ԿարևորՀասարակություն

Վաղը ոստիկանապետը կհանդիպի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ

Խորհրդարանական մեծամասնությունը նախատեսած քայլեր  և կայացրած որոշումներ ունի ինչպես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, այնպես էլ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի վերաբերյալ։

Թեեւ դրանք դեռ չեն գաղտնազերծվում, բայց իշխանական պատգամավորները  վստահեցնում են ՝ ՍԴ–ի  շուրջ ստեղծված իրավիճակը միանշանակ հանգուցալուծվելու է։ Այս հայտարարությունն այսօր հնչել է նաև  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։ Դրանց ընթացքում  պատգամավորներն անդրադարձել են նաեւ արտախորհրդարանական զարգացումներին։

Խորհրդարանական մեծամասնությունը վաղը ԱԺ–ում հանդիպում է նախատեսել  ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները  վստահեցնում են, որ հանդիպումը  ծրագրել էին ավելի վաղ, բայց նաև չեն հերքում՝ փորձելու են պարզաբանումներ ստանալ երեկ տեղի ունեցածի՝ մի շարք գործիչների բերման  ենթարկելու, հետո ազատ արձակելու  առնչությամբ։   Ոստիկանության երեկվա գործողությունները թեև  հակասական գնահատականների են  արժանացել, բայց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պատգամավոր Հայկ Կոնջորյանը չեն շտապում կատարվածը քաղաքական տեսանկյունից դիտարկել։

Լիլիթ Մակունց. «Իրավապահները, իհարկե, պարզաբանումներ պետք է ներկայացնեն, թե ինչ հիմքով են գործողություններ ձեռնարկել։ Քանի դեռ այդ պարզաբանումները  չկան, գնահատական տալը ճիշտ չէ»։

Հայկ Կոնջորյան. «Այն անձինք, ովքեր երեկ բերման են ենթարկվել,  քաղաքական գործիչներ չեն․ ուշադիր հետևեք այդ մարդկանց հռետորաբանությանն ու բառապաշարին՝ ընդհուպ  հայհոյանքներով, ընդհուպ ընտանիքի եւ ծնողների հասցեին, ինչը որևէ ձեւով չի տեղավորվում քաղաքական բառապաշարի մեջ։ Հետևաբար, ես կարծում եմ, որ զուր են ջանքերը քաղաքական շղարշ քաշել երևույթներին վրա, որոնք ամենեւին քաղաքական չեն»։

Ընդդիմադիրներին  մտահոգում է ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Լուսավոր Հայաստանում» , օրինակ, չեն ընկալում, թե ինչու է այդ մարմինն առանձնացվել ողջ դատաիրավական համակարգից։

Տարոն Սիմոնյան․ «Հասարակությունը չի վստահում դատական իշխանությանը, եւ որոշ դեպքերում հասարակությունը ճիշտ է, որովհետև,  այո, մեր դատական համակարգը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում արդյունավետ արդարադատություն իրականացնել։ Այստեղ մեղավորը ոչ թե ՍԴ–ն է, այլ ամբողջ դատական իշխանության համակարգը։ Այս ամբողջ հսկայական խնդիրը մոռանալ և կենտրոնանալ մեկ անձի վրա, կարծում ենք, որ սխալ մոտեցում է։ Սա որևէ լուծման չի տանում։ Լավ, անձին փոխեցիք մեկ այլ անձով, համակարգը մնում չէ՞ անաշխատունակ»։

Ի դեպ, ՍԴ–ի  շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հարցում կա մեկ  ժամկետ՝ փետրվարի 27։ Այս օրը լրանում է ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի հնարավորություն տվող օրենքով նախատեսված ժամանակահատվածը։ Մինչև այդ ժամկետի լրանալը իշխանությունը նոր քայլեր, ամենայն հավանականությամբ, չի ձեռնարկի։ Դրանից հետո, սակայն, քայլեր կլինեն՝ վստահեցնում են խորհրդարանական մեծամասնության պատգամավորները՝ չմանրամասնելով, թե ինչ միջոցների են դիմելու։

Վահագն Հովակիմյան․  «Բոլոր ճգնաժամերի լուծման գործիքակազմերը կան Սահմանադրությունում։ Եվ լավ կլինի, որ այն  լավ ընթերցի նաեւ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը»։

 «Իմ քայլը» կայացրած որոշում ունի նաեւ ԱԱԾ նախկին պետի վերաբերյալ։ Խմբակցության անդամները Վանեցյանին կանդրադառնան և կմեկնաբանեն նրա հայտարարությունները միայն այն դեպքում,  երբ նա քաղաքական պայքարի հրապարակային հայտ ներկայացնի և հստակ դիրքավորվի դաշտում։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել,  «իմքայլականները» Վանեցյանին այլեւս չեն անդրադառնա։  

Back to top button