ԿարևորՏնտեսական

Խաղողի մթերման խութերը հաղթահարվում են

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Էկոնոմիկայի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և ենթակառուցվածքների նախարարները հանդիպել են Վայոց ձորի Արենի համայնքի խաղողագործների հետ, որոնք խաղողի մթերմանն առնչվող խնդիրների պատճառով օրերս փակել էին Երևան-Մեղրի ճանապարհը։

Տեղական մարմինների հետ քննարկումների արդյունքում մթերված  խաղողի գումարը հնարավորինս շուտ վճարելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Վճարումն արագ իրականացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը  մշակել եւ ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացրել որոշման նախագիծ, որով մթերման արժեքի վճարման նպատակով տրամադրվող սուբսիդավորվող վարկերի վերին շեմը բարձրացվում է, որպեսզի մթերող կազմակերպությունները հնարավորություն ունենան լրացուցիչ ֆինանսավորման հաշվին կարճ ժամկետում ապահովել մթերվող խաղողի դիմաց վճարումը։

Որոշման նախագիծը քննարկվել և  ընդունվել է կառավարության նիստում։

Խաղողի մթերման խնդիրներն օրերս կրկին իրարանցում էին առաջացրել Վայոց ձորի Արենի խոշորացված համայնքի Աղավնաձոր գյուղում։ Տնտեսվարող-ֆերմեր տարաձայնությունների առիթը ոչ միայն մթերվող խաղողի գինն էր, այլև մթերման դիմաց վճարման ժամկետերն ու ձևաչափը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ ոլորտի պատասխանատուներն այցելել են Վայոց Ձոր ու գյուղացիների հետ տեղում քննարկել նրանց բարձրաձայնած խնդիրները։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում ներկայացրել է քննարկման թիրախում հայտնված առանցքային հարցերը։

 «Մարզում կա խաղողի որոշակի քանակ, որը մթերող կազմակերպությունների կողմից չի մթերվում անհրաժեշտ արագությամբ, ինչն անհանգստություն էր առաջացրել ֆերմերների շրջանում։ Շուրջ 1000 տոննա «Արենի» տեսակի խաղողի մթերման դիմաց նախնական պայմանավորվածությամբ տնտեսվարողը պետք է վճարեր մինչև տարեվերջ, ինչն էլ գյուղացիների անհանգստության պատճառ էր դարձել»։

Էկոնոմիկայի նախարարը հիշեցնում է, որ պետությունն այս ոլորտում ունի աջակցման գործիք․ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ իրականացվում է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։ Ծրագրի շրջանակում 2019 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է 67 հայտ՝ 8.0 մլրդ դրամի չափով, կնքվել է հումքի գնման 8000- ից ավելի (8243) պայմանագիր, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 240 միլիոն  դրամ։ Էկոնոմիկայի նախարարությունն այս ծրագրում առաջարկում է որոշակի փոփոխություններ իրականացնել․

 «Մենք երկու սահմանաչափ ենք հաստատել մեր ծրագրով․ առաջինը պետական բյուջեից այդ նպատակով իրականացվող հատկացումների սահմանաչափն է, որը շատ ավելի մեծ է, քան մինչ այս պահը օգտագործվել է այդ նպատակով։ Այս տարվա բյուջեում ունեինք 1 միլիարդ դրամ  նախատեսված գումար, որը կարող էինք  օգտագործել սուբսիդավորման համար, բայց գործող մեխանիզմի պատճառով նախատեսված գումարը չի հասնում տնտեսություններին։ Առաջարկում ենք 1․5 միլիարդը մեկ մթերող կազմակերպության մասով դարձնել 1․8»։

Սուբսիդավորվող վարկերի վերին շեմը բարձրացնելու արդյունքում մթերող կազմակերպությունները հնարավորություն են ստանում լրացուցիչ ֆինանսավորման հաշվին կարճ ժամկետում ապահովել մթերվող խաղողի դիմաց վճարումը։

Եթե 1000 տոննայի մասով մեծ խնդիրն այսպիսով լուծվում է, ապա խաղողի մթերման  հետ կապված մյուս խնդիրներն, ըստ Խաչատրյանի, հեշտությամբ կարող են լուծվել տնտեսվարող-ֆերմեր փոխադարձ պայմանավորվածությամբ։

«Մենք պետք է հասնենք նրան, որ ֆերմերն ու տնտեսվարողը միմյանց ընկալեն որպես գործընկերներ, այս պատնեշները պետք է վերացնել»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում  ասաց Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում անդրադարձավ գյուղացիների մեկ այլ  մտահոգությանը․

«Ֆերմերներին մտահոգում է գնագոյացման ձևը։ Պայմանագրային որոշակի ձևաչափ է պետք, որպեսզի խաղողագործները գոնե հինգ տարվա համար կանխատեսելիություն ունենան»։

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհի բազմաթիվ երկրներ այդ հարցը վաղուց լուծել են, ամենաքաղաքակիրթ մեթոդը հետևյալն է․

«Խաղողագործներն ունենում են կազմակերպություն, որը ներկայացնում է նրանց։  Նրանք խնդիր ունեն միմյանց հետ համագործակցելու և միասնական շահ ներկայացնելու»։

Վարչապետի կարծիքով պետք է ստեղծվեն ասոցիացիաներ, որպեսզի յուրաքանչյուր անհատ ստիպված չլինի ինքն իր խնդրով զբաղվելու։

Back to top button