ԿարևորՀասարակություն

Կույր ու լուռ մի՛ եղեք․ բողոքի ակցիաներ՝ ՄԱԿ–ի գրասենյակի և ԱՄՆ դեսպանատան դիմաց

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր՝ հոկտեմբերի 19-ին փակ խորհրդակցություններ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին շաբաթ օրը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական առաքելության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստր-ժի-ժովսկին:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդեն անցկացրել էր փակ խորհրդակցություններ` կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ:  Այսօր էլ ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի և  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց  արցախցի կանայք ու մի խումբ քաղաքացիներ պահանջել են բացել աչքերն ու չլռել  սահմանագոտում կատարվող  ռազմական գործողությունների վերաբերյալ։ 

Առաջնագծում տղամարդիկ են դիմակայում ագրեսոր պետությունների ոտնձգություններին, թիկունքում՝ կանայք են  միջազգային հանրությունից պահանջում  համարժեք արձագանքել Արցախում  թուրք–ադրբեջանա–ահաբեկչական ագրեսիային,  դատապարտել երկու ագրեսոր պետություններին՝ Ադրբեջանին ու Թուրքիային։   Ստեփանակերտցի Նախշունը  փոքրահասակ երեխայի հետ,  պաստառը ձեռքին,  պայքարում է միջազգային հանրության լռության դեմ։ Տան տղամարդիկ էլ՝ առաջնագծում են։

«Այս ամեն ինչին պետք է վերջ տալ։ Ամուսինս, պապաս, փեսաս, եղբայրս` բոլորը սահմանին են։ Այսօր խոսել եմ հետները, դուխները հազար է։ Տրամադրված են հաղթական։ Մեր հողից մի մետր անգամ չենք զիջելու թշնամուն»։  

Երևանում ժամանակավորապես ապաստանած արցախցի կանայք «Ստոպ ագրեսոր Ադրբեջան»,  «Ստոպ Էրդողան», «Մենք գոյություն ունենք», «Կույր ու լուռ մի՛ եղեք», «Փրկե՛ք մարդկությունը» պաստառներով ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց են։ Պահանջում էին ներկայացուցիչներից որևէ մեկի հետ հանդիպում։

«Դուրս եկեք, դուրս եկեք, այստեղ էլ կմնամ կփտեմ,  մինչև դուրս չգան»։  Ոչ մի տեղ այդպիսի զենք չեն կիրառում, բայց ես նորից այսօր գնալու եմ Ստեփանակերտ, ու մինչև դուրս չգան, չեմ  գնա այստեղից։ Իրենք էլ թող գան տանեմ, ցույց տամ ինչ է կատարվում այնտեղ, հերիք է ինչքան կույր են մնացել։ Ես ուսուցչուհի եմ, չեմ պատկերացնում, թե այսքանից հետո, ինչպես եմ եվրոպական արժեհամակարգ բացատրելու երեխաներին»։  

Մինչ արցախցի կանայք ՄԱԿ- ի դիմաց էին ցույց անում, մի խումբ քաղաքացիներ էլ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև են պահանջում զսպել Արցախում ադրբեջանաթուրքական ագրեսիան:

«Այսօր բոլորս եկել ենք այստեղ բողոքելու  աշխարհի լռության դեմ, աշխարհ, որը 21–րդ դարում  փակել է իր աչքերը, իր բերանը և լուռ հետևում է, թե ինչպես են երկու բորենիները՝ Ադրբեջանը և Թուրքիան,   փորձում բնաջնջել հայ ժողովրդին։ Սակայն պետք է ասենք, որ իրենց ծրագիրը երբեք ի կատար չի ածվելու։ Հայը չի ծնկել ու չի ծնկելու։ Վերջին անգամ նորից ոտքի է կանգնելու։ Մենք եկել ենք այսօր զգուշացնելու  Եվրոպային, որ  եթե այսպես խուլ ու համր ձևանաք, այս տեռորիստները  վաղը  ձեր դռանն են չոքելու»։   

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ  ակտիվիստների հանդիպումից հետո վերջինս ասել է, որ այսօր պատրաստվում է զեկուցագիր ուղարկել Վաշինգտոն Արցախում տիրող իրադրության կապակցությամբ։

Back to top button