Անկախության պատմություն

Ազատ շուկայի խրթին ճանապարհին

Անկախ պետության հռչակումը նշանակում էր նաև տնտեսական համակարգի արմատական փոփոխություն, և Հայաստանը պետք է դառնար ազատ շուկայական հարաբերություններ ունեցող պետություն։ Նախկին՝ Խորհրդային պլանային տնտեսությունը համարվում էր ոչ արդյունավետ, և կարծիք կար, որ շուկայական հարաբերություններին անցնելուն պես մեր երկրի բնակչության կենսամակարդակն արագորեն բարելավվելու է։ Սակայն դեպքերն այլ ընթացք ունեցան և մի շարք պատճառներով մենք կանգնեցինք սոցիալական մեծ դժվարությունների առաջ։ Ազատ շուկայական հարաբերությունների ու գների ազատականացման նպատակահարմարությունը քննարկվում էր դեռևս 90-ականների սկզբից։ Շատերը կարծում էին, որ Հայաստանը պատրաստ չէր տնտեսական նոր համակարգին, իսկ այս ուղղությամբ ընդունված որոշումները լավ չէին մտածված։ 1993թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Միքայել Քոթանյանը գրում էր, որ 1990 թվականից սկսված հողի սեփականաշնորհումն իրականացվել է հապշտապ։ «Հողի սեփականաշնորհումը հանրապետությունում կատարվեց ամենապարզունակ ձևով, և նպատակը ոչ այնքան գյուղատնտեսության զարգացումն էր, որքան եղած տնտեսական համակարգի արագ վերացումը։ Հողը, անասունը, ունեցվածքը ուղղակի ցրվեց, տնտեսությունները, համալիրները ավերվեցին, և ոչ ոք չմտածեց, թե պետությունը պարենի ինչ պաշարներով պետք է կերակրի քաղաքի բնակչությանը և բանակը»,— ասում էր Միքայել Քոթանյանը։

Անկախության առաջին շրջանում շատ էր խոսվում հայերի ձեռներեցության, անցյալում եղած մեծ գործարարների մասին, և հույս կար, որ անկախ Հայաստանում կշարունակվեն այդ ավանդույթները։ Իսկ թե որքանով էր մեր հասարակությունը պատրաստ կապիտալիստական հարաբերություններին և ինչ վերաբերմունք ուներ մասնավոր սեփականության նկատմամբ, մենք այսօր զրուցել ենք տնտեսության առօրեականության պատմության մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու Զոհրաբ Գևորգյանի հետ։

Միջազգային առևտրական հարաբերություններում հայերն ընդգրկված են եղել դեռևս ուշ միջնադարից։ Ռուսական կայսրության տիրապետության շրջանում նույնպես հայ գործարարները մեծ հեղինակություն ու ճանաչում ունեին, սակայն նրանց կապիտալն արդեն խորհրդային շրջանում դուրս մղվեց ու հասկանալի պատճառներով փոշիացվեց։

Նախքան վերակառուցումը Խորհրդային Միությունում մեկ անգամ փորձել էին մասամբ թույլատրել ազատ շուկայական հարաբերությունները՝ հեռավոր 1920-ական թվականներին կիրառվեց Նոր տնտեսական քաղաքականությունը՝ ՆԷՊ-ը, որը սակայն, շատ կարճ կյանք ունեցավ։ Ավելի ուշ՝ հետպատերազմյան տարիներին արդեն հանդիպում էին խորհրդային ընդհատակյա ձեռներեցներ, որոնք հայտնի են կենցաղային «ցեխավիկ» անունով։ Թեև Խորհրդային համակարգն ու քարոզչությունը դատապարտում ու օրենքով պատժում էր այս երևույթը, սակայն, մեր զրուցակցի կարծիքով, հանրային ընկալումներում որոշակի դրական վերաբերմունք կար ձեռներեցների նկատմամբ։

Լուսանկարը՝ «Голос Армении», 12 հունիսի, 1991թ.

Անդրադառնալով հողի սեփականաշնորհման խնդրին՝ Զոհրաբ Գևորգյանը նշեց, որ անցումը կտրուկ չէր, քանի որ կային որոշակի նախադրյալներ։ Բացի այդ, նա զուգահեռներ անցկացրեց Բելառուսի հետ, որտեղ պահպանվել էին ընդհանուր տնտեսությունները, սակայն նշեց, որ Հայաստանի հողային պաշարները թերևս, թույլ չէին տալիս կիրառել այլ երկրների փորձը։ Մեր զրուցակիցը նշեց, որ 90-ականների սկզբին Հայաստանում բացարձակ լիբերալ շուկայական հարաբերություններ, այնուամենայնիվ, չեն եղել։

1985 թվականի վերակառուցումից հետո ստեղծված մասնավոր ձեռնարկությունները՝ կոոպերատիվները, գոյատևեցին մինչև 1990-91 թվականները։ Զոհրաբ Գևորգյանի կարծիքով դրանք կարող էին հետագայում տեղական արտադրության լավ հիմք դառնալ, սակայն 90-ականների էներգետիկ ճգնաժամը և արտասահմանյան էժան ապրանքի հոսքը Հայաստան, խոչընդոտեց դրանց հետագա զարգացումը։

Back to top button