ԿարևորՀասարակություն

Ո՞ւմ դաշտում է գնդակը․ ԼՀԿ-ն ու Քոչարյանի պաշտպանները չեն կողմնորոշվում

Հայաստանի  երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները որոշել են Սահմանադրական դատարանից հետ վերցրել իրենց դիմումը, որով վիճարկում են  ՔՕ 300․1 հոդվածի սահմանադրականությունը։ Հոդվածն առնչվում է նախագահի անձեռնմխելիությանը։

Փաստաբաններն իրենց քայլը պայմանավորում են ԼՀԿ-ի դիրքորոշմամբ։

Ըստ Արամ Օրբելյանի՝  ՍԴ դիմելու ԲՀԿ նախաձեռնությանը չմիանալը ԼՀԿ-ն  կապել է Քոչարյանի գործի քննության հետ,  որոշել են դիմումները հետ վերցնել ԼՀԿ-ին  չխոչընդոտելու համար։   

«Մենք տեսնում ենք, որ խմբակցություններից մեկը Սահմանադրության երաշխավորման և խորհրդարանին տրված իրավունքներն ու պարտականություններն ապահովելու համար ՍԴ դիմելը կապել է Քոչարյանի գործի հետ: Ես հորդորում եմ Սահմանադրական փոփոխությունների գործընթացում մոռանալ Քոչարյանին, քանի որ մարդկանց անգործությունը, ՍԴ չդիմելը չի համապատասխանում իրավական պետության և մարդու իրավունքների գերակայությանը»,- ասաց Արամ Օրբելյանը: 

ՍԴ դիմելու  հարցի շուրջ քննարկումները  սկսվել են հունիսի 22-ից, երբ  խորհրդարանում ընդունվեց  Սահմանադրությունում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որն  ուժի մեջ կմտնի հունիսի 26-ին։   ԲՀԿ–ն նույն օրը հայտարարեց , որ ստորագրահավաք է նախաձեռնում Սահմանադրական դատարան դիմելու համար, քանի որ նախագիշն ու դրա ընդունման ընթացակարգը  Մայր օրենքին հակասող են համարում։  ՍԴ -ում այդ հարցը վիճարկելու համար  անհարժեշտ է  27 պատգամավորի  ստորագրություն, իսկ ԲՀԿ-ն  25  անդամ ունի։ Անհրաժեշտ էր ԼՀԿ-ի աջակցությունը, բայց  Լուսավորն այս փուլում  որոշեց  չմիանալ նախաձեռնությանը և իր դիրքորոշումը բացատրեց Քոչարյանի գործով։  

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը  ՍԴ-ում  կվիճարկեն միայն հուլիսի 7-ից հետո, որ կուսակցության անունը չկապվի Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանության հետ՝ երեկ հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը։  

«Լուսավոր Հայաստան»  խմբակցության անդամներն այսօր էլ նույնը պնդեցին․ իրենց ասածն ուժի մեջ է, իսկ Քոչարյանի փաստաբանների քայլը քաղաքական է։

Դիմումը հետ վերցնելը չի նշանակում, որ դիմումն այդ օրը չի քննվելու՝ ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։ 

Խնդիրն այն է, որ  Քոչարյանի գործով 2 դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան․  մեկը ՝ փաստաբանների, մյուսը՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից: Այս պահին դիմումը դատարանից հետ են վերցրել միայն փաստաբանները, հետևաբար հուլիսի 7-ին նշանակված դատական նիստը տեղի է ունենալու ու այդ գործը քննվելու է։ 

 ԼՀԿ-ն պնդում է, որ ՍԴ դիմելու է Քոչարյանի գործի քննությունից հետո։

«ԲՀԿ խմբակցությունը դիմում է ներկայացրել, որտեղ մեկ կետով էր հակասահմանադրականությունը վիճարկվում, մենք առնվազն երեք կետ էլ պետք է ավելացնենք, այսինքն՝ պետք է նոր դիմում գրել: Եթե մեր գործընկերները պահպանեն իրենց ստորագրությունները, ապա մենք կմիանանք, երկու խմբակցությունների ստորագրությամբ նոր դիմում կգնա ՍԴ»,-ասաց Մարուքյանը:

Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել  է Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ է արձակվել 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։ 

Back to top button