ԿարևորՀասարակություն

Ազիզն ասում էր՝ ինչքան ձերն եմ, էնքան էլ հայրենիքինը

Պատերազմի դաշտում հրետանավոր Ազիզ Աղաջանյանն ու իր ծառայակից ընկերները կռվել են հաղթելու գիտակցությամբ, շարունակ պայքարել՝ առաջմագիծը պահելու նպատակով: Տղան ընտանիքի միակ որդին էր, չէր մտածել բանակում չծառայելու մասին: Դպրոցից հետո հասցրել էր ընդունվել Հայաստանի Ամերիկյան համալսարան, բայց չհասցրեց նստել ուսանողական նստարանին: Հայրենիքի պաշտպանությունը վեր էր ամեն ինչից:

Անունս Ազիզ է՝ Ազիզ Սամվելի Աղաջանյան, բայց  ինձ կարող եք Ազիզ ջան ասել: Սա ծանոթության ամենամտերմիկ ու անկաշկանդ տարբերակն էր, որն ընտրել էր Ազիզը:  Նա կենսախինդ, պայծառ, ժպտերես ու խելացի երիտասարդ  էր: Նայում եմ նկարներին,  ոչ մի ակնթարթում դեմքի ժպիտը չի կորել, նայում եմ ու   ակամայից  ինքս էլ ժպտում:

Ազիզի ժպիտը վարակիչ է: Այդպիսին էլ եղել է կյանքում, ասում է մայրը՝ Մելանյան և սրբում թաց աչքերը. «Նա նախաձեռնող էր, միջոցառումներն ինքն էր ձեռնարկում, չափից դուրս ակտիվ, ժպտերես: Ժպիտը կյանքում  դեմքից չի պակասել: Ոչ մեկն իրեն առանց ժպիտ չի հիշում»:

Ազիզը  ընտանիքի կրտսեր զավակն էր, ամենասպասվածը:  11 տարով փոքր էր ավագ քրոջից, բայց նրա խորհրդատուն էր: Բանակ էր զորակոչվել 2019-ի հուլիսի 9-ին: Բազմաթիվ նպատակներ ու երազանքներ ուներ, դրանք մտովի դասակարգել էր, նշել  իրականացման ճանապարհն ու ժամանակը: Առաջին նպատակը կրթությունն էր, հասցրեց միայն ընդունվել Հայաստանի Ամերիկյան համալսարան, որոշել էր ծրագրավորող դառնալ:  Ընդունվել էր, բայց ուսանողական նստարանին չհասցրեց նստել, դա էլ էր պլանավորված, միայն  բանակից հետո:

Ծնողներն ասում են, որ չծառայելու մասին երբևէ չի մտածել, իրենք էլ են կողմ եղել միակ որդուն բանակ զորակոչել. «Ինքը կրկնում էր՝ ինչքան ձերն եմ, էնքան էլ հայրենիքինը: Տեսեք, ինքը մեր մինուճար տղան է, ինքը դաստիարակվել և մեծացել է այնպես, որ ինքը գիտի՝ պիտի ծառայի ու էդ իր պարտքն է, որն ինքը պիտի կատարի»:

«Տղեն պիտի ծառայի: Մենք մեր տղային տվինք հայրենիքին»:

Զինվորը հայրենքի պատքը կատարեց  անձնվիրաբար ու  անմնացորդ: Պատերազմի ժամանակ նա  զինվորներին  ոգևորել  է և իր օրինակով  մղել պայքարի:

Սյունիքի դարպասներն ամուր պահելու համար պետք էր Արցախի հարավային սահմանները պաշտպանել: Հայրը հոկտեմբերի 2-ին գնացել էր Մեղրի, տղաներին տաք հագուստ, սնունդ ու ծխախոտ էր տարել: Ինքն էլ մի օր մնացել էր դիրքերում, տղաների կողքին, որդու հետ վերջին անգամ շախմատ խաղացել, պարտվել, իսկ հաջորդ օրն իմացել, որ տղաներին տանելու են Ջրական: Սամվելը պատրաստվել էր  որդու հետ մեկնել, բայց Ազիզն ու զինվորները թույլ չէին  տվել.

«Գնալուց  ինձ ասեց՝ հերս, հեչ չմտածես, ինչ ուզում է լինի, ուրեմն էդ իմ ճակատագիրն է, չմտածես»:

«Հորից խոսք էր վերցրել,  ասել՝ պապա, խոստացի, որ չես գալու: Տանը մեկ տղամարդ պիտի մնա, ոնց որ ինքը գիտեր…Արդեն, որ տարել էին, Սամվելը տուն էր եկել, զանգեց ինձ, ասեց՝ մամ, գնա, մեքենայի մեջ բան կա, ասեմ, վերցրու: Գնացի, տեղն ասեց, վերցրեցի, ամեն մեկիս ձեռագիր նամակ էր գրել, անվանական: Հրաժեշտի նամակներ էին: Երևի ինքը զգում էր, որ էլ հետ չի գալու: Նամակ ինձ էր գրել, քույրերին, հորն ու տատիկին: Ամեն անգամ, երբ զանգում էր ասում էր ամեն ինչ նորմալ է, շատ լավ, չանհանգսըտանաք, մենք շատ հեռու ենք: Հետ ենք եկել զորամաս, բայց մեզ խաբում էր: Ջաբրայիլում էին, պատերազմի մեջ»:

Պատերազմի դաշտում ոչ միայն իր զինակից ընկերներին էր քաջալերել,  նաև  ծնողներին ու քույրերին՝  ուժ տվել:  Ընկերները պատմել են, թե ինչպես ծանր մարտերից հետո, երբ  մի փոքր դադար են ունեցել, իրենք  սարսափած  և  ուժասպառ նստել էին, իսկ  Ազիզն առանձնացել, զանգել էր  ծնողներին և  ուրախ խոսել: Տղաները զարմացել էին ու չէին կարողացել զսպել ծիծաղը, այն դեպքում, երբ ահեղ մարտերից հետո  նրանց ձայնը դեռ դողում էր, իսկ Ազիզն ասել էր՝ մենք շատ լավ ենք:

Անվախ էր և  անվախների հաշվարկի հրամանատարը: Ինքն էր այդպես անվանակոչել: Վախի զգացողությունը հաղթահարելու պատասխանն ուներ՝ վախը քո ուղեղում է, իսկ ուղեղին դու պետք է կառավարես: Ազիզը հրետանավոր էր, գիտակցում էր, որ մարտերում առաջխաղացում ունենալու համար պետք էր առաջնագիծը պահել: Համոզված էր, որ հաղթելու են, պատմության դասերից դա էր սերտել: Հայրենսիրութունը նրա հոգում նստվածք ուներ: Քաջ զինվորը նաև  հումանիստ էր: Մարդկային կորուստները նրա համար ցավ էր,  անկախ որ կողմից է:  

«Ընկերը պատմում էր, որ իրենք կրակել են, դրանից հետո կապ են տվել, հաղորդել, որ մի 500 հոգի թուրք են սպանել: Ընկերն ուրախ փաթաթվել է Ազիզին, տեսել, որ նա մի պահ տխրել է, հարցրել, ինչու չես ուրախանում: Ազիզն ասել էր՝ ինչ ուրախանամ, ախր, նրանք  էլ մայր ունեն, նրանց  էլ է մայր բերել»:

«Տղաս հայրենիքը պաշտպանելու համար ստիպված է թշնամուն սպանել»:

Ազիզը  հաճախ իր կյանքը վտանգելով և հրամանններին չենթարկվելով՝  կյանքեր էր փրկել, վիրավորներ դուրս բերել: Սխրանքների մասին զինակից ընկերներն են պատմել.

«Երբ կողքը խումբ են ռմբակոծել, Ազիզն ասել է՝ տղերք, հելեք հասնենք, տեսնենք ով կա, փրկենք: Հրամանատարներից մեկը հրաման է տվել, որ ոչ մեկը չգնա, որովհետև կարող է նորից խփեն: Ազիզը չի ենթարկվել, ընկերների հետ գնացել է, վիրավորներին բուշլատների վրա դրած, քաշել, հանել: Հետո հրամանատարը ներքուստ ուրախացել է ու ասել՝ էդ տղերքի ազգանունները կտաք, որ խրախուսենք»,- պատմում է հայրը, մայրն էլ ավելացնում.

«Մեքենա են տրաքացրել, մեջը զենք է եղել, էլի հրամայել են չմոտենալ, բայց Ազիզն էլի գնացել ու  6 հոգու հանել,վիրավորներին տեղափոխել մեքենա: Ազիզը չէր վախենում»:

Ազիզի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 18-ին, իսկ ավելի ուշ, կեսգիշերին մոտ հաղորդագրություն ստացել որդուց, նորից հուսադրել էր, որ ինքը լավ է, ուղղակի կապերը լավ չի, չի կարող զանգել.

«Հետ գալուց իրենց մեքենաներից մի քանիսը տրաքացրել են, իրենք ոտքով են գնացել: Ականապատ տարածքներում զգուշություն են ցուցաբերել և ուրիշի ոտնահետքերով առաջնորդվել: Ճանապարհին գիշերը ժամը 1-30-ից 2-ի մոտերը անօդաչուն է խփել, իրենց հաշվարկից միայն ինքն է զոհվել, ուրիշ հաշվարկից ևս մեկ զինվոր»:

Տղան կյանքը տվեց հանուն հայրենիքի, նրա երազանքներն անկատար մնացին: Ծնողների քայլերն արդեն 3 ամիս ամեն օր  ուղղվում են Արմավիր գերեզմանատուն, զոհվածների պանթեոն, ինչպես իրենք են ասում՝ իրենց  մինուճարի նոր տունը: Հաղթանդամ հայրը դժվարությամբ է շտկում մեջքը, վշտից կորացել է.

«Եթե հողերը պիտի տային, թող պատերազմը կանգնեցնեին ու տային, ոչ թե էս ձևով: Երբ, որ իմ տղեն զոհվել էր, ես ասում էի գոնե հաղթենք, իմ տղու մահը հենց ընենց չկորի, էս էրեխեքի մահը: Գոնե կէթամ գերեզմանին, կասեմ՝ տղա ջան, հաղթել ես, հիմա ինչ ասեմ…»:

Ազիզն ու զոհված ընկերները չտեսան պարտությունը, նրանք կռվցին հաղթելու գիտակցությամբ: Նրանք չեն պարտվել, հաղթել են:

Back to top button