Անկախության պատմություն

Արդյունավետ է արդյոք ԵԱՀԽ Մինսկի խումբը. չավարտվող քննարկում

1992 թ. մարտից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով սկսում է զբաղվել Եվրոպայի Անվտանգության և համագործակցության խորհուրդը, որը պետք է խաղաղություն հաստատեր, որին հետևելու էր հակամարտության համապարփակ, ամբողջական և վերջնական կարգավորումը։

1992-ին, երբ ԵԱՀԽ-ն նախաձեռնում էր հակամարտության կարգավորումը, թվում էր, թե խնդրի լուծմանը հնարավոր կլինի հասնել կարճ ժամանակում։ Արդեն նույնիսկ որոշված էր, որ Ղարաբաղի ճակատագիրը որոշող խորհրդաժողովը գումարվելու է Մինսկում։ Սակայն խորհրդաժողովն առ այսօր այդպես էլ չի գումարվել, փոխարենը խումբը ստացել է քաղաքի անունը, և ահա արդեն 28 տարուց ավելի է, ինչ Մինսկի խումբը զբաղվում է հակամարտության կարգավորման միջնորդությամբ։

1993թ. ամռանը՝ հունիս-հուլիս ամիսներին, թվում էր, թե մոտ է խնդրի կարգավորումը, քանի որ հակամարտող կողմերը տվել էին իրենց համաձայնությունն առաջարկված տարբերակին։ Սակայն ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա ընթացքը, համաձայնության հասնել այդպես էլ չէր հաջողվելու։ Մինսկի խմբի արդյունավետության հարցը պարբերաբար քննարկման առարկա է դառնում. արդյո՞ք հնարավոր է հասնել հաջողության, երբ որպես հակամարտության միջնորդ ընդգրկված են խիստ տարբեր շահեր ունեցող երկրներ։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերի, տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերի և ազդեցիկ դերակատարների մասին մենք զրուցել ենք պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ։

Հրանտ Տեր-Աբրահամյան — Նայած մենք դրա նպատակը ինչպես ենք ընկալում, ըստ այդմ էլ պետք է արդյունավետությունը հասկանալ։ Եթե մենք բառացի ենք ընկալում՝ որ նպատակը հարցը լուծելը կամ խաղաղություն հաստատելն է, ապա ակնհայտ է, որ արդյունավետ չէ։ Որովհետև անցել է գրեթե 30 տարի և մենք տեսնում ենք, որ այդ ձևաչափը բնականոն գործում է, ոչ ոք չի լուծարում այն, ոչ ոք, մեծ հաշվով, բողոքներ չունի, բայց այսպես կոչված, հարցի լուծում՝ չի լինում։ Մենք չպետք է բառացի հասկանանք կառույցի նպատակները։ Պետք է հասկանանք, որ նման ձևաչափերը, ընդհանրապես, հակամարտության աշխարհաքաղաքական վերահսկման մեխանիզմներ են։ Բնական է, որ այս հակամարտությունը միայն հայ-ադրբեջանական չէ, և ներգրավում է նաև մեծ տերությունների շահերը։ Այս ձևաչափերը հենց այդ շահերի իրացման, վերահսկման մեխանիզմ են՝ ոչ ավելին։ Եվ որպես աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռման մեխանիզմ՝ բավականին արդյունավետ են, քանի որ բախվող շահերը հավասարակշռվում են այդ մեխանիզմներով։ Ղարաբաղյան հարցի կարգավորում, լուծում ձևակերպումները ես համարում եմ քաղաքական միֆոլոգիայի շարքից։

Ղարաբաղի հակամարտության գրեթե երեք տասնամյակում շատ բան է փոխվել ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տարածաշրջանային համապատկերում։ Փոխվել է մեր վերաբերմունքը հակամարտության միջնորդներին, ինչպես նաև՝ ընդհանրապես, խնդրի կարգավորմանը։ Մեր տպավորությամբ՝ հեռավոր 1993-ին շատ ավելի մեծ հավատ կար, որ միջազգային հանրության, հատկապես՝ արևմտյան մեծ պետությունների օգնությամբ հնարավոր է հասնել խնդրի արդարացի և վերջնական լուծմանը։ Հրանտ Տեր-Աբրահամյանի կարծիքով, չնայած այս տարիները որոշ փոփոխություններ են բերել, սակայն հիմնական դերակատարների շահերն մնացել են նույնը։

Հրանտ Տեր-Աբրահամյան — Մեծ տերությունները, որոնց շահերն այստեղ ներգրավված են մեծ սխեմայով նույնն են մնացել, թեև մասնավոր փոփոխություններ մշտապես տեղի են ունենում։ Ինչի՞ շնորհիվ գոյություն ունի հակամարտությունը. երբ կար Խորհրդային Միությունը, այսինքն՝ մեկ մեծ տերության կողմից կար ամբողջական և լիարժեք վերահսկողություն մեր տարածաշրջանում, հակամարտություն չկար։ Կար թաքնված հակամարտություն, որը դրսևորվեց, բացահայտվեց, երբ լիարժեք, միակենտրոն վերահսկողությունը դուրս եկավ։ Ռուսաստանն այստեղ ունի լուրջ ազդեցություն, բայց չունի, բնականաբար, լիարժեք վերահսկողություն։

Եվ այստեղ ի հայտ են գալիս մյուս մեծ տերությունների շահերը, որովհետև աշխարհաքաղաքական դատարկություններ չեն լինում՝ մեկի ազդեցությունը մի քիչ թուլանում է, լիարժեք վերահսկողությունը վերանում է, մյուսներն են մտնում՝ յուրաքանչյուրը, պայմանական ասենք, իր «փայով»։ Որքան որ այս իրավիճակը պահպահնվի, Ղարաբաղյան հակամարտությունն ու անկախ հանրապետությունները մոտավորապես նույն ձևաչափում էլ մնալու են, քանի որ իրենք մեծ աշխարհաքաղաքական հավասարակշռության մի մասն են։ Եթե մի օր հավասարակշռությունը փոխվի, օրինակ, ռուսները լիարժեք վերադառնում են տարածաշրջան, այդ դեպքում կլինի այնպես, ինչպես կլուծի այն ուժը, ով որ կկարողանա միայնակ այստեղ տիրել։ Կարող ենք նաև այլ սցենարներ պատկերացնել։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակունքները սկիզբ են առնում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից։ Հեղափոխությամբ և ներքին քաղաքացիական պատերազմով բռնկված Ռուսաստանը ստիպված էր հեռանալ Անդրկովկասից, ինչին հետևել էր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անկախության հռչակումը։ Երեք հանրապետություններն էլ միմյանց նկատմամբ սահմանային պահանջներ ունեին, որոնք ուղեկցվում էին արյունալի պատերազմներով։ Ռուսաստանի բացակայության պայմաններում արևմտյան մի շարք երկրներ փորձեցին իրենց աշխարհաքաղաքական ներկայությունն ապահովել տարածաշրջանում։ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացուցիչներ և զորք ունեին այստեղ և փորձում էին լուծել նորանկախ հանրապետությունների տարածքային հակասությունները, որոնցից մեկն էլ Լեռնային Ղարաբաղն էր։ Նրանցից ոչ մեկը չկարողացավ վերջնական խաղաղություն հաստատել մեր բարդ ու հակասական տարածաշրջանում։

Հրանտ Տեր-Աբրահամյան — Համաձայն եմ՝ այս հակամարտության արմատները կարելի է հասցնել մինչև Հայաստանի առաջին Հանրապետության շրջանը։ Ավելին՝ կարելի է հասցնել մինչև 18-րդ դար և այդտեղ էլ շատ չենք սխալվի, որովհետև տարածաշրջան Ռուսաստանի մուտքին զուգահեռ, չասեմ՝ հակամարտությունը սկսվում է, սակայն նրա հիմնական կառուցվածքային տարրերը դրվում են։ Օրինակ՝ Ադրբեջանում թուրքակենտրոն ինքնության ձևավորումը. Մինչև Ռուսաստանի գալը Ադրբեջանում ավելի շատ պարսկակենտրոն ինքնություն էր, իսկ ռուսներին սկզբնական շրջանում ձեռնտու էր, որ պարսկական ազդեցությունն այնտեղ թուլանա, և այդ քաղաքականությունից բխած անուղղակիոեն խրախուսվել է թուրքակենտրոնությունը։

1919-20թթ. անգլիացիները չկարողացան լիարժեք վերահսկողություն սահմանել՝ ոչ այդքան զինված ուժեր են ունեցել այստեղ, ոչ էլ ներգրավվածություն ու շահագրգռվածություն։ Մյուսները շատ ավելի քիչ չափով են փորձել. ֆրանսիական ներկայացուցչություն է եղել Բաթումում։ Մասամբ նաև իտալացիներն են փորձել ներկայություն ունենալ՝ հիմնականում տնտեսական շահերով պայմանավորված, սակայն ոչ ոք լիարժեք վերահսկողություն չի իրացրել։

Այստեղ մեկ այլ՝ կարևոր նրբություն կա։ Տպավորություն է ստեղծվում, որ երբ մեծ տերությունները գալիս են՝ տիրում է խաղաղություն, իսկ երբ գնում են՝ սկսվում են հակամարտությունները։ Սա մեծապետական քաղաքականության տարածված առասպելներից է՝ դեռ Հին Հռոմից սկսած՝ ասում էին, որ տեսե՛ք, կայսրությունը խաղաղություն է բերում։ Խնդիրն այն է, որ հակամարտությունները սկսվում են ոչ թե կայսրության հեռանալուց հետո, այլ երբ կայսրությունները հեռանում են, բայց պահպանում են իրենց ազդեցությունը։ Այստեղ է հակամարտությունների հավերժության գաղտնիքը։

Քանի որ ցանկացած լիարժեք պատերազմ շատ ծախսատար է, արագորեն սպառվում է։ Հնարավոր չէ երկու պետությունների, ազգերի միջև պատերազմը շարունակվի 20 տարի, 30 տարի… Պատերազմն ունի շատ պարզ լուծում պարտվող կողմը կնքում է խաղաղություն՝ հաղթող կողմի պայմաններով, որը պատերազմի բնական ավարտն է։

Երկու կողմերի հակամարտությունը դառնում է տևական, հավերժ, երբ 3-րդ, 4-րդ կողմերը միջամտում են։ Այսպես կոչված՝ սառեցված հակամարտությունները արդյունք են երկրորդ, երրորդ, չորրորդ կողմերի միջամտության։ Ղարաբաղյան հարցը դասական օրինակ է։ Պատկերացնենք՝ վակուումի մեջ հայերն ու ադրբեջանցիները պատերազմում են, որը կարող էր տևել 2 տարի, 3 տարի, բայց չէր կարող տևել 10 տարի, առավել ևս՝ 20 կամ 30 տարի։ Ինչ-որ պահի կողմերից մեկը ճանաչելու էր իր պարտությունը, կնքվելու էր խաղաղություն, հաստատվելու էին ինչ-որ հարաբերություններ՝ թեկուզ պարտվող կողմը ռևանշի մտքեր փայփայեր։ Բայց երբ միջամտում է երրորդ կողմը և ասում՝ տղե՛րք, հերիք կտվեք, ես հիմա ձեզ կխաղաղեցնեմ, և թույլ չի տալիս, որ պատերազմն իր բնական ավարտն ունենա, դառնում է տևական հակամարտություն։ Ստացվում է, որ երրորդ կամ չորրորդ կողմի միջամտությունը ստեղծում է տևական հակամարտություն՝ միաժամանակ հանդես գալով միջնորդի դերում։

Արցախյան շարժման սկզբում՝ դեռևս Խորհրդային Միության կազմում, շարժումը ստանում էր Արևմուտքի աջակցությունը։ Միջազգային տարբեր հարթակներում կոշտ քննադատության էին ենթարկվում խորհրդային իշխանությունները՝ Հայաստանի ժողովրդավարական շարժումը ճնշելու և ուժ կիրառելու համար։ Ի տարբերություն արևմուտքի՝ Կենտրոնը՝ Մոսկվան, Ղարաբաղի հարցում դրսևորում էր անզիջում դիրքորոշում՝ անընդունելի համարելով ներքին սահմանների փոփոխությունը, իսկ Ղարաբաղում ստեղծված դրությունը բացատրում էր միայն սոցիալ-տնտեսական թերացումներով։ Մենք նույնպես հավատում էինք, որ Արևմուտքը մեզ կօգնի, որ քաղաքակիրթ աշխարհը չի հանդուրժի Ղարաբաղի հայերի արդարացի պահանջի ոտնահարումը։

20-րդ դարի 90-ական թվականների սկզբին որպես Ղարաբաղում խաղաղության երաշխավոր հայ հասարակությունը քննարկում էր անգամ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ մեր պատկերացումներն ու աշխարհաքաղաքական մեծ գործընթացները հաճախ չեն համընկնում։ Շատ լավ իմանալով, թե ինչպիսի մեծ դերակատարություն ունի Ռուսաստանը մեր տարածաշրջանում, այնուամենայնիվ, խնդրի լուծումը նորից ու նորից փնտրում էինք Արևմուտքում։

Հրանտ Տեր-Աբրահամյան — Մենք պետք է հաշվի առնենք, որ հայկական, այսպես կոչված, ռուսասիրությունը կամ ռուսական կողմնորոշումը ծագումով հայկական արևմտամետության ճյուղավորում է։ Մենք ի սկզբանե ռուսներին մեծ, քաղաքակիրթ կամ քրիստոնյա աշխարհից  չենք առանձնացրել, որին ձգտել ենք դեռևս ուշ միջնադարում։ Նույն Իսրայել Օրին սկզբուն փորձեց ապավինել եվրոպական՝ գերմանական ուժերին, հետո, երբ չի ստացվում, գալիս է Ռուսաստան։ Հիմքում ընկած է նույն աշխարհայացքը՝ կա դրսի մի հզոր ուժ՝ քաղաքակիրթ, քրիստոնյա և այլն, որը պետք է գա և մեր բոլոր հարցերը լուծի։ Փիլիսոփայական տեսակետից և՛ հայկական արևմտամետությունը, և՛ հայկական ռուսամետությունը նույնն են։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան պայքարին, ապա մենք բոլորս էլ հիշում ենք, որ 88 թվականի սկզբին շատ լոյալ էինք Մոսկվայի նկատմամբ, որովհետև դա ընկալվում էր որպես Ղարաբաղի հարց։ Անկախության հարցն էլ չէր դրվում այդ ժամանակ, դա վելի ուշ եղավ՝ 88-ի վերջին, 89-ին և 90-ին։

Հայերի պատկերացումով Ղարաբաղյան շարժումը որևէ կերպ ուղղված չէր Մոսկվայի շահերի դեմ, բայց իրականում ուղղված էր, և աստիճանաբար օբյեկտիվորեն վերածվեց անկախության շարժման։ Պատճառն այն էր, որ օբյեկտիվ իրականության մեջ հայկական ցանկությունները, տարածքային միավորման հայկական իդեալը հակասության մեջ էր ոչ միայն Ադրբեջանի, այլև Մոսկվայի շահերի հետ։

Երբ Խորհրդային Միության այլ հանրապետություններում, Արևելյան Եվրոպայում զուգահեռ ծավալվում էին մնացած բոլոր անկախական շարժումները, բնական է, որ մեր շարժումը նույնպես ընկալվում էր այդ նույն համատեքստում, և մասամբ՝ այդպիսին էր, եվրոպական թավշյա հեղափոխությունների մասն էր։ Բնական է նաև, որ Արևմուտքից կար որոշակի համակրանք, աջակցություն։ Մենք՝ բոլորս էլ հասկանում ենք, որ այդ խնդիրները ոչ այնքան արժեքային դաշտում են լուծվում, այլ աշխարհաքաղաքական։ Եթե որևէ շարժում, պայմանական ասած, ընկալվում է որպես հակառուսական կամ անկախական, ստանում է Արևմուտքի որոշակի աջակցություն։

Արդեն 1991 թվականից հետո այդ խնդիրը, կարծես թե, դուրս եկավ։ Անկախ Հայաստանը հակառուսական քաղաքականություն երբեք չվարեց, և օբյեկտիվորեն մեր շահերը Ռուսաստանի շահերի հետ կտրուկ բախում չունեցան, արևմտյան համակրանքը, աջակցությունը ոչ թե վերացավ, այլ թուլացավ, և ինչ-որ փուլից հայերը սկսեցին նորից ընկալվել որպես ռուսական կողմնորոշում ունեցող։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին 91 թվականից հետո, այստեղ ևս օբյեկտիվ փոփոխություններ տեղի ունեցան։ Մի բան է, որ Ռուսաստանը լիարժեք վերահսկողություն ուներ այս գոտում և հայկական պահանջները, որոնք ուղղված էին ստատուս քվոյի փոփոխությանը և բախվում էին Մոսկվայի շահերին, այլ բան է, որ երբ Ռուսաստանն արդեն թուլացած հեռանում էր Կովկասից և այստեղ արդեն լիարժեք վերահսկողություն չունի, այստեղ արդեն հայերի և ռուսների շահերի ուղիղ բախում չկա։ Ռուսաստանի առաջ ուրիշ խնդիր է գալիս՝ այս հակամարտությունը պահի հավասարակշռության մեջ. պետք է այնպես կառավարել այս հակամարտությունը, որ ո՛չ հայերը լիարժեք հաղթանակ ունենան, ոչ ադրբեջանցիները։ Եվ մենք 1992-94թթ. պատերազմի ընթացքում էլ տեսնում ենք, որ ամենածայրահեղ դեպքերում ուղղակի կամ անուղղակի հենց ռուսական միջամտություն է լինում, որը թույլ չի տալիս կողմերից որևէ մեկին վճռական հաղթանակ տանել։

Լեռնային Ղարաբաղի խնդրի պատմության ու անցյալի վերանայումը, թույլ է տալիս ավելի խորությամբ հասկանալ այսօրվա իրականությունը, պատկերացնել հնարավոր զարգացումները։ Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ արժեհամակարգային երևույթներ, որոնք երբեմնի առաջնային նշանակություն ունեին, ժամանակի ընթացքում զիջում են իրենց տեղը մեծ շահերին և իրական քաղաքականությանը։

Back to top button