Հասարակություն

Ինչպես են ֆինանսավորվել լիցենզավորում չունեցող պետական դպրոցները

ԿԳ նախարարի ֆեյսբուքյան հայտարարությունից հետո ուշադրության կենտրոնում հայտնվեցին բոլոր այն դպրոցները, որոնք լիցենզիա չունեն:

Այդ դպրոցներից մեկն էլ Չեխովի դպրոցն է, որի տնօրինությունը, ըստ նախարարի, համապատասխան արտոնագիր ստանալու համար դիմել է իշխանափոխությունից հետո և մերժումներ է ստացել, քանի որ դպրոցը բացի այն, որ փաստացի երկար տարիներ տարրական հանրակրթական ծրագիր իրականացնելու իրավունք չի ունեցել, չունի նաև համապատասխան պայմաններ:

Ըստ Արայիկ Հարությունյանի` երկար տարիներ եղել են դպրոցներ, որոնք ունեցել են արտոնություններ: Այժմ բոլոր հին գործերը վերանայվում են:

Կրթական գործունեության համար լիցենզիա պետք է ունենան բոլոր դպրոցները՝ թե պետական, թե մասնավոր: Տարրական, հիմնական եւ միջնակարգ կրթական ծրագրեր իրականացնելու արտոնագիր ստանալու համար հաշվի են առնվում դպրոցի պայմանները, դասասենյակները, ուսուցիչների պատրաստվածությունը եւ այլ տվյալներ:

Ամենից հաճախ պատահող խախտումը տեղերի քանակի գերազանցումն է: Ինչպես պարզվեց  ԿԳՆ լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանի հետ զրույցից՝ լիցենզիա ստացել են միայն այն դպրոցները որոնք դիմել են: Իսկ որոնք գործում են և լիցենզիա չունեն, դրանք պարզապես չեն դիմել լիցենզավորման համար:

Արդեն մի քանի օր է մասնագիտական հարթակներում բուռն քննարկվում է դպրոցների լիցենզավորման հարցը: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ երկար տարիներ եղել են դպրոցներ, որոնք գործել են առանց լիցենզիայի: Այժմ բոլոր հին գործերը վերանայվում են և պարզվել է, որ այդ դպրոցներից մեկն էլ Չեխովի անվան դպրոցն է:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կրթության ծրագրի պատասխանատու  Լիլիթ Նազարյանը կարծում է, որ այս ամենը նախորդ կառավարության անփութության, ամենաթողության և անպատժելիության արդյունքն է:

Լիլիթ Նազարյանը նաև չի բացառում, որ պարտադիր լիցենզավորման դեպքում շատ պետական դպրոցներ լիցենզավորման պայմանների չհամապատասխանելու պատճառով պարզապես կփակվեն: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ կարծում է, որ դպրոցների լիցենզավորումը պետք է իրականացվեր դեռևս մինչև  կառավարության կողմից դրանց հիմնական կամ ավագ դպրոցի կարգավիճակ տալը:

Գլխավոր հարցը, որ առաջանում է փորձագետի մոտ, ինչպես են այս դպրոցները ֆինանսավորվել:

«Եթե մի ձեռքով լիցենզիա չունի, մյուս ձեռքով այդ նույն կառավարությունից փող է ստանում,դրանով արդեն այդ դպրոցի ծրագիրը լեգիտիմացված է»:

Ինչպես են չլիցենզավորված պետական դպրոցները ֆինանսավորվել՝ հարցնում եմ ԿԳՆ լիցենզավորման գործակալության պետին.

«Դա իմ գործառույթից դուրս է, ես ֆինանսավորման հարցերով չեմ զբաղվել»:

Ինչևէ, այժմ դպրոցների լիցենզավորումը խստորեն է դրված բոլոր դպրոցների առջև: ԿԳՆ լիցենզավորման գործակալության պետը հայտնեց, որ շրջաբերական է ուղարկվել բոլոր դպրոցներին:

Back to top button