ԿարևորՀասարակություն

Լիբանանահայ առաջին, բայց ոչ վերջին շուշեցի ընտանիքը

Արցախում լիբանանահայերի 3 ընտանիք է հաստատվել, «Ռադիոլուրին» ասել է   Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը։ Արցախի իշխանությունը հավատարիմ է մեր հայրենակիցներին օժանդակելու հանձնառությանը` հակառակ Ադրբեջանի՝ տարբեր ատյաններ հղած բողոքներից: Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և փորձել լիբանանահայ մի քանի ընտանիքի Արցախ տեղափոխվելը ներկայացնել որպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում:

Արցախ տեղափոխված Թոնի և Ցոլեր Հաժարների ընտանիքը Լիբանանից հեռացել է մինչև օգոստոսի 4-ի պայթյունը: Երկու տարի է Հայաստանում էին։ Արցախի կառավարության` լիբանանահայերին ուղղված հրավերը  ընտանիքը համարեց, որ նաև իրենց է հասցեագրված ու եկավ Արցախ: Կառավարությունից տուն ստացավ: Հնգամյա որդին արդեն մանկապարտեզ է հաճախում, կինը՝ Ցոլերը, նույն մանկապարտեզում աշխատանք ունի: Մասնագիտությամբ խոհարար Թոնին էլ ստացած առաջարկներից փորձում է ավելի սրտամոտն ու հեռանկարայինն ընտրել:

Ընտանիքն Արցախում գտել է այն վայրը, որի անունը Սեր է կնքել: Շուշիում ապրելը համարում են երազանքի իրականացում  և  փորձում են ստեղծել իրենց աշխարհը՝ անկախ Արցախի շուրջ եղած քաղաքական բանսարկություններից:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանի բողոքները պատճառ չեն  հայրենակիցներին աջակցելու մտադրությունից  հրաժարվելու համար:

Մարդասիրական աղետներին արձագանքելը միջազգային հանրության կոլեկտիվ պատասխանատվության տիրույթում է, որի բաղկացուցիչ մասն է Արցախի Հանրապետությունը՝ անկախ նրա՝ ժամանակավորապես միջազգայնորեն չճանաչված քաղաքական կարգավիճակից. ահա այսպես է Ստեփանակերտն արձագանքում Բաքվի բողոքներին։ Մարդասիրական աղետի պայմաններում հայտնված մարդկանց Արցախի իշխանությունների կողմից բնակարանների տրամադրումը՝ որպես միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում ներկայացնելու ադրբեջանական կողմի բազմաթիվ փորձերը վկայում են ոչ միայն միջազգային փաստաթղթերի կանխակալ մեկնաբանման, այլև, առհասարակ, մարդասիրության վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումների մասին, նշվում է հայտարարության մեջ: Արցախի նախագահի աշխատակազմից  էլ ընդգծում են, որ խոսքը միայն լիբանանահայերին չի վերաբերվում:

Լիբանանից Արցախում արդեն երեք ընտանիք է հաստատվել: Մոտ մեկ տասնյակ ընտանիքների հետ բանակցություններ են տարվում, ասում է պաշտոնյան:  Շուշիում հաստատված Հաժարների ընտանիքն էլ իր հարազատների հետ է բանակցում,  Թոնին ասում է՝ փորձում են ցրել Արցախը չտեսած, բայց Արցախի մասին ոչ միշտ իրական տեղեկություն ունեցող հարազատների կասկածները:

Հաժարները հավատում են, որ իրենք Լիբանանից եկած առաջին, բայց ոչ վերջին շուշեցիները կլինեն: 

Back to top button