ԿարևորՄշակույթ

Թող Տավուշում միայն տոնական «պայթյուններ» հնչեն․ Մրո

Ահա այսպիսի հրաշալի երգերով «Նուբար» ավանդական երգի-պարի համույթը սեպտեմբերի 26-ին ներկայանալու է սահմանամերձ   Բերդում։ «Գութան» ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի Տավուշի 13 սահմանամերձ համայնքներում ու Բերդ քաղաքում։ Տրամադրությունն այս օրերին «Նուբար»-ում բարձր է՝ ինչպես յուրաքանչյուր «Գութանից» առաջ, նկատում է խմբի գեղարվեստական ղեկավար Լուսինե Նազարյանը։

«Հայրենիքը սկսվում է սահմանից։ Գնանք մեր սահմանապահ հայրենակիցներին ասելու, որ մենք իրենց սիրւմ ենք, իրանց համար բերել ենք մեր մշակույթը, և իրենցից պիտի վերցնենք ու մեզ հետ բերենք քաջություն, հայրենասիրության իրենց տեսակը։ Միասին պիտի ուրախանանք, որովհետև «Գութանը» իսկապես դարձել է ավանդական ազգային տոն»։

«Գութան»-ին ընդառաջ  փառատոնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն արդեն եղել է  Բերդի համայնքապետարանում, տեղում իրականացրել  նախապատրաստական աշխատանքներ ու  շոշափել տավուշցիների տրամադրությունները։

«Ոչ միայն Բերդում, այլև ամբողջ Տավուշ աշխարհում շատ ոգևորված սպասում են։ Մենք 13 սահմանապահ համայնքում պիտի իրականացնենք համերգներ՝ յուրաքանչյուր խումբ մեկ համայնք կարգախոսով։ 250 հոգով գնում ենք Տավուշ՝  ներկայացնելու մեր արվեստը  և մեր երախտագիտությունը հայտնելու տավուշցիներին` մեր սահմաններն անառիկ պահելու համար։ Առանց արժևորման  չեմ կարծում, որ հայը կմնա իր  տեսակի մեջ»։

«Գութան» ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն անցկացվում է արդեն 7-րդ անգամ՝ շատ պարզ ու հայրենավեր նպատակով՝ պահպանել ու և փոխանցել ավանդական մշակույթը, ազգային երգն ու պարը։ Արսեն Գրիգորյանի խոսքով՝ «Գութան»-ով պարզապես փորձում են իրենց ներդրումն ունենալ ազգային ինքնության պահպանման գործում։

Սեպտեմբերի 25-26-ը Տավուշում սպասվում է իսկական ազգային տոն: «Սպասում ենք բոլորիդ, որ գաք, ձեռք ձեռքի տանք և միասին պարենք մեր ազգային պարերը։ Թող Տավուշ աշխարհում միայն տոնական պայթյուններ հնչեն»,-ասում է Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։

Back to top button