ԿարևորՀասարակություն

Կենսական նշանակության ճանապարհի կառուցում` Արմավիր քաղաքում

Պետական բյուջեի միջոցներով սկսվել է  Երևան- Արմավիր- Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի  Արմավիր քաղաքով անցնող 2կմ 70 մ հատվածը: Նախատեսվել է կառուցել ջրահռացման նոր համարկարգ, հինը ծածկվել էր ասֆալտե շերտով:  Կկառուցվեն մայթերը, իսկ մայթեզրերը կփոխարինվեն  բազալտե նոր եզրաքարերով: Քերված ասֆալտով կբարեկարգվի  «Կապույտ կամրջից» Նորապատ տանող շրջանցիկ ճանապարհը և 108 թաղամասի մուտքի ճանապարհը:

Երեք օր առաջ մեկնարկեց Երևան-Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակության Արմավիր քաղաքով անցնող մայրուղու ճանապարհի շինարարությունը, որը վարորդների համար  սպասված իրադարձություն է:  Ճանապարհի անբարեկարգության  պատճառով մեքենաները հաճախ վնասվել են, վթարների պակաս նույնպես չի եղել.

«Ճանապարհը շատ վատ է, նամանավանդ ներքևը, քանդած է, սաղ փոս է, սաղ ավտոները ջարդվում էին: Անձրև էր գալի՝ ջուրը գյոլում էր , քշել չէր լինում: Շատ խորը փոսեր են, մեքենան տորմուզ էր տալիս, հետևից գալիս խփում էին, ավարիաներ շատ էր լինում»:

«Շատ զարհուրելի վիճակ էր»:

Անձրևաջրերը կուտակվել են ջրահեռացման համակարգի խափանման հետևանքով: Համակարգը նախկինում  եղել է, հետո անհետացել, նախկին ճանապարհաշինարարներն այն թողել էին ասֆալտե ծածկույթի տակ, որը հայտնաբերվեց, երբ  սկսեցին քանդել  ճանապարհը.

«Հենա, կալոդեցը գետնի տակից, ասֆալտի տակից են հանել, փակ ա, էնի ջրատարն ա, արի մոտիկից նայի,  փակ ա, վրեն ասֆալտ են քաշել, գնացել են»:

Վարորդների համար այս ճանապարհը կանաչ լույս է վառելու: Նրանք անթաքույց իրենց գոհունակությունն էին հայտնում երկրում ընթացող դրական փոփոխությունների համար.

«Էսօրվա դրությամբ էսի, ըսենք, հայտնություն է՝ էսքան տարվա մեջ: Մենք նայում ենք, ուրախանում ենք: Լավ բանից ո՞նց կարաս չուրախանաս, որ էսօրվա դրությամբ շարժ կա, տարբերություն կա, որովհետև սաղս էլ նալոգ ենք մուծում, չէ՞, մեքենաները վարում ենք, պետական նալոգ ենք մուծում: Էդ նալոգները, ուրեմն, տեղ է հասնում, չէ՞»:

Կենսական նշանակություն ունեցող այս ճանապարհահատվածի հիմնանորոգման մասին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խոսել էր դեռ անցած տարվա վերջին:

Ճանապարհը կառուցվում է պետական բյուջեի հաշվին, ծրագրի ընդհանուր արժեքը 983 միլին 400 հազար դրամ է: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ասում է, որ սա քաղաքի ամենամեծ կապիտալ  ճանապարհաշինությունն է, որը հիմնանորոգվում է 2020թ  «Կենսական նշանակության ճանապարհների նորոգման» ծրագրի շրջանակում: Պատվիրատուն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է. «Կապիտալ նորոգվելու է Երևանյան փողոցի ամբողջ  երթևեկելի մասը, մայթերը, տեղադրվելու են նոր եզրաքարեր, կառուցվելու է նոր անձրևատար կոյուղի, այսինքն՝ ամբողջ ծավալով ճանապարհը կապիտալ նորոգվելու է»:

Հիմա քանդում են ճանապարհի երթևեկության մի հատվածի ասֆալտե ծածկույթը: Ճանապարհաշինարարը  «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն է: Աշոտ Հայրիկյանն արդեն 10 տարի կառուցում ու նորոգում է մեր հանրապետության տարբեր ճանապարհները, հերթը Արմավիրինն է.

«Ասֆալտը քերում ենք, հետո կկառուցենք ջրատարները, կոյուղին կփոխվի, մայթերը, բոլոր մասնագիտական գործերը կարվեն»:

Քերված ասֆալտը նպատակային  է օգտագործվելու, այն նախատեսվել է մայրուղին հատող շրջանցիկ ճանապարհի և նորակառույց թաղամասերից մեկի  մուտքի ճանապարհը բարեկարգելու  համար: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյան.

«Քննարկումների արդյունքում որոշվել է Արմավիրից Նորապատ «Կապույտ կամրջի» մոտով անցնող հատվածը նորոգվի, որպես շրջանցիկ ճանապարհ Երևանյան փողոցի համար: Ասֆալտի մի մասը կտեղափոխվի 108 թաղամաս, նորոգվելու է 108 թաղամաս մտնող ճանապարհն՝ Աբովյան փողոցի վերջնամասում, ինչպես նաև մանկավարժական քոլեջ գնացող հատվածը»:

Վերից-վար քայլելով մայրուղու կառուցվող  հատվածում, մյուս ծայրամասում նկատեցի, որ մայթեզրերի կառուցման համար  բազալտե քարեր են բեռնաթափում, այս աշխատանքում ներգրավված էր պայմանագրային աշխատող. «Հիմա եզրաքարերն ենք կուտակում: Պետք ա հինը տեխնիկայի միջոցով քանդենք, աղբը հեռացնենք, բետոնային աշխատանքներ անենք, որ էս նորը տեղադրենք»:

Պետական բյուջեի միջոցով այս տարի հիմնանորոգվելու է  մոտ 12 կմ ճանապարհ, կառուցվելու է նաև սահմանամերձ Երվանդաշատ և Բագարան տանող ճանապարհը՝ օրեր առաջ ինձ հետ հարցազրույցում ասել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը.

«Երվանդաշատ-Բագարան գնացող ճանապարհը, և Երվանդաշատից-Բագարան միացնող ճանապարհն ամբողջովին պետական բյուջեով կառուցվելու է: Սահմանամերձ ամենակարևոր համայնքներն են, բայց այնտեղ որևիցէ ճանապարհային ենթակառուցվածք գոյություն չունի, այսինքն՝ ամբողջովին ճանապարհը հիմնանորոգվելու է ու կառուցվելու, մոտավորապես՝ 6.5 կմ»:

Արմավիրի ճանապարհի հիմնանորոգումը նախատեսվել է ավարտել տարեվերջին:

Back to top button