Հանրապետությունում շրջանառվում է գրիպի B տեսակը


Հանրապետությունում ներկայումս շրջանառվում է գրիպի B տեսակը և շնչառական այլ վարակների հարուցիչներ, որոնց նկատմամբ առավել խոցելի են երեխաները:
Հայաստանում հիվանդանոցային բուժում է ստանում գրեթե 600 հիվանդ, սակայն մեծամասնությունը բուժումն ստանում է երևանյան մանկական հիվանդանոցներում:
Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում մոտ մինչեւ 2 տարեկան 50 երեխա: «Ռադիոլուրը» շրջել է մանկական հիվանդանոցում և տեղում արձանագրել պատկերը:
9 ամսական Ադելինան և 1 տարեկան Անին հիվանդանոց են ընդունվել հունվարի 4-ին նույն ախտանշաններով՝ բարձր ջերմություն, հազ, քթերից հոսք: Վիրուսը երեխաների մոտ ուղեկցվել է բարդությունով, որն արդեն ախտորոոշվել է Մուրացանի անվան մանկական հիվանդանոցում:
«4 օր ջերմեց, մտածեցի վիրուս է, սակայն հիվանդանոց ընդունվելուց ռենտգեն հետազոտությունը ցույց տվեց, որ թոքաբորբ է: Հիմա արդեն լավ է, կազդուրվում է: Սա էլ 1.2 տարեկան Աինին է, ախտորոշվել է թոքաբորբ»:
«Մուրացան» հիվանդանոցային համալիրում շրջայցի ժամանակ պարզեցի՝ բոլոր հիվանդասենյակները ծանրաբեռնված են: Տեսածս փաստեց նաև Մուրացան մանկաբուժական կլինիկայի ղեկավար Նունե Բաղդասարյանը: Ավելին, նշեց, որ իրենց բաժանմունքը ծանրաբեռնված է արդեն մեկ ամիս և իրավիճակը կապված է սուր վարակիչ հիվանդությունների տարածվածության հետ: Տոնական 8 օրերի ընթացքում բուժսպասարկում են ցուցաբերել մոտ 200 երեխայի:
Նույնիսկ եղել են դեպքեր, երբ հիվանդներին առաջին օգնություն ցուցաբերվելուց հետո ուղարկել են տուն ազատ հիվանդասենյակ չունենալու պատճառով: Ինչպես առողջապահության նախարարությունից հայտնեցին, այնպես էլ մանկաբույժ զրուցակիցս հաստատեց՝ այս պահին ծանր դեպքերով հիվանդներ չկան:
«Ծանր դեպքերը ինչու՞ այդքան շատ չեն: Որովհետև ախտորոշվում է վաղ և ժամանակին ցուցաբերվում է օգնություն: Հակառակ դեպքում՝ աննախադեպ կլիներ ծանր դեպքերի թիվը: Ծանր դեպքեր ունեցել ենք, սակայն պետք է ասեմ, որ մեզ մոտ շատ արագ ենք կողմնորոշվում և շատ արագ ու արդյունավետ է կազմակերպվում բուժումը»:
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանի տվյալներով՝ սուր շնչառական վարակներով ստացիոնար պայմաններում բուժվողների շրջանում դիտվում է աշխուժացում: Հիվանդների մեծամասնությունը կազմում են մինչեւ 2 տարեկան երեխաները:
«Այս պահի դրությամբ ծայրահեղ ծանր կամ արհեստական շնչառական ապարատի տակ գտնվող հիվանդներ չունենք: Իրավիճակն անընդհատ փոփոխվում է: Ունենք դուրսգրումներ, ունենք նոր ընդունվողներ, սակայն իրավիճակը վերահսկելի է»:
Շտապօգնության ծառայության պետ Թագուհի Ստեփանյանն էլ իր հերթին փաստեց, որ տոնական օրերին եղել են 600- ից քիչ ավելի (638) մանկական կանչերը, հիվանդանոց է տեղափոխվել մոտ 200 (189) երեխա: Նախորդ տարիների համեմատ՝ այս տարվա հունվարին կանչերի թիվն ավելացել է, ինչը պայմանավորված է սուր շնչառական վարակների տարածվածությամբ:
«Այսօրվա դրությամբ բռնկման դեպքեր չկան, զուտ կանչերի քանական է ավելացել»:
Գրիպն անտեսելու դեպքում այն կարող է բարդությունների հանգեցնել հատկապես խոցելի խմբերի շրջանում՝ ասում են մասնագետներն ու հորդորում‘ առաջին ախտանշանների դեպքում դիմել բժշկի, խուսափել ինքնաբուժումից: Գրիպի դեմ պատվաստանյութերն էլ առկա են պոլիկլինիկաներում: