ԿարևորՀասարակություն

«Մարդասպան» հսկայի` Կավարտի ռեկուլտիվացումը` 2020-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ կառավարությունը նախատեսում է շուտով սկսել Կավարտի բաց հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքները: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի մարզի տարածքային բաժնից տեղեկացնում են, որ դեռևս նման հրահանգ չեն ստացել։ Իսկ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնեցին, որ ռեկուլտիվացման աշխատանքների նախագծման փուլը կմեկնարկի 2020 թվականին, որի համար նախնական տվյալներով կծախսվի 3 մլրդ դրամից ավելի (մոտ 3 միլիարդ 278 միլիոն դրամ (3277800․0 հազար դրամ)։

Շարժվում ենք Կավարտ։ Ճանապարհն անցնում է Կապանի Արփիկ, Աշոտավան, Լենհանքեր թաղամասերով, որտեղից էլ երևում է հսկա «մարդասպանը»՝ Կավարտի՝ անտերության մատնված բաց հանքը։ Հոտն արդեն գյուղ տանող ճանապարհին է զգացվում։

Կավարտի հանքը շահագործել են են հույն արդյունաբերողներ Կոնդուրովները, հայ Խոջամիրովները, ապա` ֆրանսիացիները: 1920-ականներին խորհրդային իշխանությունը վերաբացեց 1917-18թթ․ Հայաստանի առաջին հանրապետության օրոք փաստացի չգործող հանքերը:

1924-ից դրանք կոչվեցին Լենհանքեր: Մինչև 50-ական թթ․ այն շահագործեցին ստորգետնյա, իսկ ահա դրանից հետո՝ մինչև 1985 թ․, գործեցին որպես բաց հանքեր: Դրա  պատճառով տեղափոխվեց հին Կավարտ գյուղը: Հայաստանի անկախացումից հետո շահագործումը վերսկսվել է 1999 թվականին։ Հետագայում, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի մասնավորեցումից հետո, նոր սեփականատերը՝ կանադական «Դինո գոլդ մայնինգ քամփնի» (այնուհետև՝ Դանդի փրիշս մեթալս) ընկերությունը, շարունակել է Կավարտի բաց հանքի շահագործումը, սակայն 2-3 տարի անց կրկին դադարեցրել։

Բաց հանքի վտանգի մասին Լենհանքերի բնակիչներն են խոսում։ Ալվարդ Սահակյանը պատմում է՝ առավոտյան տան աստիճանների վրա բաց հանքի դեղին գույնի դեղին փոշին է նստած լինում։

 «Մեզ համար այնքանով է վտանգավոր, որ հոտ է գալիս, բոլորը ճառագայթ է, բայց մեր վարչապետը խոսք էր տվել, որ Կավարտը կծածկի։ Երբ որ ծածկվի և ծառատունկ արվի, մենք էլ գոնե մի քիչ մաքուր օդ կշնչենք»։

Վոլոդյա Գրիգորյանն էլ ասում է․  «Այս հանքը եթե աշխատի՝ ապա ներքևով կտանեն մինչև քաղաք։ Այստեղ կարող է ատվալ չլինի։ Բոլոր դեպքերում լավ կլինի, որ աշխատի, որ այստեղի ազգաբնակչությունը փող ունենա»։

Կավարտի բնակչուհի Սվետլանա Պապյան. «Լրիվ դուրս են տվել տարել, ի՞նչ կա, որ վտանգավոր լինի, չնայած, որ կարիերի հոտը մինչև հիմա կա, առաջ ավելի շատ էր, գալիս բնակավայր, բայց հիմա դեռ բան չեմ զգում»։

Ռուբեն Պողոսյանն էլ հանքարդյունաբերության ոլորտում 40 տարվա աշխատանքային փորձ ունի։ Աշխատել է Կավարտի հանքում, ասում է՝ միևնույն է, վտանգ լինի, չլինի, այստեղ է իրենց ապրուստը, ստիպված են մնալ։

«Ճառագայթ է, բայց դե եթե հողով ծածկված լինի, շատ ավելի լավ կլինի բոլորի համար»:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի մարզի տարածքային բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Սահակյանն ասաց, որ այս պահին ոչ մի հրահանգ չունեն ինչ-որ գործունեություն ծավալելու համար։ Տեսչական մարմինը իր աշխատանքը սկսելու է ռեկուլտիվացիան սկսվելուց հետո։ Տեսչական մարմինն ունի միայն ուսումնասիրելու, վերահսկելու եւ ստուգումներ կատարելու լիազորություն։

«Ռեկուլտիվացիայի համար հարկավոր է հստակ նախագիծ, հստակ ՇՄԱԳ, հստակ նորմեր՝ հաստատված կառավարության և լիազոր մարմնի կողմից։ Տեսչական մարմնի վերահսկողության գործառույթը այն է, որ գործունեություն ծավալող սուբյեկտի՝ լինի պետական, թե մասնավոր, վերահսկողությունը մեր լիազորությունների մեջ է, որ լինի նախատեսված նորմերի և թույլտվությունների շրջանակում, որոնք պարտադիր պիտի պահպանել»։

Բաց հանքի ապարներում առկա են պղինձ, բազմամետաղներ, ռադիոակտիվ տարրեր, ծծումբ, ծծմբական թթու։ Բնապահպան Հակոբ Սանասարյանն ասում է՝ անգամ ռեկուլտիվացման դեպքում վտանգն ամբողջությամբ չի վերանում։

 «Հայաստանում, զուտ տարածքային իմաստով, ռեկուլտիվացիան շատ բարդ է, մասնավորապես Սյունիքում, որ ռելիեֆային բարդ կտրվածքներ, լեռնային զանգվածներ և հիմնականում ապարներ ունեցող տարածք է։ Նախնական այդ բլուրի տեսքի բերելը, այսինքն իսկական ռեկուլտիվացիա՝ անհնար է»։

Այնուհանդերձ, ե՞րբ կսկսվեն Կավարտի հանքի ռեկուլտիվացման աշխատանքները,  որքա՞ն գումար է նախատեսված դրա համար, հարցերին ի պատասխան՝ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացրեցին, որ ռեկուլտիվացման աշխատանքների նախագծման փուլը կմեկնարկի 2020 թվականին, որի համար նախնական տվյալներով կծախսվի մոտ 3 միլիարդ 278 միլիոն դրամ (3277800․0 հազար դրամ)։

Back to top button