ԿարևորՀասարակություն

Կառավարությունն ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող որոշումը

հրապարակված 12.13
լրացված 16.14

Ուժ, կորով ու ավյուն. 2018թ կառավարության առաջին նիստն այսօր փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն այս մաղթանքով է սկսել։

Վարչապետ Կարեն Կարապետյանը արձակուրդում է:  Այդուհանդերձ, գործադիրի այս տարվա առաջին նիստում վերջնականապես հաստատվել է   վերջին ամիսներին խնդրահարույց համարվող ու բազմաթիվ բողոքի ակցիաների առիթ դարձած նախագծերից մեկը:

2018թ ապրիլի 1- ից Հայաստանում  կարգելվի  աջակողմյան մեքենաների ներկրումը: Խնդրահարույց որոշման նախագիծը հաստատվեց այսօր՝ կառավարության այս տարվա առաջին նիստում: Այս նախագծի պատճառով նախորդ տարին բողոքի ակցիայով ավարտվեց, 2018թ աշխատանքային տարին բողոքի ակցիայով սկսվեց: Ստեղծված «Աջ ղեկ» նախաձեռնության  անդամները ներկայացրեցին իրենց առաջարկությունները, դրանք  քննարկվեցին ու վերջնական տեսքի բերվեցին:

Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը փոխանցեց վթարների վիճակագրությունը։ Ըստ  ոստիկանության ու ապահովագրական ընկերությունների տվյալների՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները 28 տոկոսով ավելի են։

«Վիարվորների քանակը մոտ 39 տոկոսով է ավել»:

Եվ այսպես, պաշտոնական հայտարարությունների համաձայն, հաշվի առնելով  քաղաքացիների անվտանգությունը, ու ոչ միայն, կառավարությունը որոշեց:

«Արգելել աջակողմյան ղեկային կառավարման համարգ ունեցող մեքենաների հաշվառումն ու շահագործումը 2018 ապրիլի 1-ից:

Նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև 2018թ ապրիլի 1- ը ներմուծված մեքենաների վրա՝ հստակեցրեց  նախարարը:  Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նորից հստակեցրեց.

«Այսինքն,  ոչ միայն այն քաղաքացիները, որոնք ունեն նման մեքենաներ, այլև նրանք, որոնք պատվիրել են, օրինակ՝ այդ մեքենաները կհասնեն հաջորդ շաբաթ կամ մեկ ամիս հետո, ապա նրանց վրա ևս կտարածվի այս որոշումը»:

«Այո, մինչև ապրիլի մեկը ՀՀ մտած ու հաշվառված մեքենաների վրա ոչ մի սահմանափակում չի լինելու»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:

Այսպիսով` իրավական ակտերի՝  e-draft.am  կայքում տեղադրված ու մոտ մեկ ամիս քննարկված նախագիծը, որին կողմ է ինտերնետային հարցման մասնակիցների 20, դեմ՝ 80 տոկոսը, փոփոխություններով հաստատվեց: Այն  կհամարվի հրատապ ու կներկայացվի ԱԺ: Գո՞հ են արդյոք «Աջ ղեկ» նախաձեռնության  անդամները՝ հարցնում եմ համակարգող Գևորգ Աճեմյանին:

«Աջ ղեկ» նախափեռնությունը իր հիմնական թիրախներից մեկին հասել է՝ վերահաշվառման արգելքը վերացել է»:

Սակայն զրուցակիցս մտահոգություններ ունի՝ գուցե ներմուծող կազմակերպությունները ցանկանան շարունակել պայքարը։ Այդ դեպքում նախաձեռնությունը կկանգնի նրանց կողքին։ Իսկ մինչ այդ՝ փոխզիջումային այս նախագիծն ընդունելի է: Ներմուծող ընկերությունների դիրքորոշումն այս պահին հստակ չէ։

Back to top button