ԿարևորՔաղաքական

Վարչապետը, փոխվարչապետները և նախարարները երդվեցին (լուսանկարներ)

Այսօր նախագահական նստավայրում, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:

Առաջինն ամբիոնին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը.«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Այնուհետև հերթով երդվեցին կառավարության մյուս անդամները:

Երդման արարողության ավարտին Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի և ժողովրդի:

Կառավարության երդմնակալությունը նորամուծություն է Հայաստանի քաղաքական և պետական կառավարման մշակույթում:

Նախագահի նստավայրում կառավարության երդման արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, որ իրատեսական է համարում մինչև հունիսի վերջ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծ ունենալը: Նրա խոսքով՝ «արտահերթ ընտրությունների անցկացումը առաջնահերթություն է մեզ համար, բայց դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որ մենք պետք է լուծենք»:

«Կառավարությունը պետք է բնականոն գործի, կառավարությունը ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագրեր, ինչը չի նշանակում, որ մեկը մյուսին հակասում է: Ի վերջո այդ արտահերթ ընտրություններում այս կառավարությունը նույնպես հանդես է գալու, թե ի՞նչ ֆորմատով՝ դա արդեն ուրիշ խնդիր է», — հավելեց կառավարության ղեկավարը:

 

Back to top button