ԿարևորՏնտեսական

Պատրա՞ստ է փոքր ու միջին բիզնեսը վերադառնալ հարկային ակտիվ ռեժիմի

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մարտի 20–ից մինչև 1․5 մլն դրամ հարկային պարտավորություն ունեցող տնտեսվարողները պետք է հարկերը վճարեն։ Արտակարգ դրությամբ ու խիստ սահմանափակումներով  պայմանավորված՝   2020–ի ապրիլից փոքր ու միջին բիզնեսն  աշխատում էր հարկային «թեթև» ռեժիմով․ վճարում էին միայն եկամտային հարկ ու  դրոշմանիշային վճար։ 

Ռաֆթինգը կորոնավիրուսի հետ  պայքարում  մնաց  ջրի վրա,  պատերազմը, սակայն,  խեղդեց  Հայաստանում  առաջին քայլերն անող արկածային տուրիզմի այս տեսակը։

«Rafting in Armenia»-ի հիմնադիր Գևորգ Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում  է․ «Կարող ենք ասել, որ այս պահին ընդհանրապես գործ չկա։ Ծայրահեղ ծանր վիճակում  է բիզնեսը։ Զբոսաշրջության ոլորտը ընդհանրապես գործ չունի։ Նախկինում ներքին շուկայի վրա էինք աշխատում, այժմ դա էլ չկա։ Պատերազմը շատ ազդեց ոլորտի վրա»։

Գևորգը հիշում է երանելի ժամանակները, երբ զբոսաշրջիկների պակաս չկար, հարկային պարտավորություններն էլ   երբեմն մինչև 1 մլն դրամի էին հասնում։ Այսօր 12 աշխատողից մնացել են 2–ը, նրանց համար չի կարողանում անգամ ամսական հինգ հազար դրամ եկամտային հարկ վճարել։ Տուգանքներ չունեն, տույժեր՝ կան։

Մարտի 20–ից արդեն  մինչև 1․5 մլն դրամ հարկային պարտավորություն ունեցող տնտեսվարողները պետք է հարկերը վճարեն։

Արտակարգ դրությամբ ու  խիստ սահմանափակումներով պայմանավորված՝ մի շարք ոլորտներ՝  զբոսաշրջություն, հանրային սնունդ, ռեստորանային  բիզնես և այլն, 2020–ի ապրիլից ազատվել էին  հարկային պարտավորություններից։ ՊԵԿ իրավաբանական  վարչության պետ Արման Մնացականյանը մանրամասնում է․ «Առաջացած հարկային պարտավորությունները  վերաբերում են շուրջ 27 400 հարկ վճարողների, ընդհանուր գումարը կազմում է շուրջ 4,9 մլրդ դրամ»։

Պատրաստ է արդյո՞ք ՓՄՁ–ն սկսել հարկային պարտավորությունների կատարումը։ «Rafting in Armenia»-ի հիմնադիր Գևորգ Վարդանյանն ասում է՝ պատրաստ են վճարել, եթե աշխատեն։   

«Մենք դեռ անցյալ տարվա եռամսյակային վճարներն էլ չենք կատարել։ Այս տարի, երբ աշխատանքը սկսենք, այդ ժամանակ կվճարենք, քանի որ այժմ ի վիճակի չենք։ Միանշանակ դեռ վաղ է, այս պահին միայն մտածում ենք, թե ինչ անենք, որ բիզնեսը չփակվի, կարողանանք բիզնեսը պահել»։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում արձանագրում է՝ տնտեսվարողները ամբողջությամբ ծախսել են իրենց խնայողություններն, այժմ փակման եզրին են։  

«Ես չեմ կարծում, որ դաշտը պատրաստ է։ Եթե կա լուրջ  տնտեսական անկում, ապա տնային տնտեսությունները ծախսել են իրենց միջոցները և այժմ դրանք վերաստեղծելու խնդիր ունեն, որ տնտեսությունը կայունանա։  Ես հասկանում եմ, որ կառավարությունն ուզում է խնդիր լուծել ու լցնել բյուջեն»։

Ռիսկը մեծ է, որ փոքր ընկերությունները  կփակվեն , իսկ սա տրամաբանորեն իր հետ  աշխատատեղերի  կրճատման կհանգեցնի։

«Արդեն դրանից հետո կաճեն գործազրկությունը, արտագաղթը։ Մեկ տարվա բյուջեի խնդիր չպետք է դրվի։ Դա կարճաժամկետ լուծում է»։

ՊԵԿ տվյալների համաձայն՝  2020 թվականի սեպտեմբերին  Հայաստանում ավելի քան  635 հազար աշխատատեղ կար, մինչդեռ    նոյեմբերին թիվը  նվազել է՝ դառնալով 615 հազար։ Դեկտեմբերի տվյալները ամփոփված չեն։

Հրանտ Միքայելյանի ամփոփմամբ՝ բացի էներգետիկայից  ու   արդյունաբերության որոշ ճյուղերից, մյուս  բոլոր ոլորտները  դեռ  խոցելի են։ 

Back to top button