ԿարևորՔաղաքական

ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցը մեկնաբանում են իրենք՝ Վանեցյանն ու Խաչատրյանը

Այսօր կեսօրին  «Յութուբ»-ում հրապարակվեց  Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված  հեռախոսազրույցը:

Ըստ ձայնագրության՝ երկու պաշտոնյաները քննարկում են «Մարտի 1-ի» գործի, Ռոբերտ Քոչարյանին և  ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու որոշ մանրամասներ:

Ձայնագրությանն անմիջապես ֆեյսբուքյան ուղիղ կապով արձագանքեց վարչապետը, հետո ասուլիս հրավիրեցին երկու ծառայությունների ղեկավարները:

 

Տարօրինակ և մտահոգիչ՝  Ազգային անվտանգության ծառայության տնօրենն այսպես է  գնահատում  փաստը, որ հաջողվել է գաղտնալսել  ԱԱԾ տնօրենի  և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը: Դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել: Արթուր Վանեցյանը հույս ունի, որ քննությունը կպարզի, թե ով է ձայնագրել , ինչպես է գաղտնալսվել  խոսակցությունը: Այդպիսի  տեխնիկական հնարավորություն ունի ԱԱԾ-ն: Հնարավոր համարո՞ւմ է, որ ԱԱԾ-ն գաղտնալսած  լինի  ԱԱԾ պետին:

«Չեմ կարծում, որ մեր ծառայութնյունում կան դավաճաններ: Քանի որ խոսում ենք մեծ փողերով մարդկանց մասին, չեմ բացառում, որ նրանք են կարողացել գնել  համապատասխան տեխնիկա և գատնալսումն իրականացնել: Բոլոր հարցերի պատասխանը կտա քննությունը»:

Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա երկու պաշտոնյաներն էլ չեն հերքում, որ նման հեռախոսազրույց ունեցել են: Գաղտնալսումն ու դրա հրապարակումը գնահատում են որպես իրենց ղեկավարած կառույցների գործունեությունը կաշկանդելու փորձ: Սասուն Խաչատրյանը սա կապում է հատկապես Մարտի 1-ի գործի քննության հետ:

«Ընդամենը խղճուկ փորձ է մեզ կանգնեցնելու, բայց վստահ եղեք ՝չենք ընկճվելու և անելու ենք մեր գործը»:

Ձայնագրությունում Սասուն Խաչատրյանը և Արթուր Վանեցյանը խոսում են Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին  կալանքի միջնորդությունների մասին մասին:  ՀՔԾ պետը, պատմում է թե ինչպես է արձագանքել  որոշմանը երկրորդ նախագահը, Արթուր Վանեցյանը հորդորում է ուշադիր լինել իրավական հիմքերին: Զրույցի ուշագրավ հատվածներից մեկը, որ վերաբերում է Քոչարյանի կալանքի միջնորդությունը քննող դատավորի հետ զրույցին:

«Ինձ դատավորը զանգեց, ով որ պիտի կալանքը տա, մի քիչ վախեցած է, ասացի՝ նայի ողջ գործը, նայի, դուխով: Ասաց՝ պարոն Վանեցյան, մի հատ հիմքերը նայեմ, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կալանքը ուզես-չուզես պիտի տաս»:

Ձայնագրության մյուս ուշագրավ  է հատվածն էլ Արթուր Վանեցյանի արձագանքն է Յուրի Խաչատուրովի խափանման միջոցին վերաբերող հարցին:

«Խաչատուրովի հետ գործ չունենք, խայտառակ կլինենք, չփակեք»:

Երկու մարդու մասնավոր զրույց է, որի ընթացքում շատ բան ասվել ու քննարկվել է խոսակցական մակարդակով: Արթուր Վանեցյանն ասում է՝ քննարկել են նախկին պաշտոնյաների կալանավորմանը վերաբերող  իրավական հարցեր:  Ձայնագրության այն հատվածը, որում խոսվում է կալանավորելու վարչապետի հորդորի մասին այսպես է բացատրում:

«Վարչապետի ասածը նշանակում է հետևյալը՝ քրեական գործով անցնող  անձինք՝ անկախ իրենց անուններից, զբաղեցրած պաշտոններից, պետք է ենթարկվեն պատասխանատվության, եթե կան դրա հիմքերը»։

Ի դեպ, ՀՔԾ պետն այսօր որոշ նոր մանրամասներ ներկայացրեց Մարտի 1-ի գործով քննությունից, ասաց, որ նպատակ չուներ դրանք հիմա բացահայտել, բայց ստիպված անում է:

«Քննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի իրադարձություններին այլ նաև կրակել է: Բանկաը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ»:

Ըստ Սասուն Խաչատրյանի՝ քրեական գործով հիմնավորվել է,որ  փետրվարի 23-ից հետո բանակի զինվորներին գումար է բաժանվել այդ գործողություններում ներգրավվելու համար: ՀՔԾ պետը փաստաթղթեր ներկայացրեց:


«Իմ ձեռնքին ՀՔԾ քննիչի կողմից առգրավված մատյանն է, որտեղ հատ-հատ նշված են զինծառայողների, նրանց հրամանատարների անուններն ու ստորագրությունները: Գումարները հանվել են օլիգարխների, պաշտոնյաների հաշիվներից: Դրանք կհրապարակենք հետագայում: Չգիտեմ՝ սա ինչպես են բացատրելու, ինչ են ասելու, որ զինվորներին դարձրել են վարձկաններ ու հանել ժողովրդի դեմ»:

Մինչև ասուլիսը գաղտնալսված ձայնագրությանն անդրադարձել էր վարչապետը՝ շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիս չի լինելու՝ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում են ճողոպրել պատասխանատվությունից: Մենք շանտաժի չենք տրվելու, մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ, թալանվածը պետք է վերադարձվի»:

Back to top button