ԿարևորՎերլուծական

Ինչո՞ւ Ադրբեջանը սադրանքի գնաց հիմա

Ինչո՞ւ Ադրբեջանը սադրանքի գնաց հիմա։ Փորձագիտական շրջանակների համար սա սպասելի էր՝ հաշվի առնելով վերջին շրջանում Ադրբեջանի հռետորաբանության սրումը։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի դիտարկմամբ՝ Ադրբեջանը պլանավորված սադրանքի գնաց, որն ուղեկցվում էր նաեւ կիբեր դաշտում հարձակումներով, որին բավականին երկար ժամանակ պատրաստվում էին։

Օրբելի կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը կարծում է, որ դրանով Ադրբեջանը փորձում է իր ներքին խնդիրներից շեղել հասարակության ուշադրությունը։

Տավուշի ուղղությամբ Ադրբեջանական սադրանքը ձախողվեց։ Ադրբեջանական կողմը, Օրբելի կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ, ամենայն հավանականությամբ փորձում է վերականգնել ձախողած գործողությունը, սակայն, անցած երկու օրերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի կողմից նախաձեռնած յուրաքանչյուր գործողություն ադրբեջանական կողմի համար բերում է ավելի մեծ կորուստների։

«Ինչպես տեսանք այս երկու օրվա ընթացքում, իրենց նախաձեռնած յուրաքանչյուր նոր գործողություն բերում է ավելի մեծ կորուստների ադրբեջանական կողմում, այդ թվում, ինչպես այսօր տեսանք, իրենց 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետը, այլ բարձրաստիճան զինվորականներ»,- նշում է Տարոն Հովհաննիսյանը։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան համոզված է, որ Ադրբեջանի սադրանքի հիմնական նպատակը ներքին խնդիրներից այդ երկրի հասարակության ուշադրությունը շեղելն է։ «Ուշադրություն շեղելու լավագույն տարբերակն Ալիեւի համար առաջնագծում սադրանքներն էին, որոնք սպասելի էին մեզ համար»,- ասում է փորձագետը՝ նկատելով, որ բոլոր փորձագետները կանխատեսում էին, որ Ալիեւի հռետորաբանությունը դա էր թելադրում։

«Կարծում եմ, որ այստեղ նաեւ հոգեբանական ճնշման փորձ է արվում՝ ցույց տալու համար, որ միայն Արցախի ուղղությամբ չեն հարձակվելու ավելի լայնամասշտաբ գործողությունների դեպքում, այլ՝ այստեղ նաեւ Տավուշի եւ Նախիջեւանի կողմից են փորձելու մեզ ճնշել եւ իրենց զորավարժությունների տրամաբանությունը նույնպես այդ մասին էր վկայում»,- ասում է Էլիբեգովան։

Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ նույնպես՝ Տավուշի հատվածում նման սանդրանքի գնալով Ադրբեջանը փորձեց նաեւ հոգեբանական ճնշում գործադրել, քանի որ այդ հատվածում հայկական բնակավայրերը խիտ են տեղակայված։  

«Տավուշի հատվածը, ինչպես գիտենք, միշտ էլ ակտիվություն եղել է, այնպես չէ, որ նոր է այդտեղ ակտիվություն լինում։ Եվ հիմնականում դա պայմանավորված է եղել հենց այդ պատճառներով։ Սակայն այս դեպքում իրենք ռիսկի դիմեցին եւ փաստացի ձախողեցին իրենց բոլոր պլանները։ Ու դրա միջոցով բավականին մեծ առավելություն փաստացի ստացավ հայկական կողմը։ Դրանով է նաեւ պայմանավորված, որ կորուստներ կրում է հենց ադրբեջանական կողմը»,- նշում է Հովհաննիսյանը։

Հոգեբանական ճնշում գործադրելուց զատ, ըստ Տարոն Հովհաննիսյանի, սադրանքի գնալու ադրբեջանական նպատակները բավականին լայն են եւ բխում են այդ երկրի ներքաղաքական իրավիճակից, որը բավականին բարդ է վերջին երկու ամսվա ընթացքում։ Սոցիալ-տնտեսականին գումարվեց նաեւ ջրի սակավության խնդիրը եւ բողոքի տարբեր ակցիաներ ուղղորդվեցին իշխանությունների դեմ։ Նա նույնպես կարծում է, որ ներքին խնդիրներից հանրությանը շեղելու առիթ էր պետք։ Ձայն – 3 Փորձագետը նկատում է, որ այս պահին հայկական կողմն ունի առավելություն։ Նա չի բացառում, որ գործողությունները դեռ կշարունակվեն եւ կարծում է, որ այստեղ խնդիրն այն է, թե Ադրբեջանը կկարողանա հաշտվել դրա հետ եւ դադարեցնել փորձերը ռազմական ճանապարհով ինչ-որ բան հետ բերելու՝ իրավիճակի առումով, թե՞ ոչ։

Back to top button