ԿարևորՔաղաքական

Պատերազմի միակ զսպող ուժը մեր հզորությունն է. Թեւան Պողոսյան

Բլոգերների եւ լրագրողների հերթական խումբն այսօր Հայաստանից մեկնել է Արցախ՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Խմբի մեջ ընդգրկվել են բլոգերներ եւ լրագրողներ Լատվիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Ալժիրից եւ Ռուսաստանից: Այս այցով նրանք հակադարձում են Ադրբեջանի՝ Արցախ այցելող օտարերկրացի բլոգերների եւ լրագրողների նկատմամբ հնչեցված սպառնալիքներին:

Նման սպառնալիքներ Ադրբեջանից հնչել են հատկապես հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կապված պատմությունից հետո: Հայտնի բլոգերին Արցախ այցելելու եւ իր տպավորությունները հրապարակելու համար Ադրբեջանի պահանջով ձերբակալեցին Բելառուսում, հանձնեցին Ադրբեջանին, ապա որոշ ժամանակ անց ազատ արձակեցին:

Այսպիսով, չնայած ադրբեջանական սպառնալիքների, Արցախ այցելելու ցանկություն ունեցողների թիվը, գնալով, ավելանում է: Շարունակվում են նաեւ Ալիեւի կողմից հերթական սպառնալիքները, որոնց, ըստ վերլուծաբանների, պետք չէ հումորով վերաբերել:

Արցախի 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար ԼՂՀ այցելած բլոգերների եւ լրագրողների խմբին ուղեկցողներից քաղաքական վերլուծաբան Գեւորգ Մելիքյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ որքան ուժեղանում են Ադրբեջանական կողմից սպառնալիքներն ու ճնշումները, այնքան ավելանում է տարբեր երկրների բլոգերների եւ լրագրողների՝ Արցախ այցելելու ցանկությունը:

Օրերս Ադրբեջանի նախագահը հնչեցրեց իր հերթական սպառնալիքները՝ հայտարարելով, թե Երեւանը իրենցն է: Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նկատում է, որ դա բացահայտ սպառնալիք է համայն հայությանը եւ դա ոչ թե նախընտրական, պոպուլիստական հայտարարություն է, այլ պետական քաղաքականություն, որը նոր չէ որդեգրվել:

Վերլուծաբանը կարծում է, որ նման հայտարարություններին պետք չէ հումորով վերաբերել: Համոզված է, որ իշխանություններն այդ հետեւություններն արել են եւ այդ մասին, նրա կարծիքով, խոսում են այն արձագանքները, որոնք հետեւեցին Ալիեւի վերջին հայտարարություններին:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանի խոսքով՝ պետք է հաշվի առնենք` Ադրբեջանում հայտարարում են, որ սա հակամարտություն չէ, այլ պատերազմ է և իրենք պատերազմի կողմ են:

«Չգիտեմ`  ինչու ենք մենք ամեն ինչ անում դիվանագիտության հարցում պուպուշիկ թվալու համար»:

Ըստ Թեւան Պողոսյանի՝ Ադրբեջանը որ վայրկյանին հասականա, որ ինչ-որ բանով ավելի է հայկական կողմից՝ կգնա սրացումների, անկախ նրանից` իր երկրում ընտրություններ են, թե ոչ:

«Պատերազմի վտանգը միշտ կա և դրա միակ զսպող ուժը դա մեր հզորությունն է»:

Խոսելով համանախագահների տարածաշրջանային այցի մասին՝ Թևան Պողոսյանը նկատեց, որ սա նախապես պայմանավորվածություների շրջանակում նրանց հերթական այցն է, իսկ վերջում էլ համանախագահները հայտարարություն կանեն, որը նման կլինի իրենց նախորդ հայտարարություններին՝ կողմերին զսպվածության կոչ անելու: Վերլուծաբանը կարծում է, որ հարցին լուծում չկա, իսկ ժամանակը կլինի նրա օգտին, ով ճիշտ կօգտագործի այն՝ ճիշտ կկատարի իր տնային աշխատանքը՝ ավելի հզոր լինելու համար:

Back to top button