ԿարևորՀասարակություն

Օճառաջուր՝ ալկոգելի փոխարեն, ամենաշատ խախտումները երթուղայիններում են

Տեսչական ստուգումները շարունակվում են։ Դրանց արդյունքում հուլիսի մեկի դրությամբ կասեցվել է  4 հազարից ավելի  կազմակերպության գործունեություն, ընդհանուր առմամբ 42 հազար ստուգայց է  իրականացվել։ Տեսչական մարմինների դիտարկումները, սակայն, հուսադրող  դինամիկա են արձանագրում. hունիսի մեկի համեմատ հուլիսի 1-ին խախտումները կրկնակի նվազել են։

Ամենօրյա ստուգումներն արդյունք տալիս են, սակայն համավարակի պայմաններում պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման լիարժեք վիճակ արձանագրել դեռ չենք կարող։ Մարդիկ դժվարությամբ են ընդունում նոր իրավիճակը, դժգոհում են  անհարմարություններից , երբեմն էլ գործի են դնում հնարամտությունը․ «մի քանի դրամը կյանքից առավել է»  տրամաբանությունը, սակայն,  երկար կյանք չունի։

Այսօր հերթական ստուգայցի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները 58 համարի երթուղայինից ախտահանիչ միջոցի փոխարեն օճառաջուր են հայտնաբերել։ Չենք վիճում, վիրուսը, այսպես ասենք, վախենում է նաեւ օճառից, բայց այն լվացվելու համար է, երթուղայինում պետք է ալկոհոլային հիմքով ախտահանիչ օգտագործել։

Ինչեւէ, խորամանկությունը բացահայտված է ու արձանագրությունը կազմված․

«Ալկոգելի փոխարեն օճառաջուր լցրած ճանապարհային ոստիկանին խնդրելու են տեղափոխել մոտակա բաժանմունք վարչական վարույթ իրականացնելու համար»։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբախչյանի խոսքով՝ սա միակ խախտումը չէ,   երթուղայիններից օգտվող քաղաքացիները հաճախ դիմակներն իջեցրած են երթեւեկում։ Օդը երբեմն չի բավականացնում, դա էլ է հասկանալի,  բայց հիմք չէ գերբեռնված երթուղայիններում դիմակը իջեցրած երթեւեկելու համար։

Ստուգումներ իրականացնում են տարբեր տեսչական մարմիններ։ Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 1–ի  դրությամբ կայացվել է 4054 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Հուլիսի մեկի դրությամբ  իրականացվել է 41 639 ստուգում, որից միայն 963-ը՝ նշված օրը:

«Գազպրոմ Արմենիա»  ընկերության Երեւանի գրասենյակի աշխատանքը դադարեցվել է 24 ժամով։ Տեսչական մարմնի աշխատակիցները ժամանել էին պարետի որոշումը կատարելու համար, ստիպված եղան սպասել տնօրենին։  Այստեղ սոցիալական հեռավորությունը չպահպանելու խախտում էր արձանագրվել։

24 ժամով դադարեցվեց  նաեւ «Վեոլա Ջուր» ընկերության գլխամասային գրասենյակի ու սպասարկման կենտրոնի աշխատանքը։ Դիսպետչերական կետի աշխատանքը դադարեցնելու պարետի որոշումը,  սակայն,  դեռ չիրականացվեց։ Ընկերությունը դիմել է պարետատուն՝ հիմնավորմամբ,  որ դիսպետչերական կետի աշխատանքը ռազամավարական նշանակություն ունի եւ կարևոր է ողջ հանրապետության ջրամատակարարման համար։

Ըստ տեսչական մարմինների՝ դինամիկան հուսադրող է։  Հունիսի մեկի համեմատ հուլիսի 1-ին խախտումները կրկնակի նվազել են։

Back to top button