Ծովահայեր

40 տարի ծովում․ Մամիկոն Հակոբյանը՝ հանրահայտ զբոսանավի բոցման. «Ծովահայեր»

 Հունիսի 25-ը  2011թ-ից, աշխարհում նշվում է որպես ծովագնացի օր:  Ծովագնացի օրը «Ծովահայեր»-ն ուղիղ կապ էր հաստատել Կանարյան կղզիներ,  ծովագնաց Մամիկոն Հակոբյանի հետ, ով արդեն 40 տարի նավարկում է։ Մամիկոն Հակոբյանն աշխատում է հայտնի Sea Cloud Cruises ընկերությունում, զբոսաշրջային առագաստանավերից մեկի բոցմանն է։

  -Պարոբ Հակոբյան, ե՞րբ և ինչու՞ որոշեցիք բռնել ծովագնացի ուղին։

— Դա երկար պատմություն է։ Մինչև բանակ գնալս երազում էի ծովի մասին, երիտասարդ էի, տարբեր գրքերից ոգեշնչված ուզում էի ճանապարհորդել։ Ինձ թվում է՝ բոլոր երիտասարդներն էլ երազում են այդ մասին, ինչպես և իմ որդին, ով երազում է անգամ՝սեփական նավ ունենալ։ Դե ինչպես սացի՝ երիտասարդ էի ու բանակ գնալիս ուզում էի ծառայել ռազմածովային ուժերում,  սակայն, ինձ ուղարկեցին ծառայելու ռազմաօդային ուժերում։  Ծառայության ավարտից անմիջապես հետո ընդունվեցի Էստոնիայի Ծովային ուսումնական հաստատություն և վեց ամսից պատրաստ էի ծով դուրս գալ։ Ծով դուրս եկա ոչ թե շրջագայության, այլ՝ աշխատելու։  Մի մեծ ձկնորսական նավի վրա էինք աշխատում։  3-4 տարի այդ  ձկնորսանավի վրա աշխատելուց հետո տեղափոխվեցի մի գեղեցկուհի նավի՝ «Կռուզենշտեռն»-ի վրա։ Դա իմ կայնքի ամենաերանելի շրջանն էր, մեծ փորձ ձեռք բերեցի և կամաց-կամաց առաջ գնացի։  «Կռուզենշտեռն»-ի վրա անցավ 16 տարի, հասա մինչև ավագ բոցմանի կոչման։ Կատարեցինք շատ երկարատև ու տպավորիչ ճանապարհորդություններ, մեկը՝ աշխարհի շուրջ։ Շատ երջանիկ պահեր եմ ունեցել «Կռուզենշտեռն»-ի վրա։ 2000 թ.-ից տեղափոխվեցի մեկ այլ դասական գեղեցկուհու` 1931 թ.-ին կառուցված «Սի քլաուդ»-ի վրա։  Մոտ 40 տարի արդեն ծովում եմ։

  -Փաստորեն՝ ձեր կյանքի ամենակարևոր տարիները ծովում էք անցկացրել։

— Մենք չգիտենք, թե երբ են մեր կյանքի ամենակարևոր տարիները, միգուցե դեռ նոր են գալու։

  — Խոսենք արկածներից․ շուրջերկրյա ճանապարհորդությունը դարձյալ առագաստանավո՞վ էր։

-Իհարկե, «Կռուզենշտեռն»-ը 4 կայմանի նավ է, կառուցվել էր 1926 թ.-ին, գերմանական նավ էր, դարձավ սովետական, հիմա էլ՝ ռուսական դրոշով է նավարկում։ Շուրջերկրյա ճանապարհորդությունից երբ վերադարձա Հայաստան, Ամերիկյան համալսարանում հաշվետու զեկույց ներկայացրի։ Դահլիճը լեցուն էր, դա ինձ շատ ուրախացրեց, որ թեմայի շուրջ մեծ հետաքրքրություն կա։ Շատ հետաքրքիր է ծովագնացի գործը, շատ բան ես տեսնում, բայց միաժամանակ դժվար է, բնության տարերքի հետ գործ ունես։

—  Կհիշե՞ք ձեր ամենավտանգավոր պահերից, օրինակ՝ շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում։

— Իրոք, ամենավտանգավոր պահերից մեկն այդ ժամանակ էր, Հավայան կղզիներից գնում էինք դեպի Տոկիո, մտանք փոթորկի մեջ։ 114 մետր երկարությամբ , 5000 տոննա ծանրությամբ նավը լուցկու նման շպրտում էր ալիքների վրայով։ Հմուտ անձնակազմի և ճիշտ մանևրելու շնորհիվ դուս եկանք իրավիճակից, իհարկե՝ 11 առագաստ կորցրեցինք, բայց բոլորս ողջ-առողջ էինք ու մի ամբողջ շաբաթ վերանորոգում էինք նավը։ Այդ ժամանակ էլ մի գեղեցկության ականատես եղանք, դա բնության ուժն էր։

Իհարկե, Բնությունը չի ուզում քեզ վերացնել, սակայն շատ դժվար է բնության տարերքով անցնելը։ Ես չեմ կարծում, թե բնությունը դա միտումնավոր է անում, այդ մենք ենք խառնվում բնության գործերին ու մի բան էլ ուզում հաղթել բնությանը։

Որն է եղել ձեր ամենատևական ճանապարհորդությունը և ինչքա՞ն ժամանակ էք նավարկել։

-Դա իմ աշխատանքային առաջին 3 տարում էր, երբ աշխատում էի մեծ ձկնորսական նավի վրա։ Մենք 185 օր դուրս չեկանք ցամաք։ Այդ ժամանակ այդպես էր հաշվարկը, 185 օր պետք է նավի վրա աշխատեիր, ձուկը բռնում էինք, փոքր նավերով գալիս տանում էին։ Այդպես կես տարի ապրեցինք առանց ցամաքի։  

— Պարոն Հակոբյան, ի՞նչ չի կարելի անել նավի վրա։

— Չի կարելի սուլել, դա շատ վատ նշան է համարվում։ Հնուց է գալիս, ավանդույթն ասում է, որ սուլելու պատճառով է վատ եղանակ լինում, սուլելու պատճառով է, որ քիչ փող էս աշխատում և ընդհանրապես, ինչքան վատ բան կա՝ դրա հետ են կապում։ Ես էլ շատ վատ եմ արձագանքում, երբ նավի վրա որևէ մեկը սուլում է, պետք է անպայման գտնեմ, զգուշացնեմ։

-Մի ժամանակ կանանց չէին թույլատրում նավի վրա, այսօր արդյո՞ք վերացել է այդ խտրականությունը։

— Ես հիմա էլ կարգելեի(ծիծաղելով) եթե ինքս լինեի նավի տերը, բայց դե՝ ինչ արած։

— Իսկ ինչի՞ հետ է կապված նման խտրականությունը։

-Ես իմ պատճառներն ունեմ, իմ ենթակայության տակ 18 հոգի կա, տախտակամածի անձնակազմը։ Մեր կազմակերպությունը որոշել է, որ անպայման 2  կին պետք է լինի տախտակամածին, կուրսանտներ են։ Մեկ-մեկ, երբ որ դժվար իրավիճակ է ստեղծվում՝ գործի պահով, ես բղավում եմ, նրանք՝ լալիս են, իսկ ես ծանր եմ տանում արցունքները և իմ աշխատանքը դժվարանում է հոգեբանորեն, մնացած դեպքերում՝ ինչ խոսք, լավ ծառայողներ են։

— Նավապետի գերխնդիրը ո՞րն է, անձնակազմ ղեկավարելու գործում։

-Նավապետը․․․  այս պետության պրեզիդենտն է, և բոլորը պետք է անվերապահորեն  ենթարկվեն, այստեղ 100 տոկոս փոխըմբռնում կա միմյանց միջև։ Այսպիսի մի բան կա, ասում են՝ երկրի ղեկավարները եթե մի քանի տարի ծով դուրս գան, հետևեն նավի կարգ ու կանոնին, ապա՝ անզուգական ղեկավարներ կլինեն։ Մեզ մոտ կազմակերպվածությունն ու փոխըմբռնումը ամենաբարձր մակարդակի վրա են, այլապես՝ հնարավոր չէր լինի ծով դուրս գալ։ Ես՝ ինքնս, աշխատում եմ, որ նավի վրա բացասական ինչ-որ բան չլինի։ Շատ լավ միջազգային  անձնակազմ ունենք, և մի հայ, դա՝ ես եմ։

— Տեսակապի շնորհիվ ձեր թիկունքին ես տեսնում եմ  առագաստներն ու շփոթմունքի մեջ ընկնում, ինչպե՞ս էք կառավարում այդքան առագաստները։

— Դա շատ հետաքրքիր է, այստեղ կան մոտավորապես 40 կմ երկարությամբ պարաններ և ամեն պարան իր անունն ու գործառույթն ունի։ Պարանների հետ 2 հիմնական գործողություն ենք կատարում, կամ՝ թողնել, կամ՝ ձգել։ Գործի ողջ էությունն ու նրբությունը կայանում է նրանում, որ իմանաս, թե ե՞րբ և ինչքա՞ն թողնել կամ՝ ձգել։ Առագաստներն այս պահին (նավի՝ կանգնած վիճակում) հավաքված են առագաստափայտերում։ Նավը հիմա սպասում է լավ ժամանակների։ Չնայած՝ բոլորս ենք սպասում լավ ժամանակների։

-Ձեր նավը ներկայումս ի՞նչ նպատակով է ծով դուրս գալիս։

-Նավը զբոսաշրջային է, ունենք 60 տեղանոց հյուրանոց՝  հրաշալի կահավորված գեղեցիկ  համարներով։ Առաջին 4 համարները տիրոջն են պատկանում՝ հնաոճ ու շքեղ կահավորանքով։ Ի դեպ ասեմ, որ բավականին թանկարժեք են, բայց՝ կրուիզների սիրահարները մեկ տարի առաջ են պատվիրում ու ամրագրում իրենց սենյակները «SEA CLOUD» կազմակերպության միջոցով։

-Իսկ Կրուիզները հիմնականում տաք ջրերու՞մ էք կազմակերպում։

-«SEA CLOUD 2»-ը դեպի հյուսիս է գնում, դեպի հյուսիսային ծով, իսկ մեր նավը՝ «SEA CLOUD 1»-ը հիմնականում նավարկում է միջերկրական ծովում, գնում է մինչև Հունաստան, Կարիբյան ծովում ենք կրուիզներ կազմակերպում։

-Ո՞րն է ձեր ամենասիրելի ուղղությունը։

-Տուն, դա իմ ամենասիրելի ուղղությունն է։ Պլանավորում եմ հուլիսի 5-ին գալ Հայաստան, տեղափոխվելը մեծ դժվարությունների հետ է կապված, այս համավարակի պատճառով։  

— Իսկ որո՞նք են նավարկության ձեր ամենասիրելի ուղղությունները։

-Խաղաղ օվկիանոսն իր էկզոտիկ կղզիներով, Հավայան կղզիներն իրենց հրաբուխներով, հետաքրքիր ուղղություն է Ավստրիան։ Մեր երթուղին հետևյալն է. պայմանագրի համաձայն՝  6-7 ամսով դուրս ենք գալիս, Միջերկրական ծովի տարբեր նավահանգիստներով անցնելով՝ կամաց-կամաց շարժվում ենք դեպի արևմուտք, Կանարյան կղզիներ, հետո՝  Կարիբյան ծով։ Հազվադեպ է պատահում, որ ինչ-որ մի նորություն տեսնենք, թվում է, թե աշխարհում արդեն ամեն ինչ տեսել ենք ։

-Եթե ևս 1 կյանք ապրեիք, կընտրեի՞ք նավագնացի ուղին։

  — Նավագնացություն և դայվինգ կանեի։ Ծովագնացի ռեժիմից ելնելով հիմա դայվինգին քիչ ժամանակ եմ հատկացնում։

-Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանի հետը կապված։

 — Հայաստանում իմ բոլոր ծրագրերը կապված են իմ հոբբիի՝ դայվինգի հետ։ Սևանի այս վիճակից ելնելով շատ դժվար է լինելու, բայց եթե հասցնեմ գոնե մի քանի ուսանողի դայվինգ սովորեցնել՝ գոնե մինիմումն արած կլինեմ։ Ուզում եմ Հայաստանում իմ ներդրումն ունենալ դայվինգի զարգացման գործում։ Սևանի  ներկայիս աղտոտված վիճակը մյուս կողմից էլ առավելություն է տալիս այստեղ սովորողներին։ Կարծես՝ փակ աչքերով սուզվելու էֆեկտ լինի։ Սևանում դայվինգ սովորած ուսանողը ձեռք կբերի շատ ավելի մեծ հմտություններ։  Ի դեպ, ասեմ, որ ես միշտ շատ մեծ հաճույքով եմ սուզվում Սևանում։ Ամեն անգամ մի նոր բան եմ հայտնաբերում Սևանում։ Պլանավորում ենք ամռանը կազմակերպել դայվինգ տուրեր։

— Փաստորեն, Սևանա լճի հետ կապված մեծ ծրագրեր ունեք։

-Այո, Սևանի ուսումնասիրում կա․․․ շատ բան ունենք բացահայտելու Սևանում։ Եթե իմ ժամանակը թույլ է տալիս, ես մեծ սիրով եմ դա անում։  

-Ձեզ սպասում ենք Սևանա լճում, Կանարյան կղզիներից՝ Սևանա լիճ։

-Դե կղզիներ են էլի (ծիծաղելով), մենք Սևանում չունե՞նք, մեր Սևանն ինչո՞վ է պակաս, օրինակ՝ «Չայերի կղզի»-ն։

-Շնորհակալություն հարցազրույցի համար, ձեզ սպասում ենք Հայաստանում, կհանդիպենք՝ Սևանա լճում։  

Back to top button