Քաղաքական

Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև կքննարկվի

Երեկ երեկոյան իսրայելական ԶԼՄ-ները տարածեցին կրթության եւ գիտության նախարար Նաֆտալի Բենետի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին կոչը, որով նախարարը պաշտոնապես դիմում է Կնեսեթի նախագահին, Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումն Իսրայելի կողմից օրինականացնելու համար:

Այսպիսով, կրկին լարված թուրք-իսրայելական հարաբերութունների ֆոնին Անկարան Ցեղասպանության ճանաչումը օգտագործում է որպես մահակ: Ցեղասպանագետ, գերմանացի պատմաբան, թուրքական արխիվներն առավելագույնս հետազոտող Հիլմար Կաիզերին այսօր «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասախան նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այեւս գիտական ապացուցման կարիք չունի, եւ այն այո, շուրջ 30 տարի օգտագործվում է քաղաքական նպատակներով, եւ այս գործընթացից անմասան չէ Թել-Ավիվը:

Գերմանացի պատմաբան Հիլմար Կաիզերը թուրքական արխիվներն առավելագույնս հետազոտել ու բարձրաձայնում է, որ 2009 թվականից Հայոց ցեղասպանության իրողության  գիտական քննարկումներն ավարտվել են, որի արդյունքում անշրջելի վկայություն են հենց օսմանյան փաստաթղթերը,որ մեկ միլիոն 400 հազար մարդ Թուրքիայում բնաջնջվել է, իսկ կատարվածը, ըստ պատմաբանի, Թուրքիայում ապրող հայերի «տոտալ ոչնչացում է», սպանդ, ցեղասպանություն: Այսօր Ցեղասպանությունը գիտական հարթությունից տեղափոխվել է քաղաքական տիրույթ, որն օգտագործվում է երկրների կողմից, այդ թվում Իսրայելի:

«Չեմ կարծում, որ Իսրայելում կա, որ գոնե մեկ հատ լուրջ պատմաբան, գիտնական, որը կասկածի տակ դնի Հայոց ցեղասպանութունը: Ընդհակառակը, Իսրայելը մի տեղ է, որտեղ ցեղասպանության շատ հետազոտություններ են տեղի ունենում, ավելին՝ գիտական դաշտի ներկայացուցիչները շատ ակտիվ զբաղվում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրմամբ, պատմաբանները մասնակցում են միջոցառումներին եւ երկակիություն չեն ցուցաբերում: Խնդիրը վերաբերում է Իսրայել պետությանը, որը հրաժարավում է ճանաչել քաղաքական նկատառումներով, գոնե առ այսօր»:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելում կրկին ակտիվացել է: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության պատգամավորներից Ամիր Օհանայի և «Սիոնիստական միություն» կուսակցությունից պատգամավոր Իցիկ Շմուլինի կողմից պատրաստվող բանաձևի ընդունման դեպքում Իսրայելը կդառնա Հայոց ցեղասպանությունը ճանաչած 30-րդ երկիրը, այսօր գրել է  Jerusalem Post-ը ։ Պատգամավորները չեն թաքցրել, որ բանաձևի պատրաստման և խորհրդարանին ներկայացման գլխավոր պատճառներից մեկը Գազայի դեպքերից հետո Թուրքիայի պահվածքն ու դրա հետևանքով թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած լարումն է։

Երուսաղեմաբնակ Հակոբ Անդրեասյանը հայ- իսրայելական հարաբերությունների մերձեցման, եւ Կնեսետում Հայոց ցեղասպանոթյան ճանաչման հարցը կրկին օրակարգ բերելու նախաձեռնության վերաբերյալ լավատեսական կարծիք չունի:

«Իմ կարծիքով, այսքան հետեւել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այդքան էլ հարկավոր չէ։ Որքան հետեւենք՝ իրենք այդքան կօգտագործեն այն իրենց շահերի համար: Իսրայելի ժողովուրդը գիտի եւ ընդունել է ցեղասպանութունը: Մնացածը քաղաքական հարց է, որը կապված է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Քանի դեռ նրանց հարաբերությունները լավ են՝ մենք հույս չենք կարող ունենալ»:

Այսպիսով քաղաքական տիրույթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարց, որպես դամոկլյան սուր օգտագործվում է թուրք-իսրայելական հարբերություններում: «Ռադիոլուր»-ն այսօր զրուցել է նաեւ հրապարակախոս, լրագրող Ցվի Զիլբերի հետ, ով դատապարտում է Անկարայի պոռթկումը եւ հայտարարությունները, որ Գազայում տեղի է ունեցել ցեղասպանություն, հիշեցնում է թուրքերին՝ թե ի՞նչ է ցեղասպանութունը:

«Երբ Էրդողանը ոչնչացնում է հարյուր, հազարավոր քրդերին ոչ մեկ դա ցեղասպանություն չի համարում: Իսկ երբ, որ ՀԱՄԱՍԸ Գազայի հատավածում սադրիչ գործողությունների է դիմում, եւ խեղճ, անզեն պաղեստինցեիներին փշալերի դեմ որպես վահան է կանգնեցնում՝ իսրայելական զիուժի դիմաց, այս դեպքում բղավում է, որ ցեղասպանություն է: Իսկ ով ով, բայց Թուրքիան պետք է լռի ցեղասպանության մասին, իսկ ով, ով, բայց ցեղասպանոթյան մասին հայերը գիտեն:  Էրդողանը Իսրայելի, հրեանների նկատմամբ ցուցաբերում է կրոնական ատելություն, իսկ վերջին 10-ը տարում երկուստեք հարաբերութուններ որպես այդպիսին չկան»:

Հայոց ցեղասպանոթյան բանաձեւի հեղինակ, իսրայելցի պատգամավորը հայոց ցեղասպանությունից բացի, նույնպես թուրքերին հիշեցրել է քրդերի, ասորիների մասին շեշտելով, որ բարոյական դասեր չեն ընդունի մի պետությունից, որը այս ազգերի պատմական վախի պատասխանատուն է հանդիսանում:

Back to top button