ԿարևորՀասարակություն

Լեհ զբոսաշրջիկի ողբերգական մահվան գործով հայտնի է փորձագետի եզրակացությունը

Նունե Ավետիսյան
«Ռադիոլուր»

Օրերս Արագածի լանջին տեղի ունեցած լեհ զբոսաշրջիկի ողբերգական մահվան դեպքի առթիվ նոր մանրամասներ  իմացանք  Քննչական կոմիտեից: Լեհաստանի քաղաքացու մահը վրա է հասել արջի հարձակման հետևանքով՝ մեզ հետ զրույցում հայտնեց քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ  Նաիրա Հարությունյանը.

«Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Լեհաստանի քաղաքացու մահվան դեպքի առթիվ: Նյութի նախապատրաստման ընթացքում փորձագետի նախնական եզրակացության համաձայն ՝ Լեհաստանի քաղաքացու մահը վրա է հասել արջի հարձակման հետևանքով»:

Զբոսաշրջիկն իր ընկերուհու հետ բարձրացել էր Արագած լեռ, որտեղ   մոտ 3500 մետր բարձրության վրա արջը հանկարծակի հարձակվել էր  նրանց վրա։ Երիտասարդը սկսել էր  կռիվ տալ արջի հետ և ցած գլորվել:  Դեպքի վայր մեկնած իրավապահներն ու փրկարարները հայտնաբերել էին տղայի դին։

Դեպքն արտառոց էր  նաև մասնագետների   համար:  Կենսաբան Ալեքսանդր Մալխասյանի համոզմամբ՝ արջը կարող էր մարդուն զրկել կյանքից երկու դեպքում ՝  կամ վիրավոր է եղել, կամ էլ քոթոթների հետ.

«Երբ արջը մարդու վրա է հարձակվում ուրեմն վիրավոր արջ է, առողջ արջը չի հարձակվում: Կամ էլ  փոքր ձագերին պաշտպանելու համար է մայր արջը  հարձակվում»:

Իսկ ահա կենդանաբան Կարեն Մարտիրոսյանն էլ չբացառեց, որ անազատության մեջ պահված արջը կարող էր հարձակվել մարդու վրա, քանի որ սովոր է մարդու հոտին և չի վախենում.

«Այս ժամանակահատվածի համար արջին  բնորոշ չէ հարձակումը, դա կարող էր լինել գարնանը ՝ փոքրիկ ձագերին պաշտպանելու համար: Կարծում եմ վիրավոր կամ էլ անազատ պայմաններից բաց թողնված արջ է եղել: Անազատ պայմաններից բաց թողնված արջերը  հանգիստ կարող են մոտենալ մարդուն, քանի որ մարդկային հոտը և գործոնը նրանց չի վախեցնում: Հակառակ դեպքում նրանք պետք է փախնեին  մարդուց: Առհասարակ արջերը խուսափում են մարդու հետ հանդիպումից»:

Նման ողբերգական դեպքից խուսափելու համար ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս արշավասերներին կամ հատկապես արշավախմբեր ղեկավարող անձանց խորհրդակցել մասնագետների հետ և զինվել գիտելիքներով՝ արջի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար: Բացի դրանից շատ տարածված մեթոդներ կան, որոնք   կիրառվում են տարբեր  երկրներում.

«Արշավներ գնացողներին խորհուրդ է տրվում վերցնել պղպեղի սփրեյ կամ գազով փոքր բաքեր, որոնք կարող են օգտագործել , երբ արջը մոտեցել է: Այլ ձև պայքարել արջի դեմ հնարավոր չէ»:

Մինչ օրս հատկապես Հայաստանի հարավային բնակավայրերում ապրողներն արջերին հաճախ են հանդիպում: Նրանք  իջնում են բնակավայրեր՝ վնասում գյուղատնտեսությանն ու անասնապահությանը:

Այս սեզոնին սոված արջն այդ կերպ լուծում է կերի խնդիրը: Մասնագետները խորհուրդ են տալիս բնակիչներին ձեռքի տակ ունենալ  կամ  ձայնային ազդանշաններ արձակող սարքեր, որոնք կվախեցնեն  արջին, կամ էլ վերը թվարկված  միջոցներից որևէ մեկը և պատրաստ լինել դիմավորելու վայրի հյուրին:

Back to top button