ԿարևորՀասարակություն

Իշխանությունը Ջհանգիրյանին «գործուղում» է ԲԴԽ

«Իմ քայլը» խմբակցությունը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը առաջարկել է  աշխատել Բարձրագույն դատական խորհրդում։ Առաջարկն ընդունվել է և Ջհանգիրյանն այսօր ԱԺ–ում հանդիպել է խորհրդարանական մեծամասնության պատգամավորների հետ։

Առաջիկա օրերին թեկնածուն հանդիպումներ է ունենալու նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ, իսկ  հաջորդ շաբաթ՝ արդեն լիագումար նիստում, նրա թեկնածությունը կառաջադրվի, կքննարկվի և քվեարկության կդրվի։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշում է՝ խմբակցության ներսում որոշումը կայացվել է միաձայն։

Մասնագետներն ասում են՝ Բարձրագույն դատական խորհրդում որևէ պաշտոն քաղաքական չէ, բայց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի առաջադրումը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջին հերթին դիտարկվում է հենց քաղաքական տեսանկյունից։ Ինքը՝ Ջհանգիրյանը, հերքում է լուրերը, թե ասել է «գնում է ԲԴԽ՝ բռի մեջ հավաքելու դատավորներին»։   

«Ինչ–որ չափազանցված բաներ եք ինձ ասում, որովհետև ԲԴԽ–ն կազմված է 10 անդամից՝ 5 դատավոր, 5 իրավաբան։ Ես ընդամենը այնտեղ ունեմ մեկ ձայն, «գնում եմ բուռս հավաքեմ» ես այդպիսի բաներ ոչ հայտարարել եմ, ոչ էլ ասել եմ։ ԲԴԽ–ի մեծ մասը իմ ուսանողներն են, իմ կոլեգաներն են։ Որևէ վատ մթնոլորտ ես այնտեղ չեմ տեսնում»։

Մինչդեռ ԲԴԽ–ում Ջհանգիրյանին հանգիստ նստած չեն սպասում։ Կառույցի ղեկավար Ռուբեն Վարդազարյանը, որի պաշտոնավարման ավարտին դեռ կա մեկ տարուց ավելի ժամկետ, օրենքի խախտում է համարում 65 ամյա Ջհանգիրյանի առաջադրումը՝ վկայակոչելով Սահմանադրությունը և Դատական օրենսգիրքը ։ Նկատի ունի դատավորի նշանակման համար տարիքային սահմանափակումը։ Ընտրվելու համար նման խոչընդոտ նույն օրենքներում ինքը՝ Ջհանգիրյանը, չի տեսել, հակափաստարկը չի ընդունում նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Գագիկ Ջհանգիրյան«Ես էլ ասում եմ, որ, ցավոք սրտի, լավ չեն ուսումնասիրել «Դատական օրենսգիրքը»։ Այս նույն օրենսգրքով նախկին ՍԴ նախագահը 70 տարին լրանալուց հետո ընտրվել է ԲԴԽ նախագահ»։

Լիլիթ Մակունց․ «ԲԴԽ թեկնածուի առաջադրման համար դատավորների և իրավաբան–գիտնականների պահանջները տարբեր են։ Դատավոր թեկնածուների համար կա տարիքային սահմանափակում, իսկ իրավաբան–գիտնականների համար այդ սահմանափակումը չկա»։

ԲԴԽ անդամն ամեն դեպքում պետք է համապատասխանի հստակ չափանիշների՝ ունեցվածք, նախկին գործունեություն և այլն։ Կոնկրետ այս երկուսի հետ տարբեր վերապահումներ ունեցողներ կան։ Իրավապաշտպանները, օրինակ, անհանգստացած են և հիշեցնում են աղմկահարույց «Մատաղիսի գործը», որով, համոզված են,  երկու զինծառայողների սպանության համար նախկին զինդատախազը մեղադրում էր 3 անմեղ զինծառայողի։ Գագիկ Ջհանգիրյանի հետ փակ հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարեց՝ որևէ կերպ կաշկանդված չեն այդ թեկնածուին առաջադրելու հարցում։

«Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում է սպառիչ պարզաբանումներ այդ առնչությամբ։ Ես կարծում եմ, որ արդեն լիագումար նիստերի դահլիճում նաև հանրությունը կունենա հնարավորություն բոլոր այդ պատասխանների, այդ թվում նաև Մատաղիսի գործի հետ կապված և մյուս թեմաներով ներկայացնել իր պարզաբանումները, դիտարկումները, իր տեսակետները»։

Արդեն այս պահին պարզ է, որ Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ մտնելուց առաջ արդեն ունի կոնկրետ հարցեր․  

«Ազնվորեն ասեմ, այ օրինակ՝ ես չեմ հասկանում, երբ որ զինված հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին տանում են խափանման միջոցը կալանք կիրառելու և դատարանը այդ մարդուն բաց է թողնում։ Ես անձեր չեմ ասում։ Կամ հսկայական զինվորական արսենալը հայտնաբերում են մեկի մոտ և այդ արսենալով ուզում են մարդ ձերբակալեն, կալանավորեն՝ դատարանը մերժում է»։

Իշխանության և Բարձրագույն դատական խորհրդի միջև լարվածությունն առաջացել էր «պատերի տակ վնգստացող» դատավորների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որին հաջորդեց նաև ԲԴԽ նախագահի հայտարարությունը։

ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն ասում է, որ ունի դատաիրավական համակարգի բարեփոխման իր տեսլականը։ Հիշեցնում է՝ դատաիրավական բարեփոխումների 2 հայեցակարգ է մշակել։ Թեև առաջադրվում է իշխանական «Իմ քայլը» խմբակցության կողմից, բայց իրեն չի նույնականացնում գործող իշխանության հետ, քաղաքական թիմի մաս չի դառնում։

Ջհանգիրյանի ընտրության հարցը ամենայն հավանականությամբ կընդգրկվի ԱԺ–ի՝  հաջորդ շաբաթ մեկնարկող  լիագումար նիստերի օրակարգում։ Վաղը թեկնածուն հանդիպելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ, հույս ունի՝ հաջորդ օրը՝ «Բարգավաճ Հայաստան»-ի։ Իսկ  ԲԴԽ–ում ևս մեկ թափուր տեղ դեռ կա․ «Իմ քայլ»–ում նաև քննարկում են ևս մեկ թեկնածու առաջադրելու հարցը։  

Back to top button