ԿարևորՀասարակություն

19 պոլիկլինիկայում չարաշահումների վերաբերյալ ահազանգի հետքերով

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության  անդամները բժշկական հաստատությունից ստացված չարաշահումների վերաբերյալ  հերթական ահազանգի հետքերով եղել են  Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող թիվ 19 պոլիկլինիկա:

Ավագանու անդամները շրջել են  բուժհաստատությունում, փորձել ճշտել ահազանգերի հավաստիությունը: Պոլիկլինիկայի  շուրջ աղմուկի հետքերով է գնացել «Ռադիոլուր»-ը:

Բուժաշխատողների ահազանգերով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները թիվ 19 պոլիկլինիկայում ուսումնասիրում են  չարաշահումների վերաբերյալ ահազանգերի  ճշմարտացիությունը: Ահազանգերից մեկը վերաբերում է մամոգրաֆիայի սարքին, որը, ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի պնդմամբ, երբևէ չի աշխատել:

«Մամոգրաֆիայի սարքը մեր ունեցած տեղեկություններով երբևէ չի աշխատել: Իմ ձեռքին կա տարբեր ժամանակահատվածներում կատարված 10 հազար դրամի վճարման կտրոններ: Սրանցից մեկը 2018 թվականի է: Բայց այդ սարքը երբևէ չի աշխատել: Որպեսզի այդ խնդիրը չառաջանա, որովհետև մեր ունեցած  տեղեկություններով նոր սարքը բերվել է, սակայն չի շահագործվել: Ըստ էության որպեսզի այդ խնդիրը կոծկեն, պարբերաբար տպել են  մամոգրաֆիայի այս չեքերը: Ուժշադրություն դարձրեք, որ բոլորի ժամանակահատվածը ամսվա վերջին օրն է»:  


Ավագանու անդամների հետ շրջայցի ընթացքում մամոգրաֆիայի սենյակը աշխատանքային ժամին փակ էր, թեեւ տնօրենը տեղեկացված էր ավագանու այցի մասին: Դավիթ Խաժակյանը փորձեց մամոգրաֆիայի սարքի չաշխատելու վերաբերյալ պարզաբանում ստանալ  բուժաշխատողներից:

«Դուք երբևէ  տեսել եք, որ մամոգրաֆիայի այս սարքն աշխատի: Այն կողմից է դուռը բացվում, այն կողմից են մտնում դուրս գալիս: Իհարկե միացված է եղել այդ ամբողջ սարքերը»:

Սակայն պետք է փաստել, որ  դուռը, որտեղ  մատնանշեց բուժաշխատողը, նստարանով  փակ էր:  Այնուհետև եկավ մամոգրաֆիայի բժշկուհի Արմինե Ղազարյանը։ Ասաց, որ սարքը չի աշխատել 25 օր: Պարբերաբար խնդիրներ են ունեցել  երևակման   հետ կապված: Դավիթ Խաժակյանի՝ վճարման կտրոնների  նույն ժամանակահատվածի վերաբերյալ  հարցադրմանը բժշկուհին պատասխանեց. «չգիտեմ, կարող է զուգադիպել է»:  Երևակման խնդրի հետ կապված բազմիցս են դիմել համապատասխան ծառայություն, սակայն սայլ տեղից չի շարժվել: Բուժական գծով փոխտնօրեն Սուսաննա Նալչաջյանը չգիտեր մամոգրաֆիայի սարքը վերջին անգամ երբ է  աշխատել: Հարցին, որ մամոգրաֆիայի բվշկուհին բազմիցս է դիմել սարքի անսարքության մասին, բուժական գծով փոխտնօրենը պատասխանեց:

«Կարևորը, որ մեր հիմնարկության  տնօրենը  տեղյակ է, եթե տեղեկացրել են»:    

Պոլիկլինիկայի գանձապահ Կարինե Գրիգորյանն էլ չգտավ գրանցամատյանը, որպեսզի ասի, թե մամոգրաֆիայի համար վերջին վճարումը երբ է կատարվել:  Ավագանու անդամներն այնուհետև շրջեցին մյուս կաբինետներով։

Կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ Աշոտ Ահարոնյանը հերքեց բողոքները, թե պոլիկլինիկայի կոմունալ վճարումները բուժաշխատողներին աշխատավարձից է կատարվում։

«Ես իմ բաժնի համար եմ պատասխանատու: Մենք կոմունալի վճարումներ չենք կատարել: Դա արել է հիմնարկը»:

Միայն պոլիկլինիկայի ակնաբույժը  հաստատեց լուրը: Պարբերաբար փորձել է հաշվապահությունից  ճշտել աշխատավարձի չափը կամ ժամանակ առ ժամանակ նկատվող տատանումներն ինչով են պայմանավորված, նրան պատասախանել են, որ ձմռան ամիսներին որոշակի տոկոսներ պահվում են կոմունալ վճարումների համար և դա արվում է օրենքով:

«Ես, օրինակ, ժամանակ է եղել 20-25 հազար դրամի չափով նախորդ ամսվա աշխատավարձի հետ համեմատ փոփոխություն եղելա»:

Պոլիկլինիկայի գլխավոր տնօրեն  Սամվել Սարգսյանն օնլայն հետևում էր իր բուժհիմնարկում կատարվող շրջայցին: Ընդունեց ավագանու անդամներին, լսեց նրանց հարցադրումները: Հակադարձեց ակնաբույժի այն հայտարարությանը, որ հաշվապահությունից են ասել, որ կոմունալ վճարումների համար են պահումներ անում:

«Ոչ ինչպես կարող է պատահել, որ իրենք կատարեն կոմունալ վճարումները»:

Սակայն չափորոշիչով իրենց թույլատրված է, որ ֆինանսատնտեսական վիճակի,  բազմաթիվ ուղղություններով  ծախսերի կանոնակարգման համար  իրականացնեն որոշակի նվազեցումներ, ասում է տնօրենն ու հավելում՝ ինքն էլ  է մտնում նվազեցված աշխատավարձ ստացող  մարդկանց ցուցակում:

Սամվել Սարգսյանը չհերքեց, որ մամոգրաֆիայի սարքը որոշ խափանումներով է  աշխատել:  Դրա համար հորդորել է   քաղաքացիներին՝ մեկ երկու ամիս հետո  կտրոններով մոտենալ՝ ծառայությունը ստանալու համար: «Ելք» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը լսեց տնօրենի մեկնաբանություններն ու ասաց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու դատախազություն:

Back to top button