ԿարևորՀասարակություն

Զբոսայգու չախտահանված մարզասարքերը կարող են կորոնավիրուսի տարածման պատճառ դառնալ

Արմավիր քաղաքի զբոսայգում բակային մարզումների համար նախատեսված բացօթյա մարզասրահն արդեն մի քանի տարի պրոֆեսիոնալ և սիրողական սպորտով զբաղվողների մարզվելու  վայր է դարձել:

Կարանտինի ընթացքում այս սրահից օգտվողների թիվն ավելացել է, բայց հանրային վայրի մետաղական մարզասարքերը պարբերաբար չեն ախտահանվում: Արմավիրի զբոսայգին վերջին անգամ ախտահանվել է հունիսի 1-ին:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Արմավիր քաղաքում դեռ փակ են  համայնքային մարզադպրոցները: Արտակարգ դրության պայմաններում մարզիկների մարզվելու վայրը մարզադահլիճներից տեղափոխվել է այգու բացօթյա մարզասրահ, որտեղ հիմնականում բակային մարզումների համար նախատեսված երկաթե  մարզաձողեր են տեղադրված:  Այստեղ օրվա տարբեր ժամերին կարելի է հանդիպել մարզվող երիտասարդների ու պատանիների: Նրանք մարզվում են, սակայն  վստահ չեն, որ  մետաղական  մարզասարքերն ախտահանվում են և համավարակն իրենց չի սպառնալու․

«Այգու տնօրենը կարող էր ախտահանել էս տարածքը, որովհետև հենց հիմա էլ  երեխաներ են եկել ներս, կախվում են տուրնիկներից, սկսում են մարզվել: Իրենց հետևից էլ կարող է  մի ուրիշ խումբ գա, չի բացառվում, որ ինչ-որ մեկը վարակված լինի, էդ վարակը փոխանցվի բոլորին»:

Զրուցակիցս մարզիկ է և մարզիչ, ամեն առավոտյան իր մարզումներն անցկացնում է այգու բացօթյա  մարզասրահում, և երբևէ չի նկատել, որ ախտահանվեն մարզական սարքերն ու տարածքը:  Այստեղ իրենց  մարզական վիճակն են փորձում պահպանել պրոֆեսիոնալ մարզիկներն ու նրանց սաները.

«Լավ կլիներ, որ ախտահանվեր գոնե 2 ամգամ, որովհետև առավոտյան գալիս են մարզվողները, քանի որ հիմա կարանտինի պատճառով դադարեցրել են իրենց մարզումները սպորտդպրոցներում և այստեղ են գալիս»:

«Արմավիրի քաղաքային զբոսայգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Պետրոսյանը նշեց, որ վերջին անգամ այգում ախտահանման աշխատանքներն իրականացվել են հունիսի 1-ին.

«Մի անգամ ցիստեռը մտցրեցինք, քլորաջրով լվացրեցինք, հետո սրսկման ապարատով ախտահանեցինք նստարանները, խաղահրապարակը, բեսեդկաները: Մարզասարքերը մոտավոր 2 շաբաթը մեկ ենք անում, բայց պիտի ավելի հաճախ անենք ավելի, ոնց հասկանում եմ»,- ասում է Դավիթ Պետրոսյանը ։

Թեպետ Արմավիրի այգու տնօրենը նկատում է քաղաքի միակ բացօթյա մարզասարքերից ամեն օր  օգտվող մարզիկներին, բայցև չժխտեց՝  մարզասարքերն ամեն օր չեն ախտահանվում, քանի որ դժվար է մաքրուհու համար:

Այգու սթրիթ վորքաութի մարզասարքերից օրվա տարբեր ժամերին օգտվում են նաև երեխաներն ու կանայք: Եթե մարզիկներն ինչ որ կերպ կարող են պահպանել անձնական հիգիենան, ապա դպրոցականների համար չախտահանված  մետաղաձողերը  կորոնավիրուսի տարածման միջոց կարող է լինել: Տնօրեն Դավիթ Պետրոսյանը որոշեց.

«Սրսկման ապարատ կա, քլորը կբացեմ, կլցնեմ սրսկման ապարատի մեջ, կտամ աշխատողին, դնի ուսին, սրսկի»,- նշում է Դավիթ Պետրոսյանը։

Զբոսայգում շատացել են մանկական ձայները: Քաղաքի կանաչ գոտում երեխաներին բերում են զբոսանքի, որոնք օգտվում են նաև խաղահրապարակից:  Երեխաները գալիս են  երբեմն ծնողների, երբեմն տատիկ-պապիկների հետ:

Զրուցակիցս խաղահրապարակում  հետևում էր թոռնիկին. «Ես մի 2 ամգամ տեսել եմ, որ ախտահանում են, հիմնականում առավոտ շուտ, մի անգամ էլ երեկոյան եմ տեսել: Երեխաներ են, իրենք էդ հարցում շատ զգույշ են: Խաղահրապարակից հետո երեխային լվացնում եմ, հետո մեքենայի մեջ օղի ունեմ, փչում եմ»:

Եթե մարզասարքերի ախտահանման հետ կապված  այգու տնօրեն Դավիթ Պետրոսյանը երկմտեց, ապա  մանկական  խաղահրապարակների մաքրման հարցում՝ վստահաբար պատասխանեց.  

 «Ամեն օր աշխատողը ժավելի խոնավ տրյապկայով մաքրում է բեսեդկաները, որտեղ տարիքով մարդիկ եննստում, հետո խաղահրապարակի սղիկները: Ինքը ամեն առավոտ մաքրում է, ուղղակի էդ մարզման տեղը ինտերվալը մի քիչ երկար է, բայց կարամ ավելի շուտ-շուտ անեմ, խնդիր չի»:

Պարետի սահմանած անվտանգության կանոններով կորոնավիրուսային հիվանդության տարածումը  կանխարգելելու նպատակով ախտահանումն իրականացվում է  քլորի հիմքով կամ 60-80 տոկոս սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով: Զբոսայգում հիմնականում երկաթե նստարաններ են, մարզասարքեր, զրուցարաններ և պլաստմասսայից սղարաններ, իսկ ամռանն այստեղ  այցելուների պակաս չկա:

Back to top button