ԿարևորՀասարակություն

Ում էր ուղղված վարչապետի գրառումը. Ռադիոլուրին մեկնաբանել է վարչապետի խոսնակը

Հայաստանյան  մի քանի  հեռուստաընկերություններ այսօր «Ռադիոլուրին» հրաժարվել են դիրքորոշում հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա  ֆեյսբուքյան գրառման մասին: 

Փոխարենը՝  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի համար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն  անսպասելի է եղել:

Նա կարծում է, որ լրատվամիջոցներն ունեն իրենց ազատությունը և որևէ իշխանության ներկայացուցիչ՝ վարչապետ, նախարար, հանրային գործիչ միջամտելու, առավել ևս մատ թափ տալու իրավունք չունի:

«Ռադիոլուրի» խնդրանքով ֆեյսբուքյան գրառումը մեկնաբանել է նաև վարչապետի  մամուլի քարտուղար  Արման Եղոյանը:

Այսօր օրվա երկրորդ կեսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ երեկոյան հեռուստաընկերություններին վերաբերող ֆեյսբուքյան իր գրառմանը՝ այն անվանելով ահազանգ։ Մինչ այժմ, ըստ նրա, հեռուստակայաններին տեքստերը, եւ ամեն ինչը,  ասվել է, համապատասխան մարմինների կողմից:

«Ես ընդամենն ուզում եմ, որ այսօրվա իրավիճակը, երբ այդպիսի երևույթ չկա, այդ իրավիճակը ի չարը չօգտագործվի, հակապետական քարոզչություն չարվի: Ես չեմ ուզում կոնկրետ հասցեավորեմ, որովհետև, եթե կոնկրետ հասցեավորեմ, կստացվի, որ ինչ որ մեկին, այսպես ասենք, ուզում ենք թիրախավորել: Ես ընդամենը ահազանգ եմ հնչեցնում, խնդրանք-կոչ եմ հնչեցնում այդպես չվարվել»:

Երեկ երեկոյան  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել.

«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել»։

Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի’ արեք։ Պարզապես մի’ արեք»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանի համար վարչապետի գրառումը  անակնկալ  էր: Դոյդոյանի փոխանցմամբ, այն անակնկալ էր ոլորտի մասնագետների ու ոլորտում ներգրավված մարդկանց համար.

«Չէինք սպասում: Կարծում եմ ավելի շատ, պահի տակ զգացմունքային պոռթկում կարելի է գնահատել, քան խորքային հեռուստաընկերությունների հեռարձակած նյութերի նկատմամբ»:

Դա հենց այն էր, ինչի դեմ էինք  բողոքում  նախորդ իշխանությունների ժամանակ, երբ պետությունը, իշխանությունը ընդհանրապես չպետք է միջամտի լրատվական դաշտի բովանդակությանը՝ ընդգծում է Դոյդոյանը.

«Դա կլինի հաճելի, տհաճ, կլինի քննադատող, արդարացի կամ չարդարացված, իրենց կարծիքով, միևնույնն է պետությունն այստեղ անելիք չունի, բովանդակությունը լրատվամիջոցների ազատությունն է, իրենք են որոշում ինչ, ինչպես՝ իհարկե թույլատվության սահմաններում, եթե օրենքով արգելված  բովանդակությամբ հրապարակում չէ, ուրեմն դա թույլատրելի է՝ նկատի ունեմ, եթե պետական գաղտնիք չեն հրապարակում, կամ զրպարտություն, վիրավորանք այս կամ այն անձի նկատմամբ: Ինձ համար անընդունելի է, բայց կարծում եմ պահի տակ արված պոռթկում է, քան իսկապես խորքային գնահատական՝ ուղղված  լրատվամիջոցների ազատությանը»:

Ավելի շատ լրագրո՞ղ, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքն էր գրառումը՝ հարցնում եմ.

«Չեմ կարծում, եթե լիներ լրագրող Նիկոլ Փաշինյան, նման արտահայտություն դժվար թե թույլ տար իրեն: Բոլորս այն անհանգստությունն ենք հայտնում, մի՞թե վարչապետը մոռացել է, որ ինքը տարիներ շարունակ եղել է ընդդիմադիր լրատվամիջոցի խմբագիր, և ինքը տարիներ շարունակ քննադատել է, արդարացված կամ չարդարացված, իշխանություններին: Դա է եղել իրենց առաքելությունը, և նա չի կարող այժմ դժգոհել այլ լրատվամիջոցից, որը կառավարության այս կամ այն մարմնի գործողություններն է  քննադատում»:

«Լարտվամիջոցներն ունեն իրենց ազատությունը»՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը.

«Եվ որևէ իշխանության ներկայացուցիչ՝ վարչապետ, նախարար, հանրային գործիչ, իրավունք չունի միջամտելու, առավել ևս մատ թափ տալու»:

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  գրառումը ընկալում է որպես էմոցիոնալ արձագանք.

«Սակայն, ամեն դեպքում, այն ձևակերպումը, որ ընտրել էր վարչապետը՝ հակապետական քարոզչություն, շատ անհաջող էր ու երևի անընդունելի, և նույնիսկ ոչ օբյեկտիվ քննադատության դեպքում նույնականացնել  որևէ պաշտոնյայի  պետության հետ, դա բավականին տագնապալի դրսևորում է: Հուսով եմ, որ դա միայն էմոցիաների ազդեցության տակ էր, և չի ենթադրում  համապատասխան վերաբերմունք ընդհանրապես լրատվամիջոցներին»:

Մեր խնդրանքով Նիկոլ Փաշինյանի գրառմանն անդրադարձավ նաև վարչապետի  մամուլի քարտուղարը՝ Արման Եղոյանը: Վստահեցրեց, որ  այդ գրառման հասցեատերը  կամ հասցեատերերը  հասկացել են՝ ում մասին է խոսքը.

«Բոլոր նրանք, ովքեր իրենց չեն համարում  այդ  գրառման  հասցեատեր, անհանգստանալու կարիք չունեն: Բայց նույնիսկ նրանք, ովքեր իրենց համարում են այդ գրառման հասցեատեր, նույնիսկ նրանք անհանգստանալու կարիք այլևս չունեն, որովհետև իրենք էլ հասկացել են՝ ում մասին է խոսքը, և, կարծում եմ, որ խնդիր այլևս չի լինի»:

Հարցին՝ այսինքն սա կոնկրետ դեպքի հետ էր կապված, ասաց՝ թույլ տվեք չմեկնաբանել: Բայց միաժամանակ շեշտեց, որ խոսքը իշխանության քննադատության մասին չէ, փակագծերը բաց  են նրանց համար, ում հասցեագրված էր դա: Հասկանալի է, կարծում եմ, պետք չի շատ անհանգստանալ:

Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանի գրառումը ուղղված էր հեռուստատեսություններին՝ «Ռադիոլուրը» մի քանի հեռուստաընկերությունից փորձեց նաև նրանց տեսակետը լսել: Տարբեր պատճառներով մեր հարցադրումներն անպատասխան մնացին: Նրանք հրաժարվեցին որևէ կերպ մեկնաբանել վարչապետի ֆեյսբուքյան գրառումը:

Back to top button