ԿարևորՏնտեսական

Ջերմուկի բնակիչները կրկին փակել են Ամուլսար գնացող ճանապարհը


Մեկ ամսվա մեջ արդեն երրորդ անգամ ջերմուկցիները այսօր առավոտյան փակել են դեպի Ամուլսար գնացող ճանապարհը:

Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը Ռադիոլուրին փոխանցել է իրենց պահանջը. «Առավոտյան վեցին փակել էինք դեպի Ամուլսար գնացող բոլոր ճանապարհները: Այն սար է, հանքավայր չի դեռևս: Մենք երկու անգամ գնացել ու հանդիպել ենք կառավարության հետ: Հասկանում ենք, որ շատ խնդիրներ կան բոլոր մարզերում: Այս խնդիրը նման չի որևէ այլ քաղաքի պրոբլեմի հետ: Սա մարզպետի ու քաղաքապետի խնդիր չի: Սա ամբողջ Հայաստանի գլխին ծառացած մի մեծ խնդիր է: Եթե հանքը շահագործվի, ամբողջ Հայաստանը լուրջ խնդրի առջև կկանգնի: Նոր մարզի վարչության պետքն էր եկել, փորձում էր համոզել, որ բացենք: Բայց մենք մեր որոշման մեջ հաստատ ենք, չենք բացելու, մինչև հանքի շահագործումը չդադարեցվի»:


Ռադիոլուրը պարզաբանումներ է խնդրել նաև Լիդիան Ինթերնեյշնլ ընկերությունից: Ընկերության փոխտնեօրն Արմեն Ստեփանյանին ի թիվս մի շարք հարցերի, որոնց ամբողջական ռեպորտաժում կանդրադառնանք, հարցրել ենք՝ դիտարկում են արդյոք հանքավայրի շինարարության ու ընդհանրապես հանքի շահագործման դադարեցման հարց, թե ոչ:


«Մենք մեր ընկերությունում, իհարկե՝ ոչ: Երբ ասում եք, որ ջերմուկցիները փակել են ճանապարհը, պետք է ճշտում մտցնել՝ չհնչի ամբողջ համայնքը, բոլոր մարդիկ: Դա իրական չէ: Կան մարդիկ, որոնք, այո դեմ են և ճանապարհը, որ փակել են, դրա մասին է վկայում: Բայց մի ստվար, մեծ զանգված մարդկանց կողմնակից է, կամ չեզոք: Աշխատանքները պետք է շարունակվեն: Կառավարության ամենաբարձր մակարդակով ասել են, որ պետք է ստուգումներ լինեն, մենք սպասում ենք այդ ստուգումներին: Ինչքան շուտ լինի, այնքան ավելի լավ: Մենք վստահ ենք, որ մենք մեր աշխատանքները իրականացնում ենք պատշաճ ձևով»:

Back to top button