ԿարևորՔաղաքական

Ի՞նչ հետեւություններ անել Մյունխենի համաժողովից

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նկատում է, որ Մյունխենյան հանդիպման հետ կապված Ադրբեջանի լրատվամիջոցներում չկա որեւէ մի մոտեցում, որն անգամ մեկ միլիմետրով կարող է շեղվել Իլհամ Ալիեւի մոտեցումից։ Ի տարբերություն՝ այն ամենատարբեր տեսանկյուններից քննարկվեց եւ տարաբնույթ մեկնաբանություններ ստացավ մեր երկրում, ինչը եւ ազատ հասարակության առավելությունն է։

Ի՞նչ եզրահանգումներ պետք է անել մյունխենյան հանդիպումից։ Այս հարցերի շուրջ այսօր խոսել են նաեւ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ու «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պողոսյանը։

Կարծես թե, հիմա շտկվում են այն բացթողումներն ու սխալները, որ եղել են 30 տարվա ընթացքում ,  այսպիսի տեսակետ հայտնեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

«Հիմա, կարծես թե, շտկվում են այն բացթողումները եւ սխալները, որ եղել են 30 տարվա ընթացքում։ Այդ կապակցությամբ՝ ե՛ւ մեր ԶՈԻ բնագավառում, ես կարծում եմ, կա լավ առաջընթաց, ե՛ւ, ընդհանրապես, հարցի բոլորովին նոր մոտեցում և նոր հարցադրումներ են առաջ գալիս, որոնք հանդես եկան Մյունխենի համաժողովում։ Ես համոզված եմ, որ սա շատ կարեւոր միջոցառում էր մեր համար։ Եթե Փաշինյանը գրառել է դա, նույնիսկ, այնպես՝ ոչ պաշտոնական ձեւով՝ «մյունխենյան սկզբունքներ», շատ լավ է, որովհետեւ մենք դրանով, փաստորեն,  հրաժեշտ ենք տալիս այն անիծյալ սկզբունքներին, որ կոչվում էր մադրիդյան սկզբունքներ, որը բացառապես ընդունելի չէ մեզ համար»։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ մյունխենյան հանդիպումը եւ այնտեղ Ալիեւի արտահայտած կեղծ թեզերը, որոնց այդ մարդն ինքն էլ հավատում է, եւս մեկ անգամ մեզ մոտ պետք է ամրապնդեն այն տեսակետը, որ մենք գործ ունենք ֆաշիստ գործչի հետ։ Սա ամենեւին էլ այդ անձի որակավորումը չէ, այլ նրա գործողությունների բնութագրումը՝ ձեւակերպեց ադրբեջանագետը.  

«Քանի կա մեր հարեւանությամբ Ադրբեջանը, որը ունի եւ ունենալու է նման նախագահներ, որովհետեւ իրենք կրթվում են այդ ոգով ծնված օրվանից, մենք պետք է ամեն առումով պատրաստ լինենք իրենց հետ տարբեր զարգացումների»։

Ըստ ադրբեջանագետի՝ դժվար է ասել, թե հակամարտության կարգավորմանը նման հանդիպումները ինչ-որ խոշոր բան են տալիս։ Նրա գնահատմամբ՝ հանդիպման տպավորություններն առայժ թարմ են եւ մեզանում հատկապես էմոցիաներով են գնահատականներ տրվում, բայց դրա իրական ազդեցությունը հակամարտության կարգավորման վրա հետագայում կերեւա։

Խնդիր կար տեսակետներ հնչեցնելու, հնչեցվեցին։ Ի՞նչ հնարավոր ազդեցություն դա կարող է ունենալ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կարգավորման գործընթացների վրա՝ ըստ ադրբեջանագետի.

«Ես համոզված եմ, որ իրենք ցանկացած հայտարարության էլ հետեւում են, որովհետեւ, եթե իրենք հետեւում են սոցցանցերում կատարված գրառումներին, կամ տեղի լրատվամիջոցներով կատարված հայտարարություններին, ապա Մյունխենի կոնֆերանսի ընթացքում կողմերի հայտարարություններին միանշանակ հետեւում են եւ, միանշանակ, ինչ-որ հետեւություններ դրանից իրենց համար անում են։ Բայց  թե ի՞նչ հետեւություններ են անում, ես չեմ կարող նշել»։  

Ընդհանրապես, դասական ճշմարտություն կա. բոլոր դեպքերում, անկախ ելքերից եւ արդյունքներից, բանակցությունն ավելի լավ է, քան թե պատերազմը. այս մասին  հիշեցրեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Իհարկե, վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է՝ շեշտեց նա թեմայի քննարկման ժամանակ։

«Մեծ աղմուկ բարձրացրեց, կոպիտ ասած, մեր լրատվամիջոցներում. բաժանվեցին, չգիտես ինչու, երկու մասի, բայց դա հարցի մյուս կողմն է։ Ես կարծում եմ, որ իրոք սա (Մյունխենի հանդիպումը) արժանի է ուշադրության եւ կարող է ունենալ հետեւանքներ։ Մեր դիվանագիտությունը, ըստ երեւույթին, պետք է նկատի ունենա, որ այս մյունխենյան համաժողովը շարունակություն է ունենալու, եւ մյուս տարի պետք է ավելի լավ պատրաստված լինել։ Եվ, ըստ երեւույթին, սրա համար արդեն արվում է որոշակի քայլեր, եւ պետք է ավելի առաջ գնալ»։

Ու՞մ օգտին է ժամանակն աշխատում՝ այս հարցին արձագանքելով «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը նախ ասաց, թե հասկանալի է, որ այս տիպի հանդիպումները որեւէ խնդրի լուծման չէին նպաստելու։ Քաղաքագետը նկատեց, որ եթե մինչ այս մեր ընկալումներում կար ինչ-որ մի դրական սպասում, օրինակ, լրագրողների փոխայցերից հետո, ապա այս հանդիպումից հետո այդ ընկալումներում կոշտացումներ եղան։

«Բնականաբար, այս հանդիպումից հետո մեր մոտեցումներն ավելի կոշտացան, ավելի, այսպես ասենք, ամրապնդվեցին այն խնդրի վրա, որ որեւէ լուծում ակնկալել կամ սպասել խաղաղ բանակցություններով Ադրբեջանի կողմից՝ հնարավոր չէ»։  

Թեւան Պողոսյանի համոզմամբ՝ ժամանակն աշխատում է այն ճիշտ օգտագործողի օգտին։ Ասաց, որ ինքը տեսնում է միայն հայկական լուծում եւ այդ ժամանակը հայկական լուծման օգտին ճիշտ օգտագործելու հեռանկարը, իսկ դրա համար բոլոր հայկական ինստիտուտները պետք է աշխատեն՝ ի նպաստ հայկական շահերը առաջ տանելուն։

Back to top button