ԿարևորՀասարակություն

19 բան, որ փոխվել է Հանրային ռադիոյում 2019 թվականին. տնօրենի ամփոփումը

Հանրային ռադիո աշխատանքի եմ ընդունվել 8 ամիս առաջ՝ անցնող տարվա ապրիլին: Հաշվետվությունն ամփոփում է 2019 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսները: Համեմատականներն արված են նախորդող շրջանի հետ:

19 փոփոխություն 2019-ին

  1. Ընկերությունը վաղաժամկետ մարել է վարկերը
  2. Սկսել է հետ բերել նախկինում բանկերին վճարված տոկոսները
  3. Բարձրացվել է 100 հոգու աշխատավարձ 
  4. Անցկացվել է մասշտաբային տեխնիկական վերազինում
  5. Ռադիոն դարձել է վիզուալ
  6. Քառապատկվել է Թուրքիայի հետ սահմանին FM հեռարձակման հզորությունը
  7. Առնվազն եռապատկվել է Ադրբեջանում, Թուրքիայում եւ Իրանում մեր AM ազդակի  սփռման գոտին
  8. Ադրբեջանական լսարանի համար ներդրվել են նոր վիդեոպրոդուկտներ
  9. Ներդրվել է էլեկտրոնային բովանդակություն 4 խոշոր ազգային փոքրամասնությունների համար:
  10. 60%-ով ավելացվել  է լրատվական հաղորդումների ծավալը
  11. Ռեստորանային երաժշտությունը («6/8», «ռեգգետոնը», եւ այլն) մեկընդմիշտ դուրս է մղվել  եթերից
  12. Ստեղծվել է լեզվի ներքին տեսչություն
  13. Վերագործարկվել է Հանրային ռադիոյի 2-րդ` երիտասարդական ալիքը
  14. Եռապատկվել է կայքի դիտումների թիվը
  15. Կրկնապատկվել են արխիվի թվայնացման տեմպերը
  16. Վերսկսվել է երաժշտության ֆոնդավորումը
  17. Վերականգնվում է ռադիոթատրոնը
  18. Վերականգնվել է «Արեւիկ» մանկական համույթը
  19. Առաջացել է բյուջեի պրոֆիցիտ շուրջ 10%-ի չափով:

Արդյունքում…

APR Group-ի ամռանն անցկացրած հետազոտությունները ցույց տվեցին, որ մեր երկրի բոլոր լրատվամիջոցների մեջ Հանրային ռադիոն զանգվածային լսարանի կողմից ընկալվում է, որպես տեղեկատվության ամենավստահելի աղբյուր: Ըստ այդ հետազոտության, վստահության աստիճանով մենք զիջում ենք միայն ընտանիքի անդամներին:

IRI-ի աշնանը հրապարակած հետազոտության համաձայն, ռադիոն որպես հասարակական-քաղաքական ինֆորմացիայի աղբյուր նշած քաղաքացիների թիվը մայիս-հոկտեմբեր ամիսներին 16%-ից հասել է 27%-ի: Այս ցուցանիշը վերաբերում է էական ծավալով լրատվական ծրագրեր հաղորդող բոլոր ռադիոկայաններին, բայց Հանրայինն այս սեգմենտում համակարգաստեղծ գործոն է և, պետք է փաստենք, որ սեգմենտի աճը մեծապես պայմանվորված էր Հանրայինի լրատվական ծառայությունում իրականացված բարեփոխումներով:

Շուրջ 800 մասնակիցներից բաղկացած էքսպերտային ֆոկուս-խմբերի շրջանում անցկացված հետազոտության արդյունքում, դեկտեմբերին Հայկական PR ասոցիացիայի կողմից Հանրային ռադիոն ճանաչվեց «Տարվա լրատվամիջոց»:

Հիմա ավելի մանրամասն՝ փոփոխություն առ փոփոխություն

1. Ընկերությունը վաղաժամկետ մարել է վարկերը

Ապրիլ-նոյեմբեր ամիսներին ամբողջությամբ մարվել են ընկերության վարկերը, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 33 մլն դրամ, որը մենք որպես տոկոսավճար առաջիկա տարիների ընթացքում պետք է տայինք բանկին, եթե վարկը մարվեր ըստ ժամանակացույցի:  Հանրային ռադիոն այլևս վարկեր չունի:

2. Հետ են բերվում նախկինում վճարված տոկոսները

Հիմա հակառակն ենք անում՝ գոյացող տնտեսումների մի մասը, կարճաժամկետ ավանդների միջոցով աշխատեցնելով, հետ ենք բերում նախկինում բանկերին տոկոսավճար տված 24 մլն դրամը:

3. Բարձրացվել է 100 հոգու աշխատավարձ

Ներկայում շուրջ 100 հոգի ավելի բարձր է վարձատրվում, քան` 8 ամիս առաջ: Սա արվել է և աշխատավարձի պարզ բարձրացման, և արտադրության ծավալներն ավելացնելու արդյունքում լրացուցիչ գործ անելու հնարավորություններ ստեղծելու միջոցով: Հաջորդ բարձրացումը՝ հունվարի 1-ից: Այն վերաբերում է ևս շուրջ 100 աշխատակցի:

4. Անցկացվել է տեխնիկական վերազինում

Վերջին տարիներին ընկերության ռադիոտեխնիկական համալիրը սկսել էր չհամապատասխանել ընկերության առջև դրված խնդիրներին: Խոսքը նախ ևառաջ մոնտաժային հզորությունների մասին է: Հին սարքավորումների չափաբաժինը կրիտիկական էր: Տարվա ընթացքում ընդհանուր առմամբ շուրջ 30 մլն դրամի աուդիոսարքավորումների ու համակարգիչների 2 խոշոր խմբաքանակ ձեռք բերվեց և ներդրվեց: Վերազինումը շարունակվելու է նաև 2020-ին:  

5. Անցկացվել է վիզուալիզացիա

Այժմ Հանրային ռադիոն լսելուց բացի կարելի է նաև դիտել:  Վիզուալացվել է 3 տաղավար՝ այդ թվում երաժշտական ձայնագրություններինը՝ լեգենդար «6-րդ ստուդիան»։ Սարքավորումներն այս պահին շուկայում առկա գին/որակ համադրության լավագույն լուծումն են։ Ներդրված վիդեոհամակարգը չի պահանջում լրացուցիչ անձնակազմ՝ օպերատոր, ռեժիսոր, վիդեոմոնտաժող և այլն: Գործընթացը լիովին ավտոմատացված է և արտադրության ինքնարժեքի վրա չի ազդում:

6. Քառապատկվել է Թուրքիայի հետ սահմանին FM հեռարձակման հզորությունը

Հանրային ռադիոյին հաճախ և արդարացիորեն մեղադրում են հեռավոր մարզերում հեռարձակման տեխնիկական որակի համար: Խոսքը հատկապես սահմանամերձ շրջաններին է վերաբերում, որտեղ թուրքական և ադրբեջանական հզոր կայանները հայկական ազդակները խեղճացնում են, իսկ տեղ-տեղ` ուղղակիորեն «խեղդում»: Ամենախոցելին թերևս Շիրակի մարզն էր, որտեղից և սկսեցինք՝ քառապատկելով Գյումրիի հեռարձակող կայանի հզորությունը: Հիմա Շիրակում խնդիրը լուծված է: Հերթը Տավուշինն ու Սյունիքինն են:

7. Առնվազն եռապատկվել է Ադրբեջանում, Թուրքիայում եւ Իրանում մեր AM ազդակի  սփռման գոտին

Հանրային ռադիոն ունի արտաքին աշխարհի՝ մասնավորապես հարևան երկրների համար նախատեսված հաղորդումներ, բայց կար տեխնիկական հասանելիության խնդիր՝ կապված միջին ալիքների առանձնահատկությունների հետ: Կարգավորումից հետո մենք տեխնիկապես դարձանք հասանելի Հարավային Կովկասով ու Հայկական բարձրավանդակով մեկ։ Ադրբեջաներեն, թուրքերեն, պարսկերեն, քրդերեն և արաբերեն Երևանը խոսում է AM1395 ալիքով, ամեն օր, երեկոյան ժամը 8-ից:

8. Ադրբեջանական լսարանի համար ներդրվել են նոր վիդեոպրոդուկտներ

Այս տարի ներքին լսարանից բացի Հայկական ռադիոն, ի լրումն լսելու, դիտում են նաև Ադրբեջանում: Խոսքը դեռ փոքրիկ փորձարարական ադրբեջաներեն վիդեոռեպորտաժների և Հայաստանի քաղաքական ղեկավարության առանցքային ելույթների ադրբեջաներեն կրկնօրինակման մասին է: Վարչապետի` այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Ստեփանակերտի հրապարակում ունեցած հայտնի ելույթները Ադրբեջանում մայրենի լեզվով դիտվել են յուրաքանչյուրը շուրջ 100 000 անգամ:


9. Ներդրվել է էլեկտրոնային բովանդակություն 4 խոշոր ազգային փոքրամասնությունների համար

Ազգային փոքրամասնություններին մատուցվող ծառայությունները  բխում են հանրային հեռարձակողի մանդատից: Այս տարի, ի լրումն ասորի, եզդի, հույն և քուրդ համայնքների իրենց մայրենի լեզուներով տրվող ռադիոհաղորդումների, Հանրայինը գործարկեց նաև կայքի բաժիններ համապատասխան լեզուներով:

Ազգային փոքրամասնություններին մատուցվող ծառայությունների բարելավմանն ուղղված փորձարարական ծրագրի շրջանակներում կրկնապատկվել է 69.77մՀց հաճախականությամբ եզդի համայնքի համար տրվող ռադիոհաղորդումների ծավալը, իսկ համացանցում ստեղծվել է եզդիական ժողովրդական երաժշտություն հաղորդող շուրջօրյա ռադիոկայան: Հաջորդ տարի դրական փորձը կկիրառվի նաև մնացած 3 համայնքների համար:

10. 60%-ով ավելացվել  է լրատվական հաղորդումների ծավալը

Այս տարի Հանրային ռադիոն ռադիոշուկայի լայնածավալ հետազոտություն պատվիրեց: Հետաքրքիր էր, թե որքանով է մեր լսարանը մեզանից գոհ, ինչ կուզեր և ինչ չէր ուզի լսել մեր եթերում: Պարզվեց, որ քիչ է մեր լսարանի շուրջ 56%-ը մեզ հանուն լուրերի է լսում, դեռ մի բան էլ` շուրջ 28,69%-ը կուզեր, որ լուրերը եթերում լինեին ավելի շատ: Աչքիս վրա… լրատվական հաղորդումների ծավալն ավելացվել է 60 %-ով ու դեռ էլի է աճելու:  Մի փոքր ընդլայնվել է լուրերի սեփական թղթակիցների ցանցը: Եղածին ավելացել են Սյունիքն ու Գեղարքունիքը: Հաջորդ տարվա ընթացքում պետք է բոլոր մարզերը ծածկենք:

11. Ռեստորանային երաժշտությունը («6/8», «ռեգգետոնը», եւ այլն) մեկընդմիշտ դուրս է մղվել  եթերից

Ըստ նույն հետազոտության, մեր լսարանի 32,53%-ը, սա ամենամեծ խումբն է, կուզեր մեր եթերում ավելի շատ երաժշտություն լսել: Արդեն լսում է: Այստեղ, սակայն, պետք է խոստովանեմ, որ վստահ չեմ, թե Հանրայինի առաջին ծրագրի երաժշտական քաղաքականությունից բոլորը գոհ են: Ծավալի ավելացման հետ մեկտեղ բացառվել են երաժշտական թերևս ամենաժողովրդական ժանրերը՝ «6/8»-ն իր բոլոր դրսեւորումներով, ռուսական «պոպսան», այսպես կոչված «հայկական ռեգգետոնը», «քաղաքային ֆոլկլորը», «արևելյան ռոմանսը»…, իսկ, նվաստիս կարծիքով, նույն ինքը` սովորական ռաբիսը, մի խոսքով այն ամենը, ինչը տեղավորվում է ռեստորանային երաժշտություն ձևակերպման մեջ: Այս նպատակով ստիպված էինք փակել ամենառեյտինգային հաղորդումներից մեկը՝ «Ձեր պատվերով»- ը, որովհետև մարդիկ զանգում և պատվիրում էին հենց դա:

12. Վերագործարկվել է Հանրային ռադիոյի 2-րդ` երիտասարդական ալիքը

Կարծում եմ, քչերը գիտեին, որ մայրաքաղաքում FM103,8  հաճախությամբ հեռարձակվող «Իմ ռադիո» կայանը հանրայինինն է եղել, պարզապես կոմերցիոն նկատառումներից ելնելով՝ այն միայն երաժշտություն և գովազդ էր հեռարձակում: Այս տարի «Իմ ռադիոն» վերադիրքավորվել է որպես հանրայինի երիտասարդական ալիք և սկսել է համապատասխան բովանդակություն հեռարձակել: Ներկայում երաժշտությունից զատ «Իմ ռադիոն» օրական շուրջ 2 ժամ օրիգինալ բովանդակություն  է արտադրում և հեռարձակում, հաջորդ տարի ծավալը շեշտակիորեն աճելու է: Ծրագրերին կարելի է ծանոթանալ այստեղ։

13. Կայքի դիտումների թիվը եռապատկվել է

Ամռանը գործարկված մեր նոր կայքը Հայաստանի ամենաբազմալեզու ռեսուրսն է։ Քոնթենթը հայերենից բացի հասանելի է ևս 11 լեզուներով՝ ազգային փոքրամասնությունների, միջազգային հաղորդակցության և տարածաշրջանի երկրների: Նոր կայքը իրապես մուլտիմեդիա է: Այնտեղ և տպագիր, և ձայնային և վիդեո նյութեր են տեղադրվում: Կայքի թարմացումը և սոցցանցերում աշխատանքի ռազմավարության վերանայումը բերեցին դիտումների եռապատկման: Թրաֆիկը այժմ էլ շարունակում է աճել:   

14. Կրկնապատկվել են արխիվի թվայնացման տեմպերը

Հանրային ռադիոյի հնչյունային ժապավենային արխիվը տարածաշրջանում ամենահարուստներից մեկն է: Շուրջ 100 000 նմուշ, որոնք այս էլ մի քանի տարի է թվայնացվում, վերականգնվում և տեղադրվում են արխիվի կայքում:

Թվայնացումն արվում է 80-ական թվականների արտադրության շվեյցարական «Շտուդեր» մակնիշի նվագարկիչներով: Այդ նվագարկիչները անգերազանցելի են, բայց, ցավոք, էլ չեն արտադրվում, և Հանրային ռադիոյում եղած 6 նվագարկիչներից աշխատում էին միայն 3-ը: Այս տարի Շվեյցարիայի դեսպանության աջակցությամբ Հայաստան ժամանեցին շվեյցարացի մասնագետները, վերանորոգեցին չաշխատող «Շդուդեր»-ները, կարգաբերեցին աշխատողները, նվիրեցին բազմաթիվ պահեստամասեր և թվայնացման համար անհրաժեշտ այլ պարագաներ, անխափան շահագործման ևս 30 տարվա երաշխիք տվեցին: Արդյունքում, արխիվը թվայնացվում և վերականգնվում է երկու անգամ ավելի արագ։

15. Վերսկսվել է երաժշտության ֆոնդավորումը

Տարիների դադարից հետո Հանրային ռադիոն վերսկսել է սեփական կարիքների համար երաժշտություն ձայնագրել: Ռադիոյի կոլեկտիվները՝ էստրադային-սիմֆոնիկ, Արամ Մերանգուլյանի անվան ժող․ գործիքների և «Սայաթ Նովա» աշուղական համույթները վերադարձել են տասնամյակներ առաջ ընդունված պլանով աշխատելու սկզբունքին: Կոլեկտիվներից յուրաքանչյուրը տարեկան պետք է պատրաստի, մշակի և ռադիոյի կարիքների համար ձայնագրի շուրջ 100 րոպե երաժշտություն: Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում Հանրային ռադիոն ձայնագրել և մշակել է շուրջ 1000  րոպե բարձրակարգ երաժշտություն։ 

Այս տարի Կոմիտասի 150-ամյակի առթիվ Հանրային ռադիոն թողարկեց նաև «Կոմիտաս 150 տարի/րոպե» եռասկավառակ հոբելյանական ալբոմը, որն ամփոփում է Կոմիտասի բոլոր հնարավոր մեկնությունները` ակադեմիական կատարումներից մինչեւ Կոմիտասի երաժշտության ֆյուժն մշակումներ:

Եթե որևէ բան չեմ խառնում, սա առհասարակ Հանրային ռադիոյի լեյբլով թողարկված առաջին ալբոմն է:

16. Վերականգնվում է ռադիոթատրոնը

Տարին ոչ միայն Կոմիտասյան էր, այլև Թումանյանական: Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ Հանրային ռադիոն բեմադրեց  Թումանյանի «Հին կռիվը» պոեմը: Արդյունքում ստացվեց 40 րոպեանոց լիարժեք ռադիոներկայացում: Սա տարիների ընդմիջումից հետո ռադիոթատրոնի թեմային անդրադառնալու առաջին փորձն էր:

Հաջորդ տարի պլանավորում ենք 4-5 ներկայացում, ինչպես ասում են, հանձնել հանդիսատեսի դատին: Աուդիոփոդքաստինգի նկատմամբ աշխարհում, նաև արդեն Հայաստանում, անընդհատ աճող հետաքրքրության ֆոնին ռադիոթատրոնը կարող է իրապես նոր կյանք ստանալ: Աշխատանքներում ներգրավված են ռադիոյի մասնագետները և թատրոններից հրավիրված առաջատար դերասանները: Բայց իդեալական տարբերակն իհարկե սեփական թատերախումբ ունենալն է: Բեմի և ռադիոյի գեղագիտությունը սկզբունքորեն տարբեր են, և ժամանակի ընթացքում Հանրային ռադիոն պետք է կարողանա հենց ռադիոդերասաններ աճեցնել:

17. Վերականգնվել է «Արևիկ» մանկական համույթը

Քառասուն տարի առաջ «Արևիկը» ստեղծվել էր որպես էստրադայի կադրերի դարբնոց։ Խորհրդային վերջին և անկախության առաջին տարիներին մեր էստրադայում եղած դրականը այս կամ այն կերպ կապված էր «Արևիկ» անվան հետ։ Փորձում ենք կրկին։ «Արևիկը» վերաբացվել է։ Ուսուցումն անվճար է։ Անսամբլում ներգրավված 36 փոքրիկ արտիստներն ընդունվելիս լրջագույն քննություն են հանձնել: Եթե հիմա ճիշտ աշխատենք, գուցե 10-15 տարի հետո սկզբունքորեն այլ որակի էստրադա ունենանք։

18. Ստեղծվել է Լեզվի ներքին տեսչություն

Եթերային լեզվի անաղարտության հարցը Հանրային ռադիոյի դեպքում առանձնահատուկ կարևորություն ունի։ Անգամ ընկերության կանոնադրության մեջ եթերում հնչող հայերենի վերաբերյալ առանձին պարբերություն կա։ Լեզվի անաղարտության մասին դրույթ կա նաև Կառավարության ծրագրի մեջ։  Հանրայինի լեզուն թեև միշտ էլ տարբերվել է, բայց միևնույն է, եղել է երբեմն արդար, երբեմն՝ ոչ այնքան, քննադատության առարկա։  Հարցը մեկընդմիշտ լուծելու համար ստեղծվել է եթերային լեզվի ծառայություն, որը մշտադիտարկման, կանխարգելիչ և կրթական բնույթի գործիքներով ժամանակի ընթացքում պետք է Հանրային ռադիոյի եթերային լեզուն դարձնի բանավոր հայերենի օրինակելի նշաձող բոլորի համար։

19. Առաջացել է բյուջեի 10%-ոց պրոֆիցիտ

Ամենակարևորը, թերևս, այն է, որ արտադրության ծավալների աճը, որակի բարելավմանն ուղղված ծրագրերը, նոր ուղղությունների գործարկումն ընթանում էին վարչատնտեսական բնույթի ծավալուն բարեփոխումներին զուգահեռ, ինչի արդյունքում Հանրային ռադիոն տարվա բոլոր նորարարություններով հանդերձ ոչ միայն չի սկսել ավելի թանկ նստել հարկատուի վրա, այլ հակառակը՝ բյուջեի պրոֆիցիտ է գեներացրել: Ծախսել է 10%-ով քիչ, քան նախատեսված էր ծախսել`անգամ առանց նախորդ 18 փոփոխությունների իրականացման:

Back to top button