ԿարևորՏնտեսական

Բազալտե մանրաթելերը՝ նաեւ անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայ եւ ուկրաինացի գիտնականների համատեղ մտքի արգասիքն ի վերջո իր տեղն է գտնելու նաեւ Հայաստանում: Խոսքը բազալտե անընդհատ մանրաթելերի տեխնոլոգիայի մասին է: Նաեւ հայ գիտնականների մտքի արգասիքը խորհրդային տարիներին հաջողությամբ փորձարկվել է Հայաստանում, սակայն, որպես արդյունք կիրառվել նախ Ուկրաինայում, ապա՝ Ռուսաստանում: 2014-ին հիմնված «Արմբազալտ» ընկերությունը դարձավ հենց այդ բացը կամ սխալն ուղղած առաջին հաջողակ:

Բազալտե մանրաթելերի տեխնոլոգիան հայ եւ ուկրաինացի գիտնականների համատեղ մտքի արգասիքն է: Այն խորհրդային տարիներին փորձարկվել է Հայաստանում, սակայն, ներդրվել Ուկրաինայում, ապա՝ Ռուսաստանում: Հայաստանում, այդպես էլ, արտադրություն չի հիմնվել:

«Արմբազալտ» ընկերությունը  2014-ին հիմնվել է՝ հենց այդ բացը կամ սխալն ուղղելու համար: Ընկերության կոմերցիոն տնօրեն Սոկրատ Գրիգորյանը պատմում է. 

«Սովետական տարիներին հայրս մասնակցել է այդ գործընթացներին եւ միշտ ցանկացել է այն Հայաստանում ներդնել: Ունենալով համապատասխան հումք, չունենալով նմանատիպ արտադրություն՝ միշտ մտածել է այդ ուղղությամբ: Զուտ մեր հայ մասնագետների շնորհիվ հնարավոր եղավ այդ արդյունքին հասնելը: Կարողացանք ստանալ այնպիսի որակի թել, որ էսօր ամբողջ  աշխարհում չեն կարողանում ստանալ» :

Կիսահաղորդիչ սարքերի մասնագետ, ինժեներ Սասուն Հովակիմյանն «Արմբազալտ» ընկերության հիմնադրման առաջին օրվանից է աշխատում: Կարելի է ասել, որ արտադրության հիմնադիրներից մեկն է:

«Նայե՛ք, թե այն ինչքան նուրբ ու զարմանալի բան է: Չեք զգա, որ բազալտի թել է: Փորձեք ձգել-կտրել՝ չեք կարողանա»:

Ընկերության աշխատակից Սասուն Հովակիմյանը պատմեց իր զգացողության մասին, երբ նախապատրաստական բավականին երկար աշխատանքներից հետո, պետք է ստանային աշխատանքի առաջին պտուղները: Այլ զգացողություն է, երբ գիտական մտքի արգասիքը նաեւ քո տքնաջան աշխատանքի արդյունքում նյութականանում է որպես արտադրություն.   

«Մեզ համար շատ հետաքրքիր բնույթի նորույթ էր. պետք է բազալտը հալեինք, ստանայինք լավա, լավայից հետո էլ ձգեինք՝ բազալտի մանրաթել: Դա զարմանալի էր, բայց երբ արդեն իրականում տեսանք, շոշափեցինք, դա արդեն բոլորովին այլ զգացողություն էր, ինչ-որ տեղ նույնիսկ հպարտություն էր մեզ համար, որ կարողացանք էսպիսի լավ որակի մանրաթել ստանալ»:  

Սոկրատ Գրիգորյանն ասաց, որ արտադրանքի հետ կապված աշխատանքային հեռանկարներ շատ կան:  Դրանցից մեկը, որի մասին մտածում են տեքստիլ արդյունաբերությունն է:  

«Նոր մասնագիտական ճյուղ ենք մենք ներդնելու՝ տեխնիկական տեքստիլի զարգացումը Հայաստանում»:

Այդ ուղղությամբ աշխատանքներ սկսել են: Համագործակցելու են Գյումրու պոլիտեխնիկական համալսարանի հետ: Բազալտե մանրաթելեր օգտագործվում են նաեւ անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ եւ այդ շուկան եւս բաց է իրենց համար.

«Նմուշներ ենք ուղարկել նման ընկերությունների: Նրանք փորձարկել են եւ դրական արդյունքներ ենք ստացել: Շատ խոշոր ընկերություններ կան Ֆրանսիայում, Իսպանիայում, որոնք կոնկրետ հետաքրքրված են մեր արտադրանքով եւ սպասում են մեր արտադրանքին: Մենք արդեն ուշանում ենք, հետ ենք ընկնում ամեն Աստծո օր. ներդրման խնդիր ունենք, որպեսզի թարմացնենք գոյություն ունեցող գործարանը՝ ինքնարժեքի իջեցման եւ ավելի բարձր որակ ստանալու նպատակով»:  

Մինչ այդ, բազալտից ստացված մանրաթելերը հատուկ տեխնոլոգիայով եւ սեփական արտադրության հաստոցների միջոցով վերածվում են տարբեր տրամաչափերի ամրանների: Իրենց մշակած հաստոցների աշխատանքի բնույթը սիրով ու հպարտությամբ մեզ բացատրեց Սասուն Հովակիմյանը:

«Երկու տեսակի հաստոց ենք պատրաստել: Նրանք նույն բնույթն ունեն՝ հիմնականում մեր ստացած բազալտե մանրաթելերը սոսնձի միջոցով վերածում ենք տարբեր տրամաչափի ամրանների»:

Հայկական արտադրության բազալտե մանրաթելերից ստացված տարբեր տրամաչափի ամրանների որակական հատկանիշներն արդեն հայտնի են հայաստանյան շինարարներին՝ օր-օրի ավելանում են սպառման ծավալները: Եզրահանգումներ արդեն արել են նաեւ արտերկրում՝ շեշտեց  Սոկրատ Գրիգորյանը:

Հայկական նոր բազալտե ամրանների որոշ առավելությունների մասին նշեց  նաեւ Սասուն Հովակիմյանը:

«Եթե, օրինակ, մի 12 մետրանոց 10-ոց «արմատուրան» տեղափոխելու համար հատուկ մեքենա էր պետք, սա կարող ես հանգիստ փաթաթել եւ մեկ մարդատար մեքենայով տանել»:

Տեղափոխման հնարավորություններն ու ծախսերը համեմատելն էլ շինարարներին հնարավորություն է տալիս այդ տեսանկյունից նույնպես գնահատելու գիտական մտքի այս արդյունքը՝ եզրափակեց Սասուն Հովակիմյանը:

Back to top button