ԿարևորՔաղաքական

Երևանի ավագանու նիստը` առանց Երևանի քաղաքապետի

Այսօր կայացել է Երևանի ավագանու հերթական նիստը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նրա ունեցվածքի մասին վերջերս հրապարակված տեսանյութից հետո սա ավագանու առաջին նիստն էր։ Տարոն Մարգարյանը, սակայն, դրան ներկա չէր։ Վարում էր փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Տեսանյութի հեղինակները քաղաքապետին մեղադրում էին չարաշահումների մեջ։ «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամներն առաջարկել են քննարկել տեսանյութը, իսկ «Երկիր Ծիրանի»-ն նաեւ առաջարկել է քննարկելի Տարոն Մարգարյանի հրաժարականի եւ ավագանին լուծարելու հարցերը։

Ինչու՞ ավագանու նիստին ներկա չէր քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչպես են ավագանու անդամները արձագանքել քաղաքապետի չարաշահումների մասին պնդումներ պարունակող տեսանյութին:

Ավագանու հերթական նիստն էր: Սակայն  այն վարելու պատասխանատվությունը ստանձնել էր փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Տարոն Մարգարյանը նիստին ներկա չէր առողջական խնդիրների պատճառով՝ բացատրեց փոխքաղաքապետը։ Բնակարաններն անհատույց  օտարելու վերաբերյալ օրակարգի  հարցերն այնքան էլ չհետաքրքրեցին  ավագանու ընդդիմադիր անդամներին։

«Երկիր Ծիրանի» խմբակցությունից Մարինա Խաչատրյանն առաջարկում էր խոսել Տարոն Մարգարյանի, իրենց բնորոշմամբ, չարաշահումների, քաղաքապետի հրաժարականի եւ ավագանին ցրելու մասին։ Երևանի քաղաքապետի հրաժարականի հարցը կարգավորվում է տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքով՝ արձագանքեց նիստը վարող Կամո Արեյանը:

Ավագանու ընդդիմադիր  անդամը հետաքրքրվեց նաև, թե փոխքաղաքապետն ինչ է անում, որպեսզի Տարոն Մարգարյանը կրի պատասխանատվություն: Կամո Արեյանը պատասխանեց.

«Դուք հերթագրվել էիք ելույթի, հիմա հարց եք տալիս ինձ: Կարծում եմ քաղաքապետը ի զորու է լսել Ձեր հարցերը և տալ պատասխաններ»:

Իսկ ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առողջություն մաղթեց Տարոն Մարգարյանին և նշեց՝ կա հասարակության բուռն արձագանք, սակայն չկա պատասխան:

«Հատկապես այս օրերին, հատկապես այսօր, երբ եզակի դեպք է, որ նա նիստը չի վարում, այդ հարցերը առաջանում են: Ինչու քաղաքապետն առ այսօր այդ հարցերին չի պատասխանում: Եղել է հրաժարական, թե ոչ»:

Այս գործողություններին հետևելու են  բարդ գործընթացներ՝ քաղաքապետի և ավագանու ընտրություններ՝ ասում է «Ելք» խմբակցության  ղեկավար Դավիթ Խաժակյանն ու հավելում՝ ճիշտ կլիներ, որ ժամանակին  խմբակցություններն իմանան իրենց անելիքները:  Քաղաքապետի առաջին տեղակալը հորդորեց չշտապել և ժամանակից առաջ չընկնել:

Կան մի քանի հարուցված գործեր, չկան մեղադրյալներ՝ հայտարարեց «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:  Խոսեց «Երևան» հիմնադրամի մասին և նշեց, որ անհայտ է, թե կառույցի տնօրենն ինչ կարգավիճակում է: Ըստ Փոստանջյանի՝  ամենագլխավոր հանցագործը Տարոն Մարգարյանն է, ով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:

«Այս պահին  Տարոն Մարգարյանը բացակայում է վատառողջ լինելու պատճառով: Մինչդեռ հանրությունը պահանջում է , որ Տարոն Մարգարյանին ներգրավվեն որպես մեղադրյալ: Ավագանու այն անդամներին, ովքեր մեղսակից են Տարոն Մարգարյանի հետ չարաշահումներին»:

Տարոն Մարգարյանի չարաշահումների վերաբերյալ հրապարակած տեսանյութի մասին  «Ռադիոլուր»-ին այսօր ավագանու նիստից հետո  մեկնաբանել է Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը:

«Կա անմեղության կանխավարկած:  Եվ կարծում  ենք մենք  կառուցում ենք  իրավականս պետություն, ամեն դեպքում մենք բոլորս երազում ենք  կառուցել:   Սպասենք քրեադատավարական ամբողջ գործընթացին»:

Ի՞նչ գույք ունի «Երևան» հիմնադրամը 2016 թվականի  «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հարցմանը ներկայացրել են՝ 52 անուն  գույք, որից 24 –ը տարբեր տեխնիկական միջոցներ են: «Երևան» հիմնադրամի գույքը մայրաքաղաքին նվիրելու վերաբերյալ նախագծում, սակայն, ըստ Անահիտ Բախշյանի, 24 անուն տեխնիկական միջոցներն  ընդգրկված չեն:

«Այդ 24 անուն գույքը այստեղ չկա, ուզում եմ սրա մասին բարձրաձայնել, 1..23 ԱԱԾ այդ թղթերը տարան»:

Նկատենք, որ Երևանի ավագանու անդամների ելույթներն ու հարցադրումները ՀՀԿ խմբակցությունը լսում էր, սակայն մեծ մասին չէր արձագանքում:

Back to top button