ԿարևորՔաղաքական

«Իսկանդեր»-ի կրակոցը ռազմաքաղաքական դաշտում

«Իսկանդերը» «կրակեց» Արցախյան պատերազմի ավարտից գրեթե 3 ամիս անց և կիրառվեց ոչ թե ռազմի, այլ՝ ռազմաքաղաքական դաշտում։ Փաշինյան-Սարգսյան հեռակա բանավեճից հետո «Իսկանդեր»-ի կիրառման-չկիրառման թեման ներքաղաքական քննարկումների ու շահարկումների առանցքում է։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի դիտարկմանը, թե 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ի ժամանակին չի օգտագործվել, Փաշինյանը նկատել էր, թե  Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»: «Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդեր»-ը չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10 տոկոսով», — ասել էր վարչապետը:

Պաշտպանության նախարարությունը թեմային պաշտոնապես դեռ չի արձագանքել։ Թեման ուսումնասիրելու անհրաժեշտություն է տեսնում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Կարծում եմ՝ վարչապետի հնչեցրած այդ տեսակետը ուսումնասիրման կարիք ունի։ Որովհետև նույն Դավիթ Գալստյանն, օրինակ, ծանր հանցագործության մեջ է մեղադրվում, որ արկերը կարող է և կրակելուց արդյունքներ չապահովեին»։

Ուսումնասիրությունների և նոր հիմնավորումների են սպասում նաև Ռուսաստանում։ Մասնավորապես, նման  ակնկալիք ունի Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Շերինը՝ առաջարկելով ՀԱՊԿ-ի շրջանակում երկկողմ քննիչ հանձնաժողով ձևավորել և բացահայտել իրականությունը։  

«Իսկանդեր»-ի կիրառման և անգամ դրա ուղղության մասին խոսել են նախկին պաշտոնյաները։ Գործողները չեն հաստատում նախկինների պնդումները։ Վարչապետը «Իսկանդերի» մասին հարցը հեռակա ուղղել է Սերժ Սարգսյանին, իսկ Անդրանիկ Քոչարյանը նախկին պաշտոնյաների՝ զենքի կիրառմանն առնչվող պնդումներին  հակադարձում է․

«Երկուսն էլ Հայաստանի դեմ հայտարարություն են արել, որը սխալ է, սուտ է։ Կիրառման մասին ես չգիտեմ։ Ով այդպիսի բան է ասում,  երևի ավելի լավ գիտի և պետք է համապատասխան կառույցները մի հատ հարցնեն՝ որտեղի՞ց գիտի, թե  մենք որ ուղղությամբ ինչ ենք կիրառել։ Կամ Հայաստանը կիրառե՞լ է, թե՝ ոչ։ Շատ վտանգավոր հայտարարություն է արել Հայաստանը 10 տարի ղեկավարած Սերժ Սարգսյանը և նրա կառավարման ընթացքում զինվորական բարձր պաշտոն զբաղեցրած, գեներալ–գնդապետի ուսադիրներով Մովսես Հակոբյանը։ Նրանք գաղտնիություն կրող մարդիկ են դեռ տևական ժամանակ»։

«Իսկանդեր»-ի թեման վտանգավոր է համարում ռազմական փորձագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ նախագահ Կարեն Հովհաննիսյանը։ Հիմքերը մի քանիսն են։

«Այն ոչ միայն երկսայր է վտանգավոր։ Դե ֆակտո խոսում ենք այն զինատեսակի մասին, որը ՌԴ-ի «հպարտություններից» մեկն է։ Բոլորս գիտենք, որ թուրք-ադրբեջանական համատեղ պատերազմ էր, ՆԱՏՕ–ի «կանոններով» պատերազմ․ ըստ էության՝ մենք կռվել ենք ՆԱՏՕ–ի զորքերի դեմ։ Ստացվում է, որ ռուսական սպառազինությունը, զինտեխնիկան ՆԱՏՕ–ի դեմ, կարծես թե, ոչինչ են եղել։ Վտանգավոր է նաև այն առումով, որ «Իսկանդեր» կիրառվել է այն ուղղությունով, որը համարվում է բնակելի», – նշում է Հովհաննիսյանը։

«Իսկանդեր»-ի թեման այսօր մեծ արձագանք է ստացել ռուսական մամուլում։ Պաշտոնական Մոսկվան դեռ լուռ է, բայց հրապարակումները բազմաթիվ են։ Դրանցից մեկով առաջարկվել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները փոխանցել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի տնօրինությանը։ Առաջարկի հեղինակը ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն է։ Դեպքերի նման զարգացում չի բացառում նաև հայ ռազմական փորձագետը։

«Չի բացառվում, որ այո, «Իսկանդեր»-ը ՀՀ ԶՈՒ վերահսկողությունից դուրս գա և անցնի ՌԴ վերահսկողության ներքո այն պատճառաբանությամբ, որ եթե չենք կարողանում  այն օգտագործել, ապա այն կսպասարկեն իրենք»,-ասում է փորձագետը։

Այդուհանդերձ, ռազմական փորձագետը չի կարծում, որ «Իսկանդեր»-ը կարող է Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական լուրջ տարաձայնությունների առիթ դառնալ։ Ըստ նրա՝ տարածաշրջանային շահերը թույլ չեն տա, որ Ռուսաստանը «նեղանա» և հեռանա տարածաշրջանից։

Դեռ երեկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը խոսում էր պատերազմից հետո Հայաստանի ԶՈՒ-ի արդիականացման  հարցում Ռուսաստանի աջակցության մասին։ Առանց մանրամասնելու՝  այդ փաստը  հաստատում է նաև պաշտպանության և անվտանգության հարցերի խոհրդարանական հանձնաժողովի ղեկավարը։

Իսկ ընդհանրապես բանիմաց մարդիկ խորհուրդ են տալիս հանգիստ թողնել «Իսկանդեր»-ի թեման և զգույշ վարվել դրա հետ։

Back to top button