ԿարևորՀասարակություն

Սփյուռքահայերի աշխատանքը կառավարությունում

Ջոն Բայրամյանը եկել ու այստեղ՝ Հայաստանում, պետական համակարգում նույնիսկ հրամանների մեջ մեծ ազգային ոգի է գտել։ Նա երկար տարիներ աշխատել է աշխարհի մի քանի երկրներում, բայց ոչ մի տեղ չի գտել այդ ոգին, որ կա միայն Հայաստանում։ Իմ լիբանանահայ զրուցակիցը վստահ է` եթե հայ երիտասարդներին լավ կրթենք, լավ պատրաստենք, 20 տարի հետո ունենալու ենք ավելի հզոր ու զարգացած հայրենիք։

«Մենք պակաս ոչ մի բան չունենք։ Ընդհակառակը` մեր երիտասարդները, երեխաները շատ ավելի խելացի են դա Աստծո շնորհն է, բայց պետք է կարողանանք մշակել մի սխեմա, որով նրանք կկարողանան դրսևորվել»։

Այսպիսի սփյուռքահայ 100 բարձրակարգ մասնագետ մինչև տարեվերջ կմիանա պետական կառավարման համակարգին։ Նրանցից 24-ն արդեն Հայաստանում են, ծանոթացել ու տեղավորվել են տարբեր նախարարություններում, որտեղ կաշխատեն առնվազն 1 տարի։

Կանադայից, Դանիայից, Ֆրանսիայից, Նորվեգիայից, Նիդերլանդներից մինչև Ռուսաստան, Լիբանան Իսրայել ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնել Հայաստան:

COVID-19-ով և օդային սահմանափակ հաղորդակցությամբ պայմանավորված՝ ծրագրի մյուս մասնակիցները Հայաստան կժամանեն մի փոքր ավելի ուշ։

«Հնարավորություն է ցանկացած սփյուրթահայի համար թեկուզ կարճ ժամանակով բայց սեփական գիտելիքներն ու փորձը ներդնել ի շահ հայրենիքի զարգացմանը»

Արթուր Ավետիսյանը եկել է Ֆրանսիայից։ Այստեղ արդեն հանդիպում է ունեցել սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ։ Իր աշխատանքը կիրականացնի հենց այս նախարարությունում, զբաղվելու է երեխաների հիմնահարցերի ուսումնասիրությամբ, փորձելու են զարգացնել ու կատարելագործել միջազգային որդեգրման ոլորտը։

«Քանի որ Ֆրանսիան համարվում է Եվրամիության անդամ երկիր, այնտեղ յուրաքանչյուր գերատեսչությունում մշտական կապի մեջ են Եվրամիության երկրների հետ, և արդյունքում անընդհատ հաշվի են առնում միջազգային փորձը։ Ինձ թվում է այդ մոդելների կիրառումը Հ այաստանում կարող է միայն օգտակար լինել»,– ասում է Արթուր Ավետիսյանը։

Արթուր Ավետիսյանը չի բացառում, որ հետագայում ևս կմնա և կշարունակի աշխատել հայրենիքում․ ցանկությունը շատ մեծ է։ Իրենից բացի սոցիալական հարցերի նախարարությունում կաշխատեն ևս 3 սփյուռքահայեր․ 2 մասնակից Լիբանանից, մեկը՝ Ռուսաստանից։ Իսկ Լիբանանում ծնված ու մեծացած Ջոն Բայրամյանը իր տարիների մանկավարժական փորձով կկիսվի ԿԳՄՍ նախարարությունում։

«Հիմնական նպատակը մանկավարժներին և ուսուցիչներին նորություններ փոխանցելն է։ Տեսնել, թե ինչպես կարող ենք Հայաստանը դարձնել Ֆիլանդիայի, Սինգապուրի, Ճապոնյայի նման, որոնք ամբողջ աշխարհում առաջատարներն են։ Երբ այս ծրագիրը եղավ, ես շատ ուրախացա, որ Սփյուռքի տաղանդավոր հայրենակիցները կարող են օգտակար լինել հայրենիքին․ դա մեր ամենամեծ պարտականությունն  է Աստծո և հայրենիքի առաջ»։

Պարոն Բայրամյանի կարծիքով` Հայրենիքը և Սփյուռքը մի ամբողջություն են և միասին պետք է առաջ գնան։ Ջոն Բայրամյանի հետ պայմանավորվել ենք մի ամիս հետո նորից զրուցել։ Ինքը պատմելու է իր տպավորությունների մասին, բայց արդեն վստահ է` այս ծրագիրը պետք է ամեն տարի իրականացնել։ Սա կամուրջ է, որը օգուտ է տալու թե՛ Հայաստանին, թե՛ Սփյուռքին։

Back to top button