ԿարևորՏնտեսական

Հայաստանից Թուրքիա գնացած գումարը՝ զենք հայերի դեմ

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի  առաջին իսկ օրերից հանրային շրջանակներում  ակտիվորեն  քննարկվում էր Հայաստանում  թուրքական արտադրանքի  վաճառքն արգելելու հարցը։ Այսօր արդեն այդ  առաջարկը կառավարության որոշման  նախագծի տեսքով  քննարկման է դրված իրավական ակտերի միասնական e-draft.am կայքում։ 

Նախագծով առաջարկվում է  դեկտեմբերի 31–ից վեց ամսով  արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը  Հայաստանի Հանրապետություն։

Տարեկան մոտ  270  մլն դոլար  ապրանքների ներմուծման,  մոտ 50 մլն դոլար էլ՝ հանգստի համար. ընդհանուր առմամբ`  շուրջ 340 մլն դոլար   հայաստանցիները ամեն տարի  ներդնում են  Թուրքիայի   տնտեսության մեջ։ Ստացվում է, որ նաև մեր փողերով է Թուրքիան զենք  արտադրում , վաճառում  Ադրբեջանին  ու  կռվում  մեր զինվորի դեմ։   

Միայն անցյալ տարի Թուրքիայից Հայաստան  է ներկրվել ավելի քան 70 մլն դոլարի  հագուստ, շուրջ 10 մլն դոլարի  ցիտրուս, 36 մլն դոլարի կենցաղային  իրեր։  Ադրբեջանի սանձազերծած պատերազմի  առաջին իսկ օրերից սոցիալական հարթակներում  քննարկվում էր թուրքական ապրանքների վաճառքը Հայաստանում արգելելու հարցը։  

Այսօր արդեն այդ առաջարկը` որպես նախագիծ քննարկման է դրված իրավական ակտերի ժամկետով  արգելել թուրքական ապրանքների ներմուծումը  Հայաստան։ Թե ինչու 6 ամսով, ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանն է պարզաբանում․

«ԵԱՏՄ–ում ընթացակարգ կա, որով դու կարող ես ժամանակավոր արգելք կիրառել, որից հետո այդ երկրներն  այդ ընթացքում պարտավոր են հետևել քո ամրագրած  սկզբունքներին և  որից հետո պետք է համընդհանուր կոնսենսուսային քննարկում ծավալվի։ Դրանով է պայմանավորված ժամանակավորը ֆիքսելը, քանի որ ճշգրտումներ է  ենթադրում է  նաև ԵԱՏՄ գործընկեր անդամ երկրների հետ ։ Բայց պայմանագրում  նաև կետ  կա, որ ԵԱՏՄ անդամ որևէ երկիր որոշակի ժամանակահատվածով  կարող է սահմանափակումների քաղաքականություն վարել։ Մենք միասնական տնտեսական հարթակում ենք»։

Թուրքիայից ապրանքների ներմուծման մեջ  գերակշռողը պատրաստի արտադրանքն է՝ ասում է զրուցակիցս։ Դրա փոխարինումը տեղականով ավելի հեշտ կլինի, քան՝ հումքինը։

«Դրա համար էլ կարծում եմ, որ մեսիջի ու հնարավորության տեսանկյունից էլ  պատրաստի արտադրանքի մասով  ավելի  հեշտ  կլինի  այդ ժամանակում վարքագծի փոփոխությունը կատարելը։ Համեմատաբար ավելի երկար ժամանակահատված կպահանջվի  Թուրքիայից  հումք ներմուծողների համար։ Նրանք   պետք է փորձեն  ներմուծման  նոր աշխարհագրություն  գտնել։ Իսկ  Թուրքիայից ներմուծվող ապրանքները այնպես չէ, որ յուրահատուկ են, և դրանք միայն այդ երկրից  է հնարավոր ներմուծել»։

Ներմուծման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ մոտ  25 տոկոս, բաժին է ընկնում հագուստին։  Այն հնարավոր է փոխարինել օրինակ Չինաստանի արտադրանքով, իսկ ամենակարևորը՝  զարգացնել տեղական արտադրությունը։  Իհարկե, նոր շուկաներ գտնելը, նոր պայմանագրեր կնքելը տնտեսվարողների համար խնդիրներ կստեղծեն, սակայն ոչ այնքան, որքան շուրջ  մեկ ամիս շարունակվող պատերազմի ստեղծած խնդիրներն են։

«Առնվազն մի քանի շուկաներ կան, որոնք  համանման ու գրեթե շատ մոտ գնային սեգմենտում են։ Չմոռանանք նաև, որ սա հնարավորություն է հայրենական արտադրողների համար։ Նրանք իրենց որակական ստանդարտները պետք է վերանայեն ու բարձրացնեն։ Սրանով նաև պետք է վարքագիծ մշակենք, որպեսզի ձևավորենք մեր տեղական արտադրանքի ոճը»։

Նախագծի հիմնավորման համաձայն՝  թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, ունենալով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ ենթադրում է անվտանգության  բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններում:

«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում, հնարավորություն է ստեղծում թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը»:

Սա նաև Արտակ Մանուկյանն է կարևորում․ «Թուրքիայից ապրանք ներմուծելով՝  ներմուծողները նպաստում են, որպեսզի  Թուրքիայում արտադրվող ռազմական արտադրանքը ուղղվի  մեր հայրենակիցների դեմ»։

Ակնհայտ է, որ Թուրքիան է պատերազմում Հայաստանի դեմ․  սա էլ խթան է, որ տնտեսվարողները մտածեն շուկաների դիվերսիֆիկացման մասին՝ ասում  է Արտակ Մանուկյանն ու  ընդգծում՝ ակնհայտ է, որ թուրքական  տնտեսությունը մեծ հաշվով Հայաստանին թշնամի է դիտարկում ,   ամեն ինչ անում է, որպեսզի սասանի մեր անկախությունը։ Ուստի, Մանուկյանի խոսքով, պետք է աստիճանաբար  Հայաստանից այս երկիր մտնող ֆինանսական հոսքերը նվազեցնել։

Եվս մեկ փաստարկ Արտակ Մանուկյանից․ «Կհիշեք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը  պարբերաբար  Հայաստանի հայերով է  վախեցնում Հայաստանի տնտեսությանը։ Գուցե մի օր էլ արթնանանք ու մեզ ասեն, որ արգելում են ներմուծումը Թուրքիայից։ Հետևաբար, սա նաև մեսիջի տեսանկյունից է  չափազանց կարևոր»։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանն ասում է, որ   տեղական ենթակառուցվածքները  նոր իրավիճակին հարմարեցնելը բարդ է, բայց՝ ոչ անհնար։ 

Էկոնոմիկայի նախարարությունում վստահ են, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից  Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ, ինչն առավել նախընտրելի է:

Back to top button