ԿարևորՎերլուծականՔաղաքական

Նման մակարդակի հանդիպում վերջին տարիների ընթացքում չէր եղել. քաղաքագետները Սարգսյան- Պոմպեո հանդիպման մասին

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին երեկոյան հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Հայաստանյան քաղաքական-փորձագիտական շրջանակներում աա, ըստ էության, համարվում է Հայաստանի նախագահի այցի առանցքային-կարեւոր հանդիպումը, որով եւ եզրափակվում է ԱՄՆ այցը։  

 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ՝ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցի առանցքային ու ամենակարեւոր բաղադրիչներից մեկը ԱՄՆ պետքարտուղար  Մայք Պոմպեոյի հետ հանդիպումն էր:

Միջազգայնագետը երկու հետաքրքիր հանգամանք է առանձնացնում: Առաջինը, որ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն ընդամենը մի քանի ամիս է, ինչ զբաղեցրել է այդ պաշտոնը: Երկրորդը` «Երբեւէ նման մակարդակի հանդիպում վերջին տարիների ընթացքում չէր եղել: Սա, կարծում եմ, ինքնին շատ կարեւոր հանդիպում էր: Շեշտադրումը հանդիպումների ժամանակ եղել է հենց տնտեսական. բիզնեսի եւ ներդրումային ոլորտին վերաբերող հարցերի վրա: Այսինքն, հիմնականում խոսվել է այս հարցերի մասին»:

Սրա մասին, ի դեպ, տեղեկություններ հայտնել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Ամփոփելով՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այդ ամենով պայմանավորված, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այցը պետք է գնահատել չափազանց կարեւոր՝ նաեւ արդյունքներ ակնկալելու տեսանկյունից։

«Կարծում եմ, որ գործադիրն արդեն, սկսած այս պահից, պետք է, ըստ էության, շարունակի հանդիպման արդյունքներին համապատասխան եւ խորացնի հայ ամերիկյան տնտեսական եւ բիզնես կապերը»,- ասում է:

Վաշինգտոն մեկնելուց առաջ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր նաեւ Մեծ Բրիտանիա եւ Ֆրանսիա: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Գեւորգ Մելիքյանի փոխանցմամբ՝ նախագահի այցի ուղերձն այն է, որ Հայաստանը պատրաստ է խորացնել եւ ունենալ լավ հարաբերություններ բոլոր երկրների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի:

«ԱՄՆ-ի պարագայում մենք ունենք մի քանի հարթություններով աշխատանքի հնարավորություն: Դա կապված է եւ հայ համայնքի, եւ այնտեղ տարիների ընթացքում ձեւավորված կապերի հետ: Դրա համար այս այցելությունն ու այդ հանդիպումը կարող է նոր թափ հաղորդել այդ հարաբերություններին»:

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներում շրջանառվեցին տեսակետներ, որոնց համաձայն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերջին այցերից բխում է, որ Արեւմուտքի հետ հարաբերությունների դաշտը, այսպես ասած, փակելու է նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահի մամուլի քարտուղարը, սակայն, հիշեցնում է, որ նոր Սահմանադրությամբ նախագահը նման լիազորություններ չունի եւ արտաքին քաղաքականության մշակումն ու իրականացումը վերապահել է վարչապետին եւ արտգործնախարարությանը:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նույնպես նման տեսակետները չկիսեց՝ շեշտելով, որ մի քանի օրից էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է մեկնելու Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Այսինքն, այդ առումով, իհարկե, ամեն ինչ հստակ է՝ ասաց միջազգայնագետը:

«Կարծում եմ, այստեղ պետք է այլ տեսանկյունից նայել՝ նախագահը եւ վարչապետը պետք է, եթե կարելի է այսպես ասել, փոխլրացնեն միմյանց այն առումով, որ Արմեն Սարգսյանը վաղուց է եղել դիվանագիտական ծառայության մեջ, ունի լուրջ կապեր, լուրջ հնարավորություններ: Ես կարծում եմ, այս կապերից եւ հնարավորություններից օգտվելն այս պահի համար չափազանց կարեւոր է մեր իշխանությունների համար: Կարծում եմ, որ նրանք, փոխլրացնելով միմյանց, պետք է անեն ամեն ինչ, նաեւ անձնական կապերը օգտագործելով, ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»:

Այստեղ ես որեւէ հակասություն չէի փնտրի: Հակառակը, ես կարծում եմ, այստեղ մենք պետք է գնանք փոխլրացման ճանապարհով՝ եզրափակեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Back to top button