ԿարևորՀասարակություն

Ինչպես ապահովել էկոտուրիզմի զարգացումն ու շահավետությունը

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը օգոստոսի 30-ին և 31-ին կազմակերպում է Էկոտուրիզմի չորրորդ ամենամյա համաժողովը` տեղեկացնում է համալսարանի կայքէջը: 

Այս տարի համաժողովի գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, Անդրսահմանային միացյալ քարտուղարությունը (TJS), KfW գերմանական զարգացման բանկը, Էկոտուրիզմի միջազգային միությունը և «EUROPARC» ֆեդերացիան:

Համաժողովի առանցքային հարցը զբոսաշրջության զարգացման մեջ պահպանվող տարածքների դերն է, մասնավորապես՝ շրջակա միջավայրի պահպանությունն ապահովելու ուղիները և հարակից համայնքներին զբոսաշրջության աճից օգտվելու հնարավորություններ տալը: Ուղղված լինելով քաղաքականության քննարկմանը՝ այս տարվա համաժողովը խիստ կտարբերվի նախորդ տարիների համաժողովի հայեցակարգից: 

«Մենք Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության մշակման փուլում ենք, և մեր պահպանվող տարածքներն ազգային գոհարներ են, որոնք պետք է հանդիսանան այս ռազմավարության բաղկացուցիչ մասը: Հիմնական մարտահրավերն այն է, որ պահպանվող տարածքներում զբոսաշրջությունը պետք է լինի կայուն՝ տնտեսական, սոցիալական և բնապահպանական տեսանկյուններից»,- կարևորում է Սուսաննա Սաֆարյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահը:

Շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը հավելում է,- «Էկոտուրիզմը զարգացնելիս պետք է առաջնահերթությունը տանք մեր բնական լանդշաֆտների և կենսաբազմազանության պահպանմանը, մասնավորապես` այնպիսի վայրերում, ինչպիսին է Խոսրովի անտառը, որն աշխարհի հնագույն, եթե ոչ ամենահին, պահպանվող տարածքներից մեկն է: Կենսաբազմազանության նման թեժ կետերը պետք է օգտագործվեն գիտական նպատակներով, իսկ զբոսաշրջությունը պետք է սահմանափակված լինի ինչպես տարածական, այնպես էլ այցելուների թվի առումներով: Կարևորագույն կողմերից է նաև հարակից համայնքների համար էկոտուրիզմի զարգացման շահավետության ապահովումը»:

Ելույթով հանդես գալու և իրենց փորձով կիսվելու նպատակով ոլորտի միջազգային կազմակերպություններից հրավիրված են բանախոսներ:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը (ՅԿԲ) Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոն է: ՀԱՀ ՅԿԲն խրախուսում է բնական միջավայրի պահպանությունն ու վերականգնումը՝ հետազոտության, կրթության և հասարակության հետ կապերի միջոցով: ՀԱՀ ՅԿԲի աշխատանքային ուղղվածություններն են բնական պաշարների կայուն կառավարումը, կենսաբազմազանությունը, ստեղծված շրջակա միջավայրի կանաչապատումը, մաքուր էներգիան և էներգաարդյունավետությունը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներն ու շրջակա միջավայրը:

Back to top button