ԿարևորՀասարակություն

Մեքենա՝ առանց վարորդ, ախտորոշում՝ առանց բժշկի. ապագան արհեստական բանականությանն է

Ռազմական արդյունաբերությունից մինչև բժշկություն. արհեստական բանականությունը փոխում է աշխարհը. առանց վարորդի մեքենաները կամ առանց բժշկի ախտորոշումը, ըստ  մասնագեների, երկար սպասեցնել չեն տա:  

Իսկ ռազմական արդյունաբերության մեջ վառոդից  ու միջուկային զենքից  հետո արհեստական բանականության տեխնոլոգիաները, ըստ փորձագետների,  երրորդ  մեծագույն նորարարությունը կդառնան: Արհեստական բանականությունը, նրանց կարծիքով,  չի  կարողանա միայն մեկ բան՝ սիրել մարդու նման:

Մարդկային գործունեությունը՝ առանց մարդու, համակարգչային  ծրագրերի  օգնությամբ: Ապագան արհեստական բանականությանն է: ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական  կենտրոնի փոխտնօրեն Վարդան Աթոյանը տալիս է  գնալով ավելի ու ավելի շատ շրջանառվող կապակցության  ձևակերպումը:

«Արհեստական բանականությունն, ըստ էության, համակարգչային ժամանակակից տեխնոլոգիաներն են, որոնք փորձում են կամ իրականացնում են այնպիսի գործառույթներ, որոնք ավանդաբար բնորոշ են եղել միայն մարդուն։ Օրինակ՝ վերլուծելու ունակություն, ստեղծագործելու ունակություն կամ տվյալների մեծ բազայի հետ աշխատանք, որով ինքն արդեն մարդուն գերազանցում է՝ հաշվի առնելով այն արագությունը և տեղեկատվության այն ծավալը, որն  ի տարբերություն մարդու, կարող է արհեստական բանականությունը կատարել»,- ասում է Վարդան Աթոյանը:

Ռոբոտ կենդանիներ, ռոբոտ մարդիկ…նրանք առաջիկա տասնամյակներում «կգրավեն» կյանքի գրեթե բոլոր ոլորտները։

Ամեն ինչ սկսվել է ԱՄՆ-ում, մոտ 60 տարի առաջ՝ նախորդ դարի 50-ական թվականներին։ Աթոյանի խոսքով՝ այդ շրջանում է դրվել տեսական, մեթոդաբանական ու գիտական քննարկումների սկիզբը։ Արհեստական բանականությունն իր հետ բերում  է աննախադեպ հնարավորություններ ու մարտահրավերներ,  տեխնոլոգիաներ, որոնք  կարող են օգտագործվել գրեթե բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև ռազմական արդյունաբերություն.

«Առաջին հերթին՝ տնտեսության մեջ։ Մեծ ծավալի տվյալներ է կարողանում մարսել, վերլուծել, դասակարգել, ինչպես նաև ինքնուրույն որոշումներ ընդունել: Սրանք նաև մարդուն են բնորոշ: Բայց արհեստական բանականությունը մարդուց շատ ավելի  պակաս ժամանակում, շատ ավելի արագ  է  կարողանում դրանք իրականացնել»,- ասում է Աթոյանը: 

Ռազմական արդյունաբերության մեջ բարութից  ու միջուկային զենքից  հետո  երրորդ մեծագույն նորարարությունը արհեստական բանականության տեխնոլոգիաներն են՝ փաստում են ռազմական փորձագետները:

Վարդան Աթոյանը կարծում է, որ այս ոլորտում կիրառվելով՝ արհետսական բանականությունը որակական փոփոխություններ է ապահովելու:

«Ռոբոտներ, ԱԹՍ-ներ: Մեզանում այժմ այդ գործընթացը կա: Իհարկե այժմ արհեստական բանականության իդեալական  մակարդակը չէ»:

Արհեստական բանականությունն իր հետ  փոփոխություններ է բերելու նաև աշխատաշուկայում: Գործող մասնագիտություններից շատերը ապագայում անցյալ են դառնալու:

«Առողջապահության ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում:  Այն արագությունը և ճշգրտությունը, որը կարող է ապահովել ԱԲ-ն,  ֆանտաստիկ հնարավորություններ է բերելու: Կլինի վիրահատության կամ հիվանդությունների ախտորոշման ոլորտում: Գուցե այսօրվա մարդ-բժշկին փոխարինի համակարգիչը»:

Ռիսկային խմբում նաև վարորդներն են: Առաջիկայում Երևանում    էլ  առանց վարորդի մեքենա կտեսնենք։ Բագրևանդում կառուցվող ինժեներական քաղաքը  ինքնագնաց երթուղի կունենա, որը շենքից շենք կտեղափոխի «քաղաքի բնակիչներին»։

Ի՞ նչ պետք է անի ինքնագնաց մեքենան, որն այժմյան  մեքենաները չեն կարող անել։  Ինքնագնացը դետեկտորների միջոցով  պետք է «տեսնի» շրջապատի առարկաները՝ մարդկանց ու մեքենաները, «հասկանա»  իր շուրջը կատարվող իրադարձությունները՝  երբ է անձրև գալիս, ասֆալտը թաց է եւ փոխի իր «վարքագիծը»։

«Պարտավոր է իրավիճակից բխող որոշումներ կայացնել՝ արգելակել, ղեկը թեքել, արագանալ՝ ընդհարումից խուսափելու համար։ Նրա մեջ կան ճկուն ալգորիթմներ»,- ասում է YЕА ինժեներինգ կազմակերպության տեխնիկական տնօրեն Գուրգեն Մարդոյանը:

Թե երբ ինքնագնաց մեքենաները դուրս կգան երթուղի, դեռ պարզ չէ, բայց հայկական ինժեներական միտքն աշխարհին օգնում է այս հարցում. մեր մասնագետները ներգրավված են թեսթավորման աշխատանքներում:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության  գիտահետազոտական աշխատանքների գծով ավագ կառավարիչ Տիգրան Սարգսյանը,  խոսելով արհեստական բանականության մասին, ընդգծում է. «ԱԲ-ն փորձում է նմանակել ուղեղին, սակայն, մարդու ուղեղը շատ ավելիին է ի վիճակի»:

Բայց ամենակարևորը՝ արհեստական բանականությունը չի կարող մարդու նման սիրել՝ եզրափակում է զրուցակիցս:

Back to top button