ԿարևորՀասարակություն

Հայրենիքը չլքելու երազանքը․ Կլարա Թերզյանը 91 տարեկան է

Կինոսցենարներ, հուշագրություն, ակնարկներ, պատմվածքներ, վիպակներ, հեռուստատեսային նախագծեր և ձայն մեծաց. սա այն հարուստ ժառանգության մի մասն է, որ 91 ամյա արձակագիր և լրագրող, Հայկական ռադիոյի նվիրյալ Կլարա Թերզյանը տարիների հեռվից նվիրաբերում է մեզ՝ ռադիոյականներիս, ընթերցողին, սերունդներին։

Դրանք ստեղծագործություններ են, որտեղ ժամանակի վկան՝ արդեն Երևանի ռադիոյի արտասահմանի հայության համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագրության մշակույթի բաժնի պատասխանատու խմբագիր Կլարա Թերզյանը ներկայացնում է իր հարցազրույցների հերոսներին, շարադրում մեր ժողովրդի ստեղծագործ մտքի արարումների պատմությունը։

Մեր եթերում Կլարա Թերզյանի ձայնն եք լսում, լրագրողի ու արձակագրի, որ տասնամյակներ շարունակ Հայկական ռադիոյով ներկայացրել  է ժամանակի մեր  մեծերին, ավելին՝ խնամքով պահել  է Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Վիկտոր Համբարձումյանի, Արամ Խաչատրյանի, Վահրամ Փափազյանի, Գրիգոր Գուրզադյանի, Վիլյամ Սարոյանի, Վարդան Աճեմյանի, Գարզուի հետ զրույցները, պահպանել նրանցից շատերի ձեռագրերը, այնուհետեւ փոխանցել սերունդներին՝ մեզ։ Եվ հիմա հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում պահպանվում են հայ հանճարների՝ մեր մեծերի ձայները։

Կլարա Թերզյանը, ում ծննդյան օրն է այսօր, երբ դեռ դպրոցական էր, երազում էր պարուհի եւ բալետմայստեր դառնալ, բայց ճակատագրի բերումով մասնագիտությամբ բանասեր-արևելագետը հայտնվում է ռադիոյում, գրական դրամատիկական հաղորդումների խմբագրությունում, որտեղ  մեկ տարի էր ծրագրել աշխատել, հետո պետք է ասպիրանտուրայում շարունակեր ուսումը, բայց ինչպես եւ բնորոշ է բոլոր ռադիոյակայաններին եւ առաջին հերթին ռադիոյի աշխարհին, անցնում է աշխատանքային  այս դեպքում 50 տարին եւ մեկ էլ արձանագրում ես, որ ռադիոն տուն է, որից չես կարող բաժանվել, որովհետեւ տունդ լքել չես կարող։

Տարիներ անց, իր հարցազրույցներից մեկում Կլարա Թերզյանը խոստովանում է, որ ռադիոյի գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրությունում և արվեստ կար, և գրականություն կար, երաժշտություն կար։

Ասում են պատահական ոչինչ չի լինում, կյանքում  իրադարձություններն ու հանգամանքներն էլ ինչ-որ տրամաբանության շրջանակում օրինաչափ շրջապտույտի մեջ են և այս անդրադարձն էլ  պատրաստելիս մեկ անգամ ևս համոզվեցի՝ պատմության տեղապտույտը դասեր քաղելու համար է, ավագ սերնդի ավանդն էլ մեզ՝ այդ դասերը յուրացնելու մեջ են։ Եվ ուրեմն, երբ Կլարա Թերզյանին խնդրում են հիշարժան մի դրվագ պատմել, լրագրող-արձակագիրը որպես կանոն հիշում է հալեպահայերի՝ մեր հանճարներից Ավետիք Իսահակյանին հասցեագրված նամակը, որտեղ սիրիահայ երիտասարդ հայրենակիցները Վարպետից խորհուրդ են հարցնում՝ թե ինչպես ապրել սփյուռքում և հայ մնալ։

 «Սիրելի՛ հայրենակիցներ, դուք շարունակ պիտի զգաք ձեզ Հայաստանի հետ, ապրեք նրա կյանքով: Աշխատեցեք և տոկացեք, օգտագործեցեք ձեր ժամանակը, սովորեք գիտություններ ու լեզուներ: Հարգեք ձեզ հյուրընկալող սիրիական ազնիվ ժողովրդին: Կարդացեք հայոց հին և նոր պատմությունը: Պահպանեցեք մայրենի լեզուն և երբեք չընկճվեք: Ինչ վիճակի մեջ որ գտնվեք՝ երբեք չվհատվեք: Լավ գիտցեք, որ մեգ մառախուղից  վեր, մթամած երկնքից  վերև միշտ կա ջերմ ու  պայծառ արև, կա Սովետական Հայաստանը՝ բովանդակ հայության Հայրենիքը…»: Սրանք էին Իսահակյանի խոսքերը, որոնք, կարծես, բոլոր ժամանակների համար ասված լինեն և տիկին Կլարան ամեն անգամ այս պատմությունը հիշելիս սրա մեջ հատուկ խորհուրդ է դնում՝  ասելով, որ մենք այսօր էլ պետք է այնտեղ մեծացող հայ մանուկներին հիշեցնենք Վարպետի խոսքերը, որ այո, «մթամած երկնքից վերև միշտ  կա ջերմ ու պայծառ արև»՝ անկախ Հայաստանը, որը պարտավորություն ունի իր զավակներին և եղբայր արաբ ժողովրդին սատարել դժվարություններում…։

50 տարուց ավելի հայկական ռադիոյում աշխատելով Կլարա Թերզյանն այս հուշերը վերածեց գրքերի՝ «Բույլ մեծաց»,  «Փրկված մասունքներ», «Երբ սերն ի աշխարհ եկավ», «Դարձի ճանապարհները»,  «Հարցազրույց կաղնու հետ»,  «Դրսում արև է»,  «Որքա՜ն լույս կա Հայաստանում», «Երկնքի և երկրի փոխհամաձայնեցումը», «Տիկնիկները ծիծաղում են»,  «Իմ ոսկե ձկնիկը», «Ծիծաղի հատիկներ», «Լուսնի Սոնատ», «Չվող թռչունները վերադառնում են իրենց թևերով», «Տարիների շուրջպարը» խոսուն վերնագրերով։

Նրա ստեղծագործություններից յուրաքանչյուրում անդրադարձ կա ազգային զարթոնքին, հոգևոր վերարթնացմանը։ Եվ սա պատահական չէ.  1956 թվականից սկսած ռադիոյի այս նվիրյալը ձայնագրել է  եկեղեցական տոները,  Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի պատմական  Պատարագները և դրանք հնչեցրել ռադիոյով։

Շատ հետո, 2018-ին, հարցազրույցներից մեկում՝ հարցին, թե տիկի՛ն Թերզյան, ո՞ր արժեքները պահպանեցին  մեր ազգին, պատասխանում է.

-Հավատն ու լեզուն, եկեղեցին ու մեսրոպատառ այբուբենը հային հայ պահեցին աշխարհում:

«Եկեղեցու լեզուն նրա զանգերն են: Ինչի՜ մասին ասես չեն ավետում՝ Պատարագ, եկեղեցական ծիսակատարություն, տոն…Զանգերն օրհասական պահին ժողովրդին ոտքի են հանել, առաջնորդել  ի մարտ, ի կյանք ու հաղթանակ: Վկան ՝ մեր մոտիկ անցյալը՝ Սարդարապատի ճակատամարտը»,- ասում է Ալեք Մանուկյան 5 հասցեի նվիրյալը՝ Հայկական ռադիոյում տասնամյակների ավանդ ունեցած ընտրյալը՝ Կլարա Թերզյանը։

Ծնունդդ շնորհավոր ռադիոյի պատմությունը և մշակույթը վավերագրած մեր սիրելի տիկին Կլարա։

Back to top button