ճգնաժամային։ Հենց այս վիճակագրությունը փոխելու համար է  2015 թվականից սկսվել  վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններին տրվող պետական աջակցության ծրագիրը։

Back to top button