ԿարևորՀասարակություն

Covid-19-ը և կարանտինային տուրերը

«Կարանտինը» պետք է պահի կարանտինային կարգ ու կանոնը։ Այս առաջին հայացքից պարադոքսալ նախադասությունը Գոռ Մանուկյանի և նրա թիմակիցների համար աշխատանքային սկզբունք է։ Պանդեմիական իրավիճակով պայմանավորված` փակվեցին սահմանները և տարիներ շարունակ ոլորտում աշխատած և աշխատանքը կորցրած  Գոռին այլ բան չէր մնում քան․․․

«ֆեյսբուքյան խումբ բացեցինք, անունը դրեցինք «Կարանտին արշավախումբ»․ ինչու կարանտին, քանի որ հենց այս արտակարգ իրավիճակը «կարանտինային պայմանները» մեզ ստիպեց նոր գաղափար ու նոր աշխատանք ունենալ»,– պատմում է Գոռ Մանուկյանը։

Կարանտին արշավախմբում վստահ են, որ ցանկացած բարդ իրավիճակ պետք է դիտարկել ու օգտագործել որպես հնարավորություն։ Եթե չլիներ Covid19-ը` չէր լինի մարդկանց նոր ուղղություններ, նոր ծառայություններ առաջարկելու անհրաժեշտությունը։ Բացի այդ` նորաստեղծ զբոսաշրջային ընկերություններն այս շրջանի փորձառությունը օգտագործելով` սահմանների բացվելուց հետո կկարողանան նոր ուղղություններ առաջարկել նաև արտասահմանցի զբոսաշրջիկներին։

Նորայր Հակոբյանը «Armenia Go Tour»-ի հիմնադիրն է, պատմում է, որ եթե նախկինում ներքին տուրիզմով զբաղվող ընկերությունների թիվը 100–ի էր հասնում, ապա այսօր դրանց թիվը կարող է կրկնապատված լինել։

«Փոփոխությունները բերեցին նաև որակի բարձրացմանը։ Երբ մրցակցությունն ի հայտ եկավ, շատերն սկսեցին գնիջեցումներով հաճախորդներ գրավել, իսկ մյուսները փորձեցին որակն էլ ավելի բարձրացնել, ինչը սպառողների համար, բնականաբար, շահավետ է»։

Նորայրը՝ իր շատ գործընկերների նման, ստեղծված մրցակցությանը դիմանալու  համար ևս ստիպված էր նոր տուրիստական ուղղություններ փնտրել, գտնել ու առաջարկել։ Իրավիճակով պայմանավորված` ավելի պահանջված դարձան քայլարշավները, որոնց ընթացքում կարելի է պահպանել թե՛ սոցիալական հեռավորությունը, թե՛ հայաստանյան լեռների մաքուր օդը։

«Եթե ժամանակի Ա կետից Բ կետ հասնելու համար 200 կմ անցնելու դեպքում ունենում էինք մեկ կանգառ, այս պահին կանգառներն ավելի ենք շատացրել, որպեսզի մարդիկ օդափոխվեն, որպեսի հնարավորության սահմաններում խուսափենք վարակներից»։

Պարետի որոշմամբ` զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տարածքներում պետք է բացառել մարդկային կուտակումները, անկանոն հերթերը, պարտադիր կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորությունը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժի պետ Նաիրա Աղաբաբյանը մեզ հայտնեց, որ սկզբնական շրջանում խախտումները բազմաթիվ էին, իսկ վերջին օրերի ընթացքում մշտադիտարկումների արդյունքում իրավախախտումների քանակի նվազման միտում կա, բայց որոշակի թերություններ այնուամենայնիվ առկա են։ Խախտումների բնույթը նույնն է․ հաճախ չի պահպանվում սոցիալական հեռավորությունը, մարդիկ շրջում են խմբերով և դիմակները չեն կրում սահմանված կարգով։

«Կարանտինը մեզ այնքան բան տվեց, չեք պատկերացնի»,- ասում է Գոռ Մանուկյանը։

Կարանտինյան պարադոքսը շարունակվում է․ եթե մի դեպքում Covid-19-ը ստիպում է չշփվել, մեկուսանալ, ապա «Կարանտին արշավախմբում» նոր ծանոթություններ են հաստատվում, իսկ հիմնադիրները կարանտինի ավարտից հետո անվանափոխության մտադրություն չունեն․ չէ՞ որ, եթե չլիներ կարանտինը` չէր լինի նաև կարանտինային արշավախումբը։

Back to top button