ԿարևորՀասարակություն

Համախմբվում ենք նաև երգով․ Արա Գևորգյան

Դու մեր հայ զինվոր, հզոր ու բարի,
Բարձր ես միշտ պահում պատիվը հայի,
Միշտ վստահ եղիր, չենք թողնի մենք քեզ,
Որ թշնամու դեմ միայնակ կռվես։
Հայկական բանակ, մենք քո կողքին ենք,
Ինչ էլ պատահի, քեզ հետ կլինենք,
Միասին կանգնենք, էլ հզոր դառնանք,
Ու նենգ թշնամուն իր պատիժը տանք։

Ե՛վ այս հրաշալի խոսքերի, և՛ ներկայացվող երգի հեղինակը Արա Գևորգյանն է։  «Ռադիլուրի» եթերում երգը ներկայացվում է առաջին անգամ։ Տեսահոլովակը դեռ ընթացքի մեջ, բայց ամեն ինչ արվում է, որպեսզի այն ևս ներկայացվի հենց այս օրերին, քանի որ  խիստ այսօրեական է։

Կյանքում ոչինչ պատահաբար չի լինում, պատահաբար չեն ծնվում նաև երգերը։ Թվում է՝ հենց օրվա հետ է ծնվել  երգահան Արա Գևորգյանի նոր երգը՝  նվիրված հայոց բանակին ու հայ զինվորին։ Ասում է՝ կանխազգում էի․․․

«Ընդհանուր առմամբ, այո՛, զգում էի ինչ է կատարվելու։ Եվ այս երգով ուզում էի համախմբել  ամբողջ Սփյուռքին մեր բանակի շուրջը, որովհետև մենք միշտ անում ենք դրամահավաքներ՝ տարբեր բարեգործական գործարքներ իրականացնելու, բայց ես միշտ մտածում էի, որ պետք է մեր բանակի կողքին բոլորս հավաքվենք, հատկապես Սփյուռքը»։

Արա Գևորգյանի խոսքով՝  հայության ամբողջ ներուժը պետք է ծառայի  հայոց բանակին, քանի որ շրջապատված ենք բորենիներով, որոնք անպայման ուզում են մեր երկիրը՝ առանց մեզ։  Դրան դիմակայելու համար անհրաժեշտ հզոր կամքի ու զենքի կողքին նաև նման երգեր են պետք։ Գևորգյանի նոր երգը միավորել է հայ արվեստագետներին ավելի քան տասը երկրից․

«Հավաքել եմ  երգիչներին, պարային համույթների՝ ԱՄՆ-ից, Մոսկվայից, նաև մեր ՊՆ պարային համույթն է պատրաստվում։ Երգում է ոստիկանության երգչախումբը, Համլետ Գևորգյանը, Արսեն, Գրիգորյանը, Հասմիկ Հարությունյանը, Սոնա  Շահգելդյանը, օպերային երգչուհի Սոլանժը, Ռուբեն Թելունցը՝ Միացյալ Նահանգներից, Սոնան՝ Մոսկվայից․․․Հոլովակը փորձում եմ արագ ներկայացնել, որպեսզի այն համախմբի բոլորիս »։

«Չեմ ասում, թե համախմբված չենք, մեր ազգային նկարագրի լավագույն կողմերից մեկն էլ դա է, որ նեղության պահին բոլորս մի բռունցք ենք դառնում։ Շատ ավելի լավ կլիներ, եթե միշտ այդպիսին լինեինք»,- ասում է երգահանը։ Նրա խոսքով՝ մեր երկրի ամենակատարյալ կառույցը, իհարկե, բանակն է, բայց նոր համալրումներով այն պետք է հզորացնենք ու կանգնենք մեր զինվորի կողքին։

«Մենք պետք է մեր բանակը էլի համալրենք, էլի կողքին կանգնենք՝  նյութապես, բարոյապես, բոլոր եղանակներով։ Այսօր իմ տղան նույնպես ծառայության մեջ է՝ ավտոմատը ձեռքին։ Ես հպարտանում եմ, վստահ եմ, որ մենք այս պատերազմը հաղթելու ենք, ու այդպես էլ  լինելու է։ Թող մեր զինվորները մի գրամ չմտածեն, նրանց հետևում կանգնած են իրենց հոպարները։ Այդպես արդեն անունը դրված է։ Եվ բոլորս էլ պատրաստ ենք մեկնելու, ցուցակագրված ենք արդեն տարբեր ջոկատներում։ Ես ինքս՝ Ամարասի Արթուրի ջոկատում, և հրամանը ստանալուն պես մեկնելու ենք։  Աստված պահապան մեր բանակին, ես վստահ եմ՝ մեր բանակն իր աշխատանքը կկատարի գերազանց, մենք էլ բոլորս կլինենք օգնական և մեր բանակի կողքին»։

Ինչպես երգի, այնպես էլ հենց այս խոսքերի հեղինակը Արա Գևորգյանն է։ «Շնորհակալ եմ , զինվոր ջան»․ մեր եթերում հենց այս բանաստեղծությամբ նա ցանկացավ ողջունել սահմանը պահող հայ զինվորին։

Ես քնած եմ, դու արթուն ես, զինվոր ջան,
Ես մեր տանն եմ, դու դրսում ես, զինվոր ջան։
Աղոթում եմ ես քեզ համար՝ լինես առողջ, անվարար,
Թող Աստված տա՝ լինենք խաղաղ, էլ չլինի սուգ, խավար։
Հսկում ես դու մեր անդորրը, որ խանգարող չլինի,
Չար քամիներ հեռու  մնան, ու կոտրած ճյուղ չլինի։
Դու ես ստիպում հզոր ուժով, որ թշնամին պապանձվի,
Պարտադրում ես նենգ սողունին, տեղը նստի խաղաղվի։
Թե որոշեց սահման խախտել ստոր ու նենգ թշնամին,
Մենք, հավատա, ազգով կելնենք ու կկանգնենք քո կողքին։
Շնորհակալ եմ իմ զինվոր ջան, որ հսկում ես հայրենիք,
Աստված օրհնի ճանապարհդ, վերադառնաս ընտանիք։

Back to top button