Հասարակություն

Ինչու են վերանում գետերը

«Հանքարդյունաբերական գործունեության հետևանքով Հայաստանում բազմաթիվ գետեր, կարող ենք արձանագրել, որ իսպառ ոչնչացել են» եւ պատճառը, ըստ աշխարհագրագետ Լևոն Գալստյանի, աղտոտվածությունն է:

Հանքերը շահագործող տնտեսվարողներն են պետության համար խնդիրներ ստեղծում եւ գետերի աղտոտվածության պատճառով կարող են նաև միջպետական խնդիրներ առաջանալ. սա էլ «Ռադիոլուրի» մյուս զրուցակցի՝ ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանի դիտարկումն է: Գետերի աղտոտվածությանն անդրադարձը պատահական չէ:

Օրերս սոցիալական ցանցերում կրկին օգտատերերն ահազանգում են՝ Դեբեդ գետը աղտոտվում է: Սա այս գետի գլխին կախված միակ վտանգը չէ:

Օրեցօր Հայաստանում ավելի ու ավելի են սրվում բնապահպանական խնդիրները: Հատկապես վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում մետաղական հանքավայրերն են, գործարաններն ու դրանց գործունեության հետևանքով առաջացած էկոլոգիական խնդիրները: Օրերս ֆեսյբուք սոցիալական ցանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ կրկին աղտոտվում էր Դեբեդ գետը: Պատկան մարմինները դեռ կուսումնասիրեն պատճառները։

«Ռադիոլուրի» զրուցակիցը՝ Հայկական բնապահպանական ճակատի համակարգող Լևոն Գալստյանը, արձանագրում է.

Զրուցակիցս հակադարձում է՝ «կավահող է լցվում» հայտարարություններին:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում գետերի աղտոտվածության համար տուգանքները ծիծաղելի են՝ ասում է «Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը՝ Սեյրան Մինասյանը: Նա ԳԱԱ քիմիայի, ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող է, ջրային էկոհամակարգերի մասնագետ է:

Զրուցակիցս ընդգծում է՝ հանքերը շահագործող տնտեսվարողներն են պետության համար խնդիրներ ստեղծում։ Պարզաբանում է՝ գետերի աղտոտվածության պատճառով կարող են նաև միջպետական խնդիրներ առաջանալ:

Դեբեդ գետին, տեղացիների պնդմամբ, այժմ այլ վտանգ է սպառնում: Հենց այս գետի վրա է նախատեսվում կառուցել Շնող ՀԷԿ-ը: Ավելին, ստեղծվել է «Փրկենք Դեբեդը» նախաձեռնությունը: Կառավարությունը որոշումն ընդունել էր մոտ մեկ տարի առաջ: Այս կառավարության դիրքորոշումը օրերս փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Պետք է բացառենք այն իրավիճակները, երբ ինչ որ նախագծեր իրականացնում են ի հեճուկս ազդակիր համայնքների: Մենք բացառել ենք, որ որևէ նախագիծ կիրականցվի առանց ազդակիր համայնքների համաձայնությամբ»:

Կոնկրետ նախագծին անդրադառնալով՝ Փաշինյանը հստակեցրեց՝ այն դեռ ՇՄԱԳ փորձաքննություն չի անցել:

Սա այն եզակի նախագծերից կլինի, երբ ազդակիր համայնքների բնակիչների բողոքի ձայնն ի վերջո տեղ կհասնի: Թե երբ դեռ պարզ չէ, սակայն հստակ է, որ բնապահպանական խնդիրների պակաս մեր երկրում չկա:

Փորձագետ Սեյրան Մինասյանը, վկայակոչելով պետական վիճակագրությունը, ասում է՝ 2012թ Հայաստանի մակերևութային ջրերի աղտոտվածության աստիճանը միջինը կազմում էր 17 տոկոս, 2017թ-ին՝ 30 տոկոսից ավելի: Հինգ տարում աղտոտված ջրերի մասնաբաժինը երկու անգամ բարձրացել է:

Զրուցակիցս ընդգծում է՝ մետաղական շահագործվող բոլոր արտադրությունները անարգել և անվերահսկելի աղտոտում են շրջակա միջավայրը: Բացառություն չէ և ոչ մի ձեռնարկություն՝ Թեղուտ, Ախթալա, Ագարակ, Քաջարան, Կապան: Փորձագետները նոր ձևավորված ընդերքի տեսչական մարմնի եզրակացություններին են սպասում:

«Ռադիոլուրի» զրուցակիցը որպես օրինակ մատնանշում է Կարճևան գետը, Նորաշենի, կավարտի գետակները, որոնք լցվում են Ողջի գետը, Ախթալա գետը: Այստեղ ունենք լրջագույն խնդիրներ, որոնց պետք է ուշադրություն դրաձնել՝ եզրափակում է բնապահպանը:

Back to top button