ԿարևորՄտքերի խաչմերուկ

Կիջնե՞ն Հայաստանում սպառողական ապրանքների գները․ նավթի գնանկման հետևանքները

Հայաստանի տնտեսությունը նավթի գնից անմիջական կախում չունի, բայց  միջնորդավորված ազդեցությունը մի շարք ոլորտների վրա մենք նույնպես զգալու ենք, ընդ որում՝ ոչ միայն բացասական, կարծում է տնտեսագետ Կարեն Ավագյանը։ 

«Դրական գործոն կարելի է դիտարկել այն, որ նավթի «ածանցյալների» գները նույնպես կարող են իջնել՝ բենզինը, կերոսինը, դիզելային այլ վառելիքներ, որոնք օգտագործվում են Հայաստանի տնտեսության մեջ։  ՀՀ բեռնափոխադրումները ավտոտրանսպորտային ուղով կարող են արձանագրել ինքնարժեքի իջեցում և միակ ոլորտը, որ կարող է շահել, հենց Հայաստանի բեռնափոխադրումների ոլորտն է։  Հուսանք, վառելիքի էժան գները կանդրադառնան նաև մեր երկրում սպառողական ապրանքների գների վրա», — նշում է «Հայացք Գյումրիից»  հաղորդաշարի հեղինակը։ 

Տնտեսագետի խոսքով՝ Ադրբեջանը, որը մեծապես կախված է նավթի գներից, կրելու է զգալի տնտեսական, հնարավոր է նաև՝ քաղաքական վնասներ։ Կարեն Ավագյանը փաստում է, որ նավթի բարձր գների դարաշրջանն այլևս ավարտված կարելի է համարել։

Տնտեսագետը կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում ՀՀ  կառավարության քայլերը գնահատում է բավարար գործողությունների ծավալի տեսակետից՝ նշելով սակայն, որ տնտեսական առաջնահերթությունների տեսանկյունից դրանք չեն արդարացնում իրենց։ 

Կարեն Ավագյանը ներկա պայմաններում առաջարկում է նաև ճիշտ օգտագործել կենսաթոշակային կուտակային հիմնադրամների հնարավորությունները։

Back to top button